Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգության» ներկայացուցիչները այցելել են Վայոց ձորի մարզ


Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգության» ներկայացուցիչները այցելել են Վայոց ձորի մարզ

  • 01-12-2011 19:51:13   |   |  Հասարակութիւն

Նոյեմբերի 30-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, քարտուղար Կարինե Հակոբյանը եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը այցելել են Խաչիկ գյուղ: Ըստ «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրության, հանդիպումը տեղի է ունեցել երբեմնի մշակույթի տան, իսկ այսօր կիսաքանդ շենքի դահլիճում: Բնակիչները խոսել են գյուղի խնդիրներից. նրանք մտահոգված էին, որ երիտասարդները հեռանում են` գյուղում ապագա չտեսնելու պատճառով: Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգության» ներկայացուցիչներն իրենց ելույթներում մատնանշել են այն ուղիները, որով Խաչիկ գյուղը եւ բոլոր մյուս գյուղերը կարող են դուրս գալ աղքատության վիճակից: Դա գյուղական համայնքներին պետական բյուջեից հատկացվող գումարների էական ավելացումն է, սահմանամերձ գյուղերի հարկային բեռի թեթեւացումը եւ որոշ հարկերից լրիվ ազատումը, գյուղատնտեսական դրամաշնորհային ծրագրերի իրականացումը, պետական միջոցների տրամադրումը երիտասարդ ընտանիքներին` գյուղում տուն կառուցելու համար: Այդ բոլոր պետական միջոցառումներն անհրաժեշտ են, որպեսզի գյուղերը ոտքի կանգնեն, տնտեսություն զարգացնեն, եկամուտ եւ շահույթ ունենան եւ որից հետո արդեն կարողանան հարկեր վճարել: Քսան տարի է` ոչինչ չի կառուցվում ռազմավարական նշանակություն ունեցող այդ գյուղում: Միակ ուրախալի նորությունը դպրոցի շենքի հիմնանորոգումն է սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով: Հաջորդ հանդիպումները կայացել են Վայք եւ Եղեգնաձոր քաղաքներում: Մասնակիցներից շատերի ելույթներում անդրադարձ է եղել հանրապետությունում տիրող վախի եւ զգուշավորության մթնոլորտին: Եղեգնաձորի բնակիչները մտահոգ էին եւ բողոքում էին հասարակությունը դպրոցից մինչեւ քաղաքապետարաններ ու գյուղապետարաններ կուսակցականացնելու երեւույթի դեմ: Ուշ երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգության» ներկայացուցիչները վերադարձել են Երեւան:
  -   Հասարակութիւն