ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն աշխատանքային այցով կը մեկնի Իտալիայի Հանրապետութիւն եւ Վատիկան


ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն աշխատանքային այցով կը մեկնի Իտալիայի Հանրապետութիւն եւ Վատիկան

  • 11-12-2011 01:04:20   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը դեկտեմբերի 12-15-ը աշխատանքային այցով կը մեկնի Իտալիայի Հանրապետութիւն եւ Վատիկան: Այցի շրջանակներում Հանրապետութեան ղեկավարը հանդիպումներ կ'ունենայ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի, Իտալիայի նախագահ Ջորջիոյ Նապոլիտանոյի, Խորհրդարանի պատգամաւորների պալատի նախագահ Ջանֆրանկոյ Ֆինիի, Վատիկանի պէտքարտուղար Կարդինալ Տարչիցիոյ Բերտօնէի, Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ: Հռոմում Նախագահ Սերժ Սարգսեանը կ'այցելի նաեւ Բրասկի թանգարանում բացուած «Դուին. Հայաստանի մայրաքաղաքը Եւրոպայի եւ Ասիայի միջեւ»- խորագրով ցուցահանդէս: Հանրապետութեան ղեկավարը Վենետիկում կը մասնակցի երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքոյ բացուող «Հայաստան. Քաղաքակրթութեան դրոշմներ»- ցուցահանդէսին, որը նուիրուած է հայ գրատպութեան 500-ամեակին: Սերժ Սարգսեանը Վենետիկում հանդիպում կ'ունենայ Մխիթարեան միաբանութեան անդամների եւ Իտալիայի հայ համայնքի աւելի քան երկու տասնեակ կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ: Նախատեսուած է նաեւ Հանրապետութեան ղեկավարի հանդիպումը «Հայաստան. Քաղաքակրթութեան դրոշմներ»- ցուցահանդէսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիայ ժամանած հայագէտների հետ: Սերժ Սարգսեանը կ'այցելի Վենետիկի քաղաքապետարան եւս, որտեղ ներկայ կը գտնուի Երեւանը եւ Վենետիկը քոյր քաղաքներ հռչակելու գործընթացն սկսելու վերաբերեալ երկու քաղաքների միջեւ համաձայնագրի ստորագրման արարողութեանը: Այցի շրջանակներում Նախագահը հանդիպում կ'ունենայ նաեւ Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:Այս մասին «ՆՏ»--ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Քաղաքական