ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ EXPO 2011-ի համար պատրաստուած «Փախստականները եւ միջազգային իրաւունքը» քաղաքացիական հասարակութեան ցանցի զեկոյցը


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ EXPO 2011-ի համար պատրաստուած «Փախստականները եւ միջազգային իրաւունքը» քաղաքացիական հասարակութեան ցանցի զեկոյցը

  • 13-12-2011 17:02:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ադրբեջանահայ փախստականներն` այսօր, նրանց կրած կորուստների նկարագիրը, բարոյական եւ նյութական վնասների փոխհատուցման խնդիրը Այս զեկույցում տեղ գտած վիճակագրական տվյալները վերցված են մասամբ հրապարակված պաշտոնական տեղեկատվությունից, մասամբ էլ ձեռք են բերվել «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի կատարած աշխատանքի արդյունքում: Հայտնի է, որ ըստ պաշտոնական տեղեկատվության 1988-ից վեր Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումների եւ ցեղասպանության գործողությունների արդյունքում, մոտավորապես 400 հազար հայեր ապաստանել են Հայաստանում եւ Արցախում, ստանալով փախստականի կարգավիճակ: Մեր կատարած հետազոտությունների հիման վրա կարող ենք պնդել, որ իրականում ադրբեջանահայ փախստականների թվաքանակը կազմում է ավելի քան կես միլիոն մարդ, այսինքն` առնվազն 100 հազար փաստացիորեն փախստական հանդիսացող հայեր ինչ-ինչ պատճառով համապատասխան կարգավիճակ չեն ստացել: Նրանք բաժանվում են երկու հիմնական խմբերի: Առաջին խումբը կազմում են այն մարդիկ, որոնք Ադրբեջանից իրենց պարտադրված արտաքսման ժամանակ չեն եկել Հայաստան կամ Արցախ, այլ գնացել են այլ հանրապետություններ` մեծամասամբ Ռուսաստան, որտեղ հաստատվելով, ԽՍՀՄ փլուզումից հետո, ձեռք են բերել Ռուսաստանի կամ որեւէ այլ պետության քաղաքացիություն: Երկրորդ խմբի մեջ մտնում են բոլոր այն փաստացի փախստական դարձած ադրբեջանահայերը, որոնք գալով Հայաստան կամ Արցախ չեն գրանցվել որպես փախստական եւ կամ ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն, կամ հեռացել են այլ երկրներ: Մենք շատ մոտավոր կերպով կարող ենք ասել, որ առաջին խումբը ներառում է առնվազն 70-80 հազար մարդ, իսկ երկրորդը` 25-30 հազար մարդ: Այստեղ հարկ է ընդգծել, որ այս բոլոր մարդիկ թեեւ փախստականի կարգավիճակ չեն ստացել, սակայն փաստացի փախստականներ են, որոնք մեծամասամբ կորցրել են Ադրբեջանում իրենց գույքն ու դրամական ավանդները, տվել են մարդկային զոհեր ու ենթարկվելով բռնությունների ու հալածանքների, ստիպված են եղել հեռանալ իրենց նախնիների կողմից հաստատված օջախներից: Մի դիտարկում եւս`հայերի էթնիկ զտումները Ադրբեջանում ունեցել են ալիքային բնույթ: Այդ ալիքների բարձրակետերն էին Սումգայիթի, Գանձակի (Կիրովաբադի) եւ Բաքվի ջարդերը, Գետաշենի ենթաշրջանի եւ ԼՂԻՄ-ի Հադրութի շրջանի բնակչության տարհանումը, որոնք տեղի ունեցան 1988-ի փետրվարից մինչեւ 1991-ի կեսերն ընկած ժամանակահատվածում: Սակայն այդ բռնության բարձրակետերի միջակայքում եւս իրավիճակը խիստ տանգնապալի էր` մեծ քանակությամբ հայազգի քաղաքացիներ, տեղի տալով ամենօրյա ահաբեկումներին, հեռացան Ադրբեջանից տարբեր ուղղություններով: Հետեւաբար, ադրբեջանահայությանը հասցված բարոյական եւ նյութական վնսաների իրական չափը հաշվարկելու համար հարկավոր է նաեւ ուղղորդված աշխատանք կատարել Հայաստանում եւ Արցախում` փախստականի կարգավիճակ չստացած, սակայն, փաստացի փախստական հանդիսացող մարդկանց կրած վնասները ճշգրտելու ուղղությամբ: Հասարակական մակարդակով այդ աշխատանքը այսօր իրականացնում է «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը, որին հաջողվել է կապ հաստատել տարբեր աշխար-համասերի պետություններում հաստատված ադրբեջանահայերի հետ, սակայն այդ գործընթացի արդյունավետությունն ապահովվելու համար, գտնում ենք, որ հարկավոր է, որպեսզի Հայաստանն ու Արցախը պետական մակարդակով մշակեն եւ իրականացնեն համապատասխան քաղաքականություն` ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կառույցների ներգրավմամբ: Մեր կողմից կատարած հետազոտությունը, որը հիմնված է փախստականների կողմից ներկայացված դիմում-հարցաթերթիկ¬ներում պարունակվող տվյալների վրա, ցույց է տալիս, որ միջին հաշվով մեկ հայ փախստականին հասցված միայն ուղղակի նյութական վնասի չափը կազմում է մոտ 112 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարը ստացվել է ցանցին փոխանցված մոտ 35 հազար դիմում-հարցաթերթիկներից պատահականության սկզբունքով ընտրված 1000-ի մշակման արդյունքում: Այսինքն, միայն անմիջական նյութական վնասը, որ հասցվել է հայ փախստականներին, կազմում է մոտավորապես 56 միլիարդ դոլար: Առանձին հաշվարկ պետք է կատարվի հալածանքների, ահաբեկումների, ազգային ու կրոնական հողի վրա ադրբեջանահայության նկատմամբ խտրական վերաբերմունքի արդյունքում հասցված բարոյական վնասների մասով: Այստեղ, նախ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ադրբեջանահայությունը նաեւ բռնի կերպով զրկվել է իր հայրենիքից եւ վտարվել այնտեղից, ինչի փոխհատուցման մեխանիզմը եւս պետք է գտնվի, ընդ որում, թերեւս, բացառված է հայերի վերադարձը Բաքու, Կիրովաբադ եւ այլ` նախկինում հայաշատ բնակավայրեր: Ադրբեջանում ծայր առած էթնիկ զտումների զոհ դարձան նաեւ հայ-ադրբեջանական խառն ընտանիքները: Ադրբեջանում առկա ազգային խտրականության մթնոլորտը այդ կարգի ընտանիքների համար երկու ելք էր թողնում` կամ ամուսնալուծվել, կամ փախչել Ադրբեջանից, ինչը եւ ընտանիքը պահպանելու գինն էր նրանց համար: Այդ մարդիկ հիմնականում օտարված են թե' Ադրբեջանից, թե' Հայաստանից եւ չեն կարող իրենց հասցված վնասների փոխհատուցումը պահանջելու գործում ակնկալել այս երկու պետություններից որեւէ մեկի աջակցությունը: «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը գտնում է, որ ճիշտ կլինի, եթե Հայաստանն ու Արցախը ստանձնեն նաեւ այս մարդկանց ոտնահարված իրավունքների պաշտպանությունը, իսկ մեր հասարակական կազմակերպությունները ջանան ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտա այդ մարդկանց դիտարկել Հայաստանը, որպես իրենց հանդեպ բարյացակամորեն տրամադրված մի պետություն, որի քաղաքացիները, ցանկության դեպքում` նրանք եւ իրենց սերունդները կկարողանան դառնալ: Սա մեր դիրքորոշումն է եւ մենք այս հարցում եւս ակնկալում ենք ՀՀ եւ Արցախի իշխանությունների արձագանքն ու աջակցությունը, ինչպես նաեւ միջազգային կառույցների գործուն օգնությունը: Ադրբեջահայությանը հասցված նյութական վնասների նկարագիրն ամբողջական չի լինի, եթե չանդրադառնանք պետական գույքի մասնավորեցման խնդրին: Հայտնի է, որ Խորհրդային Միությունում հողը, ընդերքը, արտադրական հիմնարկները, գիտակրթական հաստատությունները համարվում էին համաժողովրդական սեփականություն եւ տնօրինվում էին պետության կողմից: ԽՍՀՄ փլուզումից հետո թե' Հայաստանում, թե' Ադրբեջանում տեղի ունեցավ համաժողովրդական կոչված սեփականության մասնավորեցման գործընթացը: Ադրբեջանահայ փախստական-ները, որոնք ԽՍՀՄ փլուզման պահին արդեն իսկ վտարված էին Ադրբեջանից, Ադրբեջանում իրականացված մասնավորեցման գործընթացին չեն մասնակցել եւ չեն ստացել Ադրբեջանի` իրենց հասանելիք հողային եւ արտադրական ակտիվների մասնաբաժինը, որը, եթե հաշվի առնենք, որ հայությունը կազմում էր Ադրբեջանի բնակչության 8-10 տոկոսը, պետք է կազմեր առնվազն սեփականաշնորհվող գույքի եւ այլ ակտիվների մոտ 7-8 տոկոսը: Սա նշանակում է նաեւ, որ բացի ադրբեջանահայ փախստականներին հասցված ուղղակի նյութական վնասներից, Ադրբեջանը պարտավոր է նրանց տալ հողի եւ համաժողովրդական այլ կարգի սեփականության մասնավորեցման ենթարկված օբյեկտների մոտ 8 տոկոսը, կամ այդ գույքի արժեքը, դրա այժմյան շուկայան գնին համապատասան: Նույն կարգով ադրբեջանահայութանը համապատասխան վճարումներ պիտի արվեն Ադրբեջանի չմասնավորեցված` պետական հաստատությունների եկամուտներից եւ մուտքերից, այդ թվում նաեւ Ադրբեջանի նավթային ֆոնդից: Ադրբեջանահայության նյութական ուղղակի եւ անուղղակի վնասների պարտադիր փոխահատուցման խնդիրը պետք է հաշվի առնեն նաեւ բոլոր այն օտարերկրյա եւ խառը կապիտալով ընկերությունները, որոնք Ադրբեջանի տարածքում իրականացնում են շահույթ հետապնդող գործունեություն, զբաղվում են նավթի եւ գազի արդյունահանմամբ եւ արտահանմամբ: Առանձին խնդիր է նաեւ փախստական դարձած հայերի Ադրբեջանում թողած դրամական ավանդների վերադարձման կամ փոխհատուցման հարցը: Մեր ունեցած տվյալների համաձայն Ադրբեջանի իշխանությունները նպատակ ունեն օրենսդրորեն շրջանցել հայ փախստականների դրամական ավանդները փոխհատուցելու խնդիրը: Մենք համոզված ենք, որ բոլոր փախստականները, անկախ իրենց ազգային պատկանելությունից, պետք է պաշտպանված զգան եւ համոզված լինեն, որ Արցախի, Ադրբեջանի, Հայաստանի իշխանությունները եւ պատկան միջազգային կառույցները կգտնեն ճանապարհները լուծելու փախստականների հիմնախնդիրները, առանց թույլ տալու, որ դրանց լուծումը տեղի ունենա ազգային խտրականության հիմքի վրա: Մենք վստահ ենք նաեւ, որ պետք է որոշվի, թե ում նախաձեռնությամբ ծայր առան էթնիկ զտումները եւ սանձազերծվեց պատերազմը, որի հետեւանքով հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը: Բռությունը եւ ազգային խտրականությունը որպես պետական քաղաքականություն կիրառած պետությունը պարտավոր է բարոյական, քաղաքական եւ նյութական պատասխանատվություն կրել իր արածի համար: Սույն զեկույցը ներառում է ադրբեջանահայ փախստականներին հասցված վնասների նկարագիրն ու դրանց պարտադիր փոխհատուցումը հիմնավորող դրույթներ եւ այստեղ անդրադարձ չկա Հայաստանի Հանրապետությունում բնակվող փախստականների իրավունքների ոտնահարման դեպքերին: Դա մի առանձին թեմա է, նշենք միայն, որ Հայաստանում փախստականները շարունակում են մնալ որպես սոցիալապես ամենախոցելի խավը, որը աշխատանքով եւ բնակարաններով ապահովվածության տեսանկյունից առավել վատ պայմաններում է գտնվում: Տասնյակ հազարավոր փախստականներ հեռացել են Հայաստանից, իսկ մնացողները հաճախ են դառնում տեղական բյուորոկրատների եւ միջազգային կազմակերպությունների աշխատակիցների քմահաճ վերաբերմունքի զոհը: Սոցիալական արդարություն հաստատելուն ուղղված մեր ջանքերը հաճախ են հանդիպում ՀՀ պատկան մարմինների ու միջազգային կառույցների պաշտոնատարների կոնսոլիդացված խուլ դիմադրությանը, իսկ չարաշահումների մասին ահազանգերը անտեսվում են անգամ ամենաբարձր մակարդակներում: Եզրափակելով, հարկ ենք համարում եւս մեկ անգամ պնդել, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի իշխանությունները պարտավոր են ստանձնել ադբեջանահայ փախստականների իրավունքների պաշտպանությունը եւ իրենց գործունեության օրակարգում ներառել այդ մարդկանց կրած վնասների փոխհատուցման եւ ոտնահարված իրավունքների վերականգնման հարցը: Համարժեք աջակցություն ենք ակնկալում նաեւ միջազգային կազմակերպություններից` ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ կառույցներից եւ այլն: Իսկ մենք պատրաստ ենք ուժերի ներածի չափով նպաստել նրան, որ մեր տարածաշրջանում փախստականների հիմնախնդիրները լուծում ստանան եւ ազգամիջյան հարաբերությունները մտնեն բնականոն հունի մեջ:
  -   Մամլո հաղորդագրություն