ԼԱՐՈՒԱԾՈՒԹԻՒՆՆ ԱՃՈՒՄ Է


ԼԱՐՈՒԱԾՈՒԹԻՒՆՆ ԱՃՈՒՄ Է

  • 02-12-2011 06:49:14   | Հայաստան  |  Յօդուածներ
Այս տարվա նոյեմբերի 4-ին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հանդես եկավ հայտարարությամբ, թե իրանական հարցի լուծման գործում հրեական պետությունն աստիճանաբար հակվում է ռազմական տարբերակի օգտին: Վերջին մի քանի տարիներին Իրանի շուրջ միջազգային լարվածության աճի եւ նվազման ֆոնին բազմաթիվ են եղել հայտարարությունները եւ հրապարակումներն իրանական հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Սակայն Պերեսի հայտարարությունը տարբերվում է այն առումով, որ առաջին անգամ է իրանական հարցի ռազմական լուծման մասին այդպես ուղղակի կերպով խոսվում նման բարձր` պաշտոնական մակարդակով, եւ խոսում է մի երկրի նախագահ, որը հայտնի է իր ռազմական, հետախուզական եւ դիվանագիտական կարողություններով: Իսրայելի նախագահի հայտարարությունն, անշուշտ, վկայում է, որ Թել Ավիվում նպատակ ունեն մեծացնել ճնշումը Թեհրանի նկատմամբ: Բայց եթե որոշում է կայացվել, որ նման կարգի հայտարարություն պետք է անի պետության գլուխը, դա կարող է նշանակել, որ իրանական հարցի շուրջ իրավիճակ է փոխվում, ընդ որում՝ ոչ միայն Իսրայելի համար: Հաշվի առնելով հրեական պետության կապերը Միացյալ Նահանգների ու եվրոպական առաջատար պետությունների հետ եւ մյուս կողմից՝ հարցի կարեւորությունը մերձավորարեւելյան ընդհանուր գործերում` Շիմոն Պերեսի հայտարարությունը դժվար թե նախապես համաձայնեցված չլիներ Իսրայելի դաշնակից կամ գործընկեր երկրների հետ: Իրավիճակային դիտարկում Իրանի շուրջ իրավիճակը սկսեց փոխվել, եւ ընդ որում` կտրուկ փոխվեց այս հոկտեմբերից: Հոկտեմբերի 12-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարեց, թե ամերիկյան անվտանգության մարմինները կանխել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գործակալների` Մանսուր Արբաբսիյարի եւ Ղոլամ Շոքուրի1 կողմից ծրագրվող՝ Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ-Ջուբերիայի սպանությունը: Չնայած պաշտոնական Թեհրանը հերքեց մեղադրանքները, սակայն արդեն երկու օր անց հայտարարությամբ հանդես եկավ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, որը, Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլահի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո, հայտարարեց, թե ԱՄՆ-ն իր դաշնակիցների ու գործընկերների հետ ջանքեր է գործադրելու, որպեսզի Իրանը «գին վճարի» Վաշինգտոնում սաուդական դեսպանի սպանությունը ծրագրելու համար: Հաջորդ շաբաթներին հետեւած մի շարք իրադարձություններ կասկած չթողեցին, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցներն Իրանի նկատմամբ գործադրում են դիվանագիտական, տեղեկատվական ու հոգեբանական լուրջ ճնշում: Նախ աղմկոտ հրապարակումներով հանդես եկան բրիտանական երկու հեղինակավոր պարբերականներ, որոնք հայտնի են Միացյալ Թագավորության հետախուզական եւ ռազմական շրջանակներում իրենց կապերով: Նոյեմբերի 2-ին The Guardian-ը, հղում կատարելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում իր աղբյուրներին, գրեց, թե բրիտանական զինված ուժերն արագացրել են Իրանի դեմ ռազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքները, եւ պատճառ են հանդիսացել իրանական միջուկային ծրագրի ընթացքի վերաբերյալ ստացված հետախուզական նոր տեղեկությունները: Ըստ այդմ` միջազգային պատժամիջոցներն էական ազդեցություն չեն ունեցել Իրանի միջուկային ծրագրի ընթացքի վրա, եւ Թեհրանի հաջողությունները միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ կարող են առաջիկա ամիսներին հարկադրել ԱՄՆ-ին ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ: Այդ պարագայում, The Guardian-ի աղբյուրների համաձայն, Վաշինգտոնը դիմելու է Լոնդոնի օգնությանը: Ուստի, ինչպես նշվեց, բրիտանացիները որոշում են կայացրել արագացնել Իրանի դեմ ռազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքները` ծրագրելով, որ Իրանի դեմ ռազմական կամպանիային մասնակցելու են ռազմածովային ուժերը, օդուժը եւ հատուկ նշանակության ջոկատները («լիբիական սցենար»): Այս հրապարակումից մոտ մեկ շաբաթ անց լոնդոնյան մեկ այլ պարբերական` The Daily Mail-ը, հանդես եկավ ոչ պակաս ուշագրավ նյութով: Նոյեմբերի 10-ին թերթը գրեց, որ բրիտանական արտաքին գործերի նախարարության աղբյուրները փոխանցում են, որ մինչեւ Սուրբ ծնունդ կամ առնվազն մինչեւ գալիք տարվա սկզբներ Իսրայելը` ԱՄՆ թիկունքային աջակցությամբ, ռազմական հարվածներ կհասցնի Իրանին` կանխելու վերջինիս միջուկային ծրագրի առաջընթացը: Ուշագրավ է, որ The Daily Mail-ի հրապարակումից մեկ օր առաջ` Միացյալ Թագավորության արտգործնախարար Ուիլյամ Հագը բրիտանական խորհրդարանում հայտարարեց, թե Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը Մերձավոր Արեւելքում կհանգեցնի սպառազինությունների մրցավազքի, եւ այդ պարագայում դժվար կլինի Սաուդյան Արաբիային ու Թուրքիային հետ պահել միջուկային զենքերի ստեղծումից: Նոյեմբերի 11-ին հարցի վերաբերյալ ուշադրություն գրավող հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան, որը մինչ այդ զբաղեցնում էր Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի աթոռը: Ըստ Պանետայի, Իրանի նկատմամբ ռազմական հարվածը կարող է միայն հետ գցել նրա միջուկային ծրագիրը, բայց ոչ վերացնել այն, եւ որ նման հարվածը կարող է ունենալ «չնախատեսված հետեւանքներ»: ԱՄՆ պաշտպանության նախարարի հայտարարության կապակցությամբ նշենք, որ այստեղ կարեւորն, իհարկե, նրա գնահատականը չէ, այլ այն, որ Պանետան իր այդ խոսքերով լրջություն հաղորդեց Իրանի դեմ արեւմտյան լրատվամիջոցներում հայտնվող հրապարակումներին: Սակայն Հագի եւ Պանետայի խոսքերը միակ բանը չէին, որ «ուղեկցեցին» բրիտանական պարբերականների հրապարակումները: Իսրայելական աղբյուրները գրեցին, թե հոկտեմբերի վերջին գաղտնի այցով Թել Ավիվում էր Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետ Դեւիդ Ռիչարդսը, որը բանակցություններ է վարել իսրայելցի իր գործընկեր Բենի Գանցի հետ: Իսկ նոյեմբերի 2-ին Լոնդոն մեկնեց Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, որն այնտեղ հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների, ինչպես նաեւ բրիտանական հետախուզության ղեկավարության հետ: Այդ այցերի կապակցությամբ իսրայելական «Մաարիվ» թերթը նոյեմբերի 3-ին գրեց, որ Լոնդոնն ու Թել Ավիվը քննարկում են Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության հանգամանքները: Նշված հրապարակումներին զուգահեռ` հոկտեմբերի վերջին Իսրայելի օդուժը` ՆԱՏՕ-ական մի շարք երկրների օդուժերի հետ համատեղ, զորավարժություններ անցկացրեց Իտալիայի Սարդինիա կղզու մոտ, որի ժամանակ փորձարկվեցին իսրայելցիների ռազմատեխնիկական հնարավորությունները` Իսրայելում գտնվող բազաներից տպավորիչ հեռավորության վրա (մոտ 2500կմ) օդային հարվածներ հասցնելու առումով2: Նոյեմբերի 2-ին իսրայելական օդուժի «Պալմաչիմ» բազայից փորձարկվեց «Իերիխոն-3» տիպի միջմայրցամաքային հրթիռ, որն, ըստ հրապարակումների, կարող է կրել մինչեւ 750կգ ընդհանուր քաշով մարտագլխիկներ (ընդ որում` բաժանվող) եւ դրանք տեղ հասցնել մինչեւ 10 հազ. կմ հեռավորության վրա: Միեւնույն ժամանակ, նոյեմբերի 2-3-ը ողջ Իսրայելի տարածքում անցկացվեցին հակահրթիռային պաշտպանության վարժանքներ: Հաջորդը եղավ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) զեկույցը, որը ներկայացվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Նոյեմբերի 8-ին լույս տեսած զեկույցի համաձայն, 2008-ից այս կողմ Իրանը զգալի հաջողությունների է հասել միջուկային պայթյունների համակարգչային մոդելավորման գործում` շարունակելով աշխատանքները միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, եւ ներկայում ընդամենը ամիսներ են պահանջվում նման զենք ստեղծելու համար: Գործակալության մասնագետների գնահատմամբ` իրանական միջուկային կենտրոններում անցկացված որոշ փորձարկումներ կարող են ունենալ միայն միջուկային զենքի ստեղծման նպատակ, եւ վերջապես` իրանցի ինժեներները միջուկային մարտագլխիկների մշակումներ են իրականացրել իրանական «Շահաբ-3» հրթիռների համար: Թեհրանը հայտարարեց, թե ԱԷՄԳ զեկույցը քաղաքականացված է: Այլ հայտարարություն եկավ ԱՄՆ-ից. նոյեմբերի 12-ին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշեց, թե ԱԷՄԳ զեկույցում բարձրացված հարցերի կապակցությամբ միջազգային հանրությունն առաջիկայում սպասում է Իրանի պատասխանին: Քլինթոնի խոսքերը պարզորոշ վկայում են, որ Վաշինգտոնը մտադիր է օգտագործել զեկույցը` Թեհրանի նկատմամբ նոր ճնշումներ բանեցնելու համար: Եվ վերջապես, Իրանի շուրջ ծավալվող լարվածության մեջ իրենց ուրույն տեղը գրավեցին եւս երկու իրադարձություն: Նոյեմբերի 12-ին իրանական հրթիռային զորքերի բազաներից մեկում` ընկած Թեհրանից մոտ 45կմ հարավ-արեւմուտք, տեղի ունեցավ հզոր պայթյուն, որի հետեւանքով զոհվեցին, տարբեր տվյալներով, 17-35 հոգի: Զոհերի մեջ էր նաեւ գեներալ-մայոր Հասան Մողադամը, որը 1984-ից ղեկավարում էր իրանական զինված ուժերի հրթիռային ծրագիրը: Թեեւ իրանական աղբյուրները գրում են, որ պայթյունը տեղի է ունեցել «Շահաբ-3» հրթիռի փորձարկման հետեւանքով3, սակայն ամերիկյան ու իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ` պայթյունը «Մոսադի» կազմակերպած դիվերսիայի արդյունք էր: Նոյեմբերի 14-ին իրանական հատուկ ծառայությունները հայտարարեցին, թե իրենց հաջողվել է հայտնաբերել եւ չեզոքացնել համակարգչային նոր վիրուս` Duqu, որը, հիմնված լինելով հայտնի Stuxnet վիրուսի վրա, նպատակ է ունեցել տվյալներ հավաքել իրանական տարբեր կառույցների համակարգչային ծրագրերի վերաբերյալ, որոնք հետագայում կարող էին օգտագործվել այդ կառույցների դեմ կիբեռ-հարձակում իրականացնելու համար4: Հետեւություններ Միջազգային ու առաջին հերթին՝ արեւմտյան հեղինակավոր հետազոտական կենտրոնների մեծամասնությունը քիչ հավանական է համարում, որ առաջիկայում եւ 2012թ. ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները ռազմական կամպանիա կսկսեն իսլամական հանրապետության դեմ: Հիմնավորումները սրանք են. Գալիք տարի նոյեմբերին Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ են, իսկ ամերիկյան ու եվրոպական տնտեսություններն այն վիճակում չեն, որ հսկայական գումարներ հատկացվեն Իրանի դեմ լայնածավալ ռազմարշավի ձեռնարկման համար: Մյուս կողմից` «լիբիական սցենարով» քիչ հավանական է համարվում, որ կհաջողվի ոչնչացնել իրանական միջուկային ծրագիրը, քանի որ այն բավական ծավալուն է, իսկ իրանական զինված ուժերն էլ անհամեմատ ավելի մարտունակ են: Նման սցենարի կիրառումը Թեհրանի նկատմամբ կարդարացնի վերջինիս կողմից միջուկային զենքի ստեղծումը եւ պատասխան գործողությունների (որոնց բնույթն ամբողջովին հնարավոր չէ կանխատեսել) իրականացումը: Պատասխան գործողությունների պարագայում, ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները կարող են կրել այնպիսի կորուստներ, որոնք քաղաքական տեսանկյունից անընդունելի կլինեն Վաշինգտոնի գործող վարչակազմի համար` ընտրություններին ընդառաջ: Իրանի պատասխան գործողությունները հանգեցնելու են նավթի միջազգային գների թռիչքին, ինչը ծանր օրեր ապրող ամերիկյան ու եվրոպական տնտեսությունների համար կարող է ունենալ ծանրագույն հետեւանքներ, եւ սա դարձյալ` ընտրություններին ընդառաջ: Սակայն այդքանով հանդերձ, Իրանի նկատմամբ ընթանում է դիվանագիտական ու տեղեկատվական լուրջ ճնշում, եւ այն պետք է ունենա պատճառներ ու նպատակներ: Դա, իրոք, կարող է պայմանավորված լինել իրանական միջուկային ծրագրում տեղի ունեցած առաջընթացով: Բայց ավելի հավանական է, որ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների գործողությունների հիմքում ընկած է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Գաղտնիք չէ, որ Թեհրանը Դամասկոսի անվտանգության երաշխավորն է, իսկ սիրիական հարցն այսօր հայտնվել է Արեւմուտքի քաղաքական օրակարգի առաջնային տեղում: 1 Հաղորդվում է, որ Արբաբսիյարը ձերբակալվել է դեռ սեպտեմբերի 29-ին, իսկ Շոքուրը գտնվում է փախուստի մեջ: 2 Իսրայելական օդուժը պարբերաբար անցկացնում է նման զորավարժություններ` մոդելավորելով Իրանի նկատմամբ օդային հարվածներ հասցնելը: Այստեղ առանցքային հանգամանքն այն է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները պետք է կարողանան օդում` վառելիք լիցքավորող ինքնաթիռների օգնությամբ վերալիցքավորվելով, հասնել իրանական համապատասխան օբյեկտներին, հարվածներ հասցնել ու վերադառանալ Իսրայել: Այստեղ նաեւ նշենք, որ նշված հեռավորությունը` մոտ 2500կմ, ճիշտ այնքան է, որքան Իսրայելից հեռավորությունն է մինչեւ իրանա-աֆղանական կամ իրանա-պակիստանյան սահման: Այսինքն` այդ հեռավորությամբ իսրայելական օդուժը կարողանում է ծածկել Իրանի ողջ տարածքը: 3Ներկայացվածը կասկած է հարուցում, քանի որ «Շահաբ-3»-ը (հեռահարությունը՝ մոտ 2000կմ) իրանական զինված ուժերում մարտական հերթապահության է անցել դեռ 2003-ից: Հաշվի առնելով, որ փորձարկման վայրում է եղել նաեւ իրանական հրթիռային ծրագրի «հայրը» համարվող գեներալ-մայոր Հասան Մողադամը, չպետք է բացառել, որ իրականում փորձարկվել է նոր հրթիռ: 4 Հիշեցնենք. 2010թ. երկրորդ կեսին իրանական միջուկային օբյեկտները ենթարկվեցին Stuxnet անվամբ համակարգչային վիրուսի հարձակմանը, որի հետեւանքով, ըստ տարբեր տվյալների, շարքից դուրս եկան մինչեւ 3000 իրանական ցենտրիֆուգներ: Արտաշես Տեր-Հարությունյան Նորավանք
  -   Յօդուածներ