ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի կենսագրութիւնը


ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի կենսագրութիւնը

  • 06-12-2011 21:11:15   | Հայաստան  |  Քաղաքական

Դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվեց Է.Շարմազանովը: Ստորեւ ներկայացնում ենք Է.Շարմազանովի` ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության կողմից տրամադրված, կենսագրական տվյալները. Էդուարդ Հովսեփի Շարմազանովը ծնվել է 1975թ. նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 1997թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, 2006թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: Մանկավարժական գիտությունների թեկնածու: Թեման` «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները»: Մի շարք գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը եւ ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակն է։ 1995թ. հիմնադրել է Ալավերդու ուսանողական «Զարթոնք» միությունը, 1997-1999թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավարը: 1999-2002թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում` որպես ուսուցիչ, 2002-2005թթ.` ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ, 2005-2007թթ.` ՀՀ վարչապետի օգնական: 2003թ. արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին եւ մրցանակին՝ ՀՀ երիտասարդական քաղաքականության բնագավառում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու համար։ 2005թ. արժանացել է «Հայկյան» մրցանակին՝ որպես ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար։ 2006թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով: 2008թ.` «Անդրանիկ Օզանյան» մեդալով: 2009թ. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով: 2011թ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով եւ հուշամեդալով: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:ՀՀԿ մամուլի խոսնակ: 2011թ. դեկտեմբերի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
  -   Քաղաքական