Համերգ` նուիրուած Ֆրիտեօֆ Նանսենի 150-ամեակին


Համերգ` նուիրուած Ֆրիտեօֆ Նանսենի 150-ամեակին

  • 08-12-2011 14:52:51   | ԱՄՆ  |  Մշակոյթ
Դեկտեմբերի 3-ին Նյու Յորքի Կառնեգի հանրաճանաչ դահլիճում ՄԱԿ –ում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանավորությամբ եւ ՀԲԸՄ հետ համագործակցությամբ կազմակերպվել էր տարբեր երկրներից ժամանած տաղանդավոր երիտասարդ կատարողների համերգ` նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին: Միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր հայ երաժիշտների կատարմամբ Կառնեգի-հոլում հնչեցին Արամ Խաչատուրյանի, Էդվարդ Գրիգի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի եւ այլ կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործությունները: Նանսենի հիշատակին նվիրված միջոցառմանն ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը: Նա իր խոսքում նշել է, որ Նյու Յորքում կազմակերպված համերգը, ի թիվս Հայաստանի մայրաքաղաքում եւ մի քանի տասնյակ այլ երկրներում տեղի ունեցած հանդիսավոր մշակութային միջոցառումների, նշանավորում է Նանսենի հանդեպ հայ ժողովրդի եւ նրա կառավարության տածած հարգանքն ու երախտագիտությունը: Դեսպան Նազարյանն անդրադարձել է Նանսենի հայանպաստ գործունեությանն Ազգերի Լիգայի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնում` ուղղված ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի բեկորների ներգաղթի, վերաբնակեցման ու վերապրելու համար պայմանների ապահովմանը: «Մարդկային հիշողությունն օժտված է յուրահատուկ մի ունակությամբ. երախտագիտությամբ պահպանել այն մարդասերների պայծառ անունները, ովքեր իրենց կյանքն են նվիրում համընդհանուր արժեքների եւ իդեալների պաշտպանության ու հաստատման շնորհակալ գործին»,- նշել է ՀՀ դեսպանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Կառնեգիհոլում կայացած համերգին ներկա էին Ամերիկայի Արեւելյան ափի հայ համայնքի, համայնքային կառույցների, ինչպես նաեւ Նյու Յորքում տեղակայված մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները:
  -   Մշակոյթ