Դեկտեմբերի 5-ը` ՄԱԿ-ի կողմից 1985 թ-ին, հռչակվել է Կամավորների միջազգային օր: Ըստ Հայկական Կարմիր Խաչի ընկերութան Լրատվության եւ լուսաբանման բաժնի հաղորդագրության, կամավորների միջազգային օրը կնշվի, մասնավորապես Վանաձորում: Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում ժամը 15:30 Հայկական Կարմիր Խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղը (ՀԿԽԸ Լոռու ՄՄ) Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ կազմակերպվելու է Կամավորների միջազգային օրվան նվիրված համերգ, որը նաեւ «Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի միջազգային շարժման լուսաբանում ուսանողության շրջանում» ծրագրի ամփոփիչ միջոցառումն է լինելու: Միջոցառմանը մասնակցելու համար հրավիրված են Լոռու մարզպետարանի, քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ՀԿԽԸ աշխատակիցներ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ, Լոռու մարզային մասնաճյուղի կամավորներ եւ այլոք:
Միջոցառման ընթացքում կցուցադրվի Կարմիր Խաչի միջազգային շարժման պատմությունը եւ Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործունեությունը ներկայացնող ֆիլմեր, այնուհետեւ տեղի կունենա մեծ համերգ` տեղի եւ մայրաքաղաքից հրավիրված արվեստագետների մասնակցությամբ: Միջոցառման ավարտին երաժիշտներին եւ կամավորներին կհանձնվեն շնորհակալագրեր եւ նվերներ:
Ամեն տարի այս օրն աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներ` ի պատիվ տարբեր ոլորտների կամավորների: