Երեւանում կայացել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի գլխաւոր ասամբլեան


Երեւանում կայացել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի գլխաւոր ասամբլեան

  • 09-12-2011 17:04:14   | Հայաստան  |  Սպորտ
Համահայկական 5-րդ խաղերին առաջին անգամ մասնակցել է աշխարհի 125 քաղաքներից ժամանած 3244 մարզիկ –մարզուհի: Խաղերն անցել են բարձր մակարդակով եւ առանց միջադեպերի, ինչը կազմակերպիչների, նաեւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների լավ աշխատանքի արդյունքն է: Այս մասին դեկտեմբերի 9-ին Երեւանում կայացած Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր ասամբլեայի նիստում հայտնել է կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Նշվել է նաեւ, որ Համահայկական 5-րդ խաղերի անցկացման համար բյուջեն կազմել է 206 միլիոն դրամ, որից 80 միլիոնը հատկացվել Է պետական բյուջեից, 126 մլն դրամը տրամադրել են հովանավորները: Խաղերի համար ծախսվել է 145 մլն դրամ, որից 31 մլն-ը` պետբյուջեի տրամադրած 80 մլն-ից: 49 մլն դրամը վերադարձվել է պետական գանձարան: Հովանավորներից ստացված գումարից 20 միլիոն դրամը նույնպես պահպանվել է եւ կօգտագործվի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետագա աշխատանքների համար: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայության փոխանցմամբ, ասամբլեայի օրակարգում էին նաեւ ՀԽՀԿ-ի նախագահի եւ գործկոմի կազմի ընտրության հարցը: ՀԽՀԿ նախագահ է ընտրվել Իշխան Զաքարյանը, փոխնախահներ` Ալբերտ Բոյաջյանը եւ Ստեփան Դեր Բետրոսյանը: Կոմիտեի գլխավոր քարտուղար է ընտրվել Բագրատ Բուռնազյանը: ՀԽՀԿ-ն ընտրել է նաեւ գործկոմի կազմը: Նիստում քննարկվել է նաեւ համահայկական խաղերի ծրագրում ձմեռային մարզաձեւեր ընդգրկելու հարցը: Այն արժանացել է գործկոմի հավանությանը, եւ որոշվել է ձմեռային խաղերի անցկացման հետ կապված մանրամասները քննարկել գործկոմի հաջորդ նիստի ընթացքում: Որոշվել է նաեւ ՀԽՀԿ գործկոմի հերթական նիստն անցկացնել 2012թ.-ի մայիսին` Վիեննայում: ՀԽՀԿ գլխավոր ասամբլեայի նիստում կոմիտեի նախագահը ստեղծագործական խմբի անդամներին, համահայկական 5-րդ խաղերի կազմակերպման աշխատանքներին ներգրավված ՀՀ սպորտի եւ երիտասարդության աշխատակիցներին հանձնել էՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալագրեր: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հրաչ Տեր-Սարգսյանը` Կանադայից, ՀՀ Նախագահի կողմից ստացել է Հայաստանի քաղաքացու անձնագիր:
  -   Սպորտ