ԱԺ նախագահը կատարեց լրագրողների համար գործող սահմանափակումը վերացնելու մասին իր խոստումը


ԱԺ նախագահը կատարեց լրագրողների համար գործող սահմանափակումը վերացնելու մասին իր խոստումը

  • 12-12-2011 14:52:43   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը դեկտեմբերի 9-ին ստորագրել է որոշում, ըստ որի փոփոխություն է կատարվել «ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ նախագահի 2009թ.-ի օգոստոսի 21-ի որոշման մեջ: Ըստ այդմ, վերացվում է հավատարմագրված լրագրողների հավատարմագրերով Ազգային ժողովի վարչական տարածք մուտք գործելու 2009թ.-ից գործող սահմանափակումը, համաձայն որի լրագրողը «կարող է մուտք գործել միայն Ազգային ժողովի նիստերի, քառօրյա նիստերին հաջորդող ճեպազրույցների, մշտական հանձնաժողովների նիստերի, խորհրդարանական լսումների, մամլո ասուլիսների, ինչպես նաեւ Ազգային ժողովում անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցել է Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը»: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հիշյալ որոշման այս կետը, մասնավորապես, շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ. «Հավատարմագրված լրագրողի մուտքն Ազգային ժողովի նստավայր ազատ է աշխատանքային օրերին, ինչպես նաեւ ոչ աշխատանքային օրերին անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը»: Որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: Նշենք, որ Ս.Նիկոյանը ԱԺ դեկտեմբերի 5-ի նիստում ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելիս իր ելույթում նշել էր լրագրողներին ԱԺ-ի տարածք մուտք գործելու ժամանակային սահմանփակումները վերացնելու եւ յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում նրանց մուտք գործելու հնարավորություն տալու մտադրության մասին: «Անշուշտ, սրանով ոչ մեկին դուր գալու խնդիր չեմ լուծում, այլ ընդամենը փաստում եմ հետեւյալը, որ սա մեր մշտական աշխատանքային վայրն է, եւ լրագրողներն իրավունք ունեն անարգել լուսաբանել մեր աշխատանքները: Մեր աշխատանքը սկսվում է երկուշաբթի օրվանից մինչեւ շաբաթ օրը, եւ նրանք իրենց մասնագիտական աշխատանքներն իրականացնելու համար պետք է որ անարգել կարողանան մտնել մեր աշխատանքային վայրը, եւ դա կլինի իմ առաջին քայլերից եւ կարգադրություններից մեկը, եթե ընտրվեմ»,-ասել էր նա:
  -   Քաղաքական