Հնդկաստանում տոնեցին Ղարաբաղի անկախության 20-ամյակը


Հնդկաստանում տոնեցին Ղարաբաղի անկախության 20-ամյակը

  • 12-12-2011 08:37:54   |   |  Մամլո հաղորդագրություն

2011 թվականի դեկտեմբերի 10-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի օրը, հնդկահայ համայնքը եւ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը մեծ հանդիսությամբ տոնեցին Ղարաբաղի անկախության 20-ամյակը, որը կրում էր «Ղարաբաղ, ես քեզ սիրում եմ» խորագիրը»: Բեմահարթակում Մարդասիրականի սաները Արցախի հանդեպ ունեցած իրենց սերն արտահայտեցին հայրենասիրական մի շարք ստեղծագործություններով: Նրանք ասմունքեցին Գուրգեն Գաբրիելյանի «Ղարաբաղ», «Իմ Ղարաբաղ», Սիլվա Կապուտիկյանի «Ղարաբաղի բարբառը», «Հայոց բարդին» եւ այլ բանաստեղծություններ` նվիրված Արցախին, երգչախումբն էլ ներկայացրեց Կոմիտասի «Առավոտ լուսաբեր» Ս. Սահակյանի «Գետաշեն», Ա. Հեքիմյանի «Ղարաբաղցին», Ռ. Ամիրխանյանի «Երկիր հայրենի», Ա. Սմբատյանի «Հայաստան» եւ հայրենասիրական այլ երգեր, պարախումբն էլ Ա. Գեւորգյանի «Արցախ» երաժշտության ներքո պարեց հաղթական մի պար: Ձեռնարկն ավարտվեց հնդկահայոց հոգեւոր հովիվ, հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի օրհնության խոսքով: Հայր Սուրբը շնորհավորեց ներկաներին Արցախի անկախության առիթով եւ համայն հայության համար շատ թանկ համարելով Արցախի անկախությունը` ի մասնավորի ասաց. «Ղարաբաղի ազատագրումը եւ անկախության հռչակումը բացառիկ պատմական կարեւորություն եւ նշանակություն ունի աշխարհասփյուռ հայության համար: Ցեղասպանություն ապրած եւ հայրենազրկված ժողովրդի միջից Ղարաբաղյան հաղթանակով պարտվողի եւ կորցնողի կարծրատիպը մեկընդմիշտ ջնջվեց: Մեր մեջ բույն դրած նահատակ հայի կերպարը խորտակվեց, եւ փարոսի նման հառնեց հաղթող, պահանջատեր հայը` Միացյալ Հայաստանի տեսլականով: Տակավին վաղ է հաղթանակի գինով արբենալ: Մութ ամպերը ամբողջությամբ դեռ չեն հեռացել հայրենի մեր երկնակամարից: Արյան գնով պատերազմում ձեռք բերած հաղթանակը պետք է ամրագրել քրտնքի` տնտեսական պատերազմում, որը պարտք ու պարտավորություն է յուրաքանչյուր հայի համար…»: ԸստԿալկաթայ Հայոց մարդասիրական ճեմարանի տեղեկատվական համակարգի, օրվա առիթով Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչությունը կազմակերպել էր տոնա-կան հյուրասիրություն:
  -   Մամլո հաղորդագրություն