Արծուիկ Մինասեան. Դովիլեան յայտարարութեան մէջ մենք ուղերձ ենք տեսնում


Արծուիկ Մինասեան. Դովիլեան յայտարարութեան մէջ մենք ուղերձ ենք տեսնում

  • 27-05-2011 14:55:15   | Հայաստան  |  Քաղաքական
Ֆրանսիայի Դովիլ քաղաքում նախօրէին կայացած Մեծ ութնեակի գագաթնաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաh երկրների նախագահներ Դմիտրի Մեդուեդեւի, Բարաք Օբամայի եւ Նիկոլայ Սարկոզիի` ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ համատեղ յայտարարութեան մէջ, ցաւօք, չկայ տարանջատում` Հայաստանի եւ Ադրբեջանի վարքագծի վերաբերեալ, եւ ,ըստ էութեան, հաւասարութեան նշան է դրուած երկու կողմերի համար: Այս կարծիքը մայիսի 27-ի ճեպազրոյցում յայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան անդամ Արծուիկ Մինասեանը` յաւելելով, որ սա «անընդունելի տարբերակ է, յատկապէս` Ադրբեջանի ագրեսիւ պահուածքի ներքոյ եւ անընդհատ խախտուող զինադադարի պայմաններում»: Ըստ նրա, յայտարարութեան տրամաբանութիւնից բխող յաջորդ ուշագրաւ արձանագրումն այն է, որ, բացառութեամբ վերջին պարբերութեան, փաստաթղթում անընդհատ օգտագործւում է «կողմեր» հասկացութիւնը: «Այստեղ է, որ մենք ուղերձ ենք տեսնում, որ Հայաստանը կարող է եւ պէտք է պահանջի, որ այլեւս Լեռնային Ղարաբաղը չի կարող չմասնակցել այս գործընթացին»,-եզրակացրեց Ա.Մինասեանը: Նրա մատուցմամբ, երրորդ ուղերձն այն է, որ եռանախագահները հաւանութիւն էն տալիս Ռուսաստանի գործողութիւններին, եւ պատահական չէ, որ ակնկալում էն յունիսին Կազանում որոշակի համաձայնութեան ձեռքբերում: «Մենք ընդհանուր առմամբ եթէ գնահատելու լինենք այս փաստաթուղթը, ինչպէս նախկինում նշել ենք, այդ համաձայնութիւնները մեր համար բազմաթիւ առումներով ընդունելի չէն կարող լինել, բայց նաեւ կարեւոր ենք համարում, որ այս երեք ուղերձների մասով մենք կարողանանք մեր արտաքին դիւանագիտութեանը կամ քաղաքականութեանը ճշգրիտ ուղղորդում տալ»,-ասաց Ա.Մինասեանը: Խմբակցութեան քարտուղար Արտիւշ Շահբազեանն էլ յաւելեց, որ իր կարծիքով, յայտարարութեան մէջ առկայ յորդորը` նախապատրաստել հասարակութիւններին, հիմնականում վերաբերում է Ադրբեջանին, որի «հասարակութիւնը ներշնչուել է, որ որեւէ զիջում չի լինելու եւ Ղարաբաղն էլ մնալու է Ադրբեջանի կազմում»: Ըստ նրա, հայկական կողմը եւս անհամաձայնութիւններ ունի` կապուած ազատագրուած տարածքների հետ. «մենք չենք կարող նման զիջումների գնալ, ինչպէս նաեւ փախստականների վերադարձ եւ այլն»: Պատգամաւորի համոզմամբ, պէտք չէ մոռանալ, որ Լղ-ի տարածքների մի մասն Ադրբեջանի կողմից այսօր էլ մնում է օկուպացուած, ուստի հայկական կողմը «չպէտք է շտապի ամէն անգամ, երբ համանախագահողները բերանը բացում, մի երկու բառ էն ասում», անմիջապէս ողջունի, այլ պէտք է բարձրաձայնի իր խնդիրները: «Այնպէս չէ, որ հայ հասարակութիւնը պէտք է ծափողջոյներով այս ամէն ինչն ընդունի` մենք լուրջ խնդիրներ ունենք»,-ասաց Ա.Շահբազեանը:
  -   Քաղաքական