Ստեղծվել է երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն


Ստեղծվել է երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն

  • 01-12-2011 16:10:15   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Դեկտեմբերի 1-ի նիստում Հայաստանի կառավարությունը որոշել է ստեղծել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ եւ հաստատել դրա կանոնադրությունը։ Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են ազգային երիտասարդական քաղաքականության շրջանակում արդյունավետ եւ նպատակային պետական երիտասարդական ծրագրերի իրականացումը, երիտասարդների առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաեւ երիտասարդական հասարակական նախաձեռնությունների սատարումը եւ այլն։ Կառավարության որոշմամբ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Կոտայքի մարզի Աղվերան գյուղում գտնվող ռադիոհսկման եւ ռադիոուսուցման կենտրոնի շենքը, շինությունները որպես պետության կողմից գույքային ներդրում հանձնվել են «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին։ Վերջինս պարտավոր է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հայցի հիման վրա գույքն անհատույց տրամադրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին` երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերի եւ միջոցառումների կազմակերպման, նաեւ սփյուռքից, այդ թվում` «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած երիտասարդության հյուրընկալման համար։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ձեւավորման հայեցակարգին, հաստատել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2012/2013 թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը։ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ զինվորական կցորդների, միջազգային կազմակերպություններում ՀՀ զինված ուժերի, ՀՀ ՊՆ ներկայացուցիչների կանոնակարգը, որի կիրառումը հնարավորություն կընձեռի առավել թափանցիկ կազմակերպել այդ պաշտոնյաների աշխատանքը, կնպաստի ՀՀ կողմից իրականացվող միջազգային ռազմաքաղաքական համագործակցության նկատմամբ վստահության ամրապնդմանը։ Գործադիրն ավելացրել է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալը եւ նվազեցրել 2010թ. գործունեության արդյունքով ՀՀ 2011թ. պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի չափը։ Որոշումը կնպաստի անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութերի ներկրմանը, ուստի եւ երեխաների շրջանում անվտանգ եւ որակյալ պատվաստումների իրականացմանը։ Կառավարությունն իր նիստում հաստատել է հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդությունների ցանկը։ Մինչեւ այս որոշումը խնդիրը իրավական որեւէ ակտով կարգավորված չի եղել։ Հաջորդ որոշմամբ քրեակատարողական ծառայողի լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդությունների ցանկից հանվել են ՄԻԱՎ-ը եւ ՁԻԱՎ-ը՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ նշված անձինք անմիջականորեն չեն վտանգում բնակչությանը եւ հիվանդությունն էլ չի փոխանցվում կենցաղային ճանապարհով։ Բացի այդ, հնարավոր կլինի ապահովել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների իրականացումը։
  -   Տնտեսութիւն