ՎՊ-ն ամփոփեց Գեղարքունիքի մարզում իրականացրած ստուգումների արդիւնքները


ՎՊ-ն ամփոփեց Գեղարքունիքի մարզում իրականացրած ստուգումների արդիւնքները

  • 02-12-2011 19:08:11   |   |  Տնտեսութիւն

2009-2010թ.թ.-ին Գեղարքունիքի մարզպետարանը պետական բյուջեի միջոցների հաշվին ընդհանուր առմամբ իրականացրել է 478 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Հայաստանի Վերահսկիչ պալատն այդ ծավալից 289 մլն դրամի հսկիչ չափագրման արդյունքում հայտնաբերել է 26.1 մլն դրամի խախտում: Այդ թվում` 6.5 մլն դրամի ծավալային հավելագրում, 15.8 մլն դրամի անորակ աշխատանք, 3.3 մլն դրամի չափով այլ բնույթի խախտումներ: Այս մասին արձանագրված է ՎՊ-ի հաշվետվության մեջ, որը հաստատվել է ՎՊ-ի դեկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված արտագնա նիստում: Ինչպես նիստին հաջորդած ասուլիսում հայտնեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ըստ մարզպետ Նվեր Պողոսյանի, 26.1 մլն դրամի գումարը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է աշխատանքով եւ գումարով: 50 տոկոս եւ ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերություններում, որոնք հիմնականում առողջապահական հաստատություններ են, ստուգման արդյունքում ընդհանուր առմամբ արձանագրվել է 21.7 մլն դրամի խախտում, որից 19.7 մլն դրամը վերականգնվելու է պետբյուջե, իսկ 7.3 մլն դրամը վերադարձվելու է ընկերություններին: Մարզում պետական միջոցների հաշվին իրականացված կրթական ծրագրերի ուսումնասիրության արդյունքում ՎՊ-ն հայտնաբերել է 7.2 մլն դրամի խախտում: Գումարն ենթակա է վերադարձման բյուջե: Հողի չհավաքագրված վարձավճարների մասով գումարը կազմել է 5.8 մլն դրամ: Մարզի 5 քաղաքային համայնքներում` Մարտունի, Վարդենիս, Գավառ, Սեւան եւ Ճամբարակ, սոցիալական ծառայությունների մասով ընդհանուր առմամբ արձանագրվել է 61.2 մլն դրամի խախտում: Ընդ որում` ամենաշատը Մարտունիում` 22.3 մլն դրամ, ամենաքիչը մարզկենտրոն Գավառում` 5.2 մլն դրամ: Ինչպես նշեց Ի.Զաքարյանը, ինքը մնում է այն կարծիքին, որ նպաստների հարցում թույլ տրված խախտումների համար խստագույնս պատասխանատվություն պետք է կրեն սոցիալական ծառայությունների ղեկավարները կամ խախտումներ թույլ տված աշխատակիցները, այլ ոչ թե գումարները հետ գանձվեն նպաստառուներից: ՎՊ նախագահն ընդգծեց, որ, թեեւ թոշակառուների եւ նպաստառուների ցուցակները ճշգրտվել են, եւ վիճակը բավականին շտկվել է, սակայն հարցը վերջնականապես դեռ լուծված չէ: Նա հայտնեց նաեւ, որ հունվարի 1-ից ՎՊ-ն հանրապետության ողջ տարածքում օպերատիվ հսկողություն է իրականացնելու թոշակների եւ նպաստների համակարգում: Ըստ Ի.Զաքարյանի, սա նշանակում է, որ յուրաքանչյուր մարզում ՎՊ-ի մեկ վարչություն 5-6 ամիս պետք է աշխատի: ՎՊ-ի նույն օրը հաստատված մեկ այլ հաշվետվության համաձայն, մարզի համայնքներից 8-ում իրականացված ստուգումների արդյունքում ընդհանուր առմամբ արձանագրվել են շուրջ 225.8 մլն դրամի խախտումներ, որից շուրջ 200.7 մլն դրամն ենթակա է վերականգնման համայնքային բյուջեներ: Դա հիմնականում 2009-2010թ.թ.-ին չհավաքագրված տեղական հարկերի եւ տուրքերի գումարներն են: Ի պատասխան լրագրողների հարցերի, ՎՊ նախագահ Ի.Զաքարյանը կտրականապես հերքեց Գեղարքունիքի մարզում, որի մարզպետը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, ստուգումների քաղաքական ենթատեքստի հավանականությունը: Ըստ Ի.Զաքարյանի, մարզում ստուգումներն իրականացվել են Ազգային ժողովի կողմից 2010թ.-ի նոյեմբերին հաստատված ՎՊ 2011թ.-ի գործունեության ծրագրին համապատասխան:
  -   Տնտեսութիւն