Կը մեծանայ էներգահամակարգի յուսալիութիւնը


Կը մեծանայ էներգահամակարգի յուսալիութիւնը

  • 01-12-2011 16:16:20   | Հայաստան  |  Հասարակութիւն
Դեկտեմբերի 1-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծին, որի ընդունմամբ կմեծանա էներգահամակարգի հուսալիությունը, կստեղծվեն ջերմաէներգետիկայի եւ արեւային էներգետիկայի զարգացման լրացուցիչ խթաններ։ Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը թելադրված է վերարտադրողական նոր տեխնոլոգիաների կիրառման հետեւանքով առաջացող խնդիրների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ։ Նախագծի վերաբերյալ գործադիրը սկզբունքային առարկություն չի ներկայացրել։ Կառավարությունը քննության է առել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։ Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձի նկատմամբ կիրառել քիմիական եղանակով ամլացում(կաստրացիա)։ Հեղինակի պարզաբանմամբ օրինագիծն ուղղված է վերջին շրջանում տարածված մանկապղծության երեւույթի դեմ։ Կառավարությունն սկզբունքային առարկություն չունի, սակայն նպատակահարմար է համարում ամլացումը դիտարկել ոչ թե որպես պատիժ, այլ որպես հանցագործության կանխման միջոց։ ՀՀ կառավարությունը քննարկել է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես են եկել Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են սահմանել մի շարք տոներ։ Կառավարությունն իր հերթին ունի առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը։ Իսկ ահա ԱԺ մեկ այլ խումբ պատգամավորների՝ ապրիլի 7-ը ոչ աշխատանքային օր հռչակելու օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունը նպատակահարմար չի համարում։ Գործադիրը դեմ է նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը, որով հանդես է եկել Ազգային Ժողովի պատգամավոր Ռուզան Առաքելյանը։ Պատճառաբանությունն այն է, որ լրացումը ենթադրում է լրացուցիչ միջոցների հատկացում, ինչը չի նախատեսված 2012թ. պետբյուջեի նախագծում եւ այլ փաստաթղթերում։ Կառավարության որոշմամբ անհետաձգելի է համարվել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։ Վերը նշված օրինագծերը եւ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
  -   Հասարակութիւն