Աւարտուել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի այցը Իտալիայ եւ Վատիկան


Աւարտուել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի այցը Իտալիայ եւ Վատիկան

  • 15-12-2011 21:30:50   |   |  Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսեանը դեկտեմբերի 15-ին այցելել է Վենետիկի քաղաքապետարան: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Հանրապետութեան ղեկավարը ներկայ է գտնուել Երեւանը եւ Վենետիկը քոյր քաղաքներ հռչակելու գործընթացն սկսելու վերաբերեալ երկու քաղաքների միջեւ համաձայնագրի ստորագրման արարողութեանը: Փաստաթուղթն ստորագրել էն Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը եւ վենետիկի քաղաքապետ Ջորջոյ Օրսոնին: Երեւանի քաղաքապետը շնորհակալութիւն է յայտնել գործընկերոջը` քաղաքապետ Ջորջոյ Օրսոնիին, Վենետիկը եւ երեւանը քոյր քաղաքներ հռչակելու գործում ցուցաբերած պատրաստակամութեան եւ ջերմ ընդունելութեան համար: Տարօն Մարգարեանը նշել է, որ երկու քաղաքները պատմական եւ մշակութային հարուստ անցեալ ունեն եւ համագործակցութեան լաւ ապագայ: Նա վստահութիւն է յայտնել, որ քոյր քաղաքների միջեւ փոխգործակցութիւնն աւելի արդիւնաւէտ կը լինի` ներառելով համաձայնագրում նշուած բոլոր ոլորտները: Տարօն Մարգարեանը Վենետիկի քաղաքապետին հրաւիրել է Երեւան` 2012 թուականի ապրիլի 23-ին մասնակցելու Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տօնակատարութիւններին, իսկ հոկտեմբերին` իր գլխաւորած պատուիրակութեամբ ներկայ գտնուելու Երեւանի 2794-րդ տարեդարձին: Վենետիկի քաղաքապետ Ջորջոյ Օրսոնին նշել է, որ Վենետիկը մեծագոյն հաճոյքով է քոյրացման համաձայնագիր կնքում Հայաստանի մայրաքաղաք Երեւանի հետ: Նրա խօսքով, այս փաստաթղթի ստորագրումը երկու երկրների հասարակութիւնների համար կարեւորագոյն իրադարձութիւն է, որ նշանաւորում է մի նոր հարթութիւն` Վենետիկը հայ ժողովրդին կապող աւելի քան 16 դար ձգուող ճանապարհին: Քաղաքապետ Օրսոնին ընդգծել է, որ երկկողմ յարաբերութիւնները պատմութեան ընթացքում ամրապնդուել ու հարստացուել էն նորանոր ձեռքբերումներով ոչ միայն Վենետիկի եւ Մխիթարեան միաբանութեան, այլ նաեւ Վենետիկի եւ հայկական պետութեան ու աշխարհով մէկ սփռուած ստուար եւ գործուն հայկական համայնքի միջեւ: Քաղաքապետի խօսքով, հայ ժողովուրդը Վենետիկի պատմութեան մի մասն է` սկսած ակունքներից եւ մշտապէս նպաստել է քաղաքի տնտեսական, մշակութային ու հոգեւոր զարգացմանը: Ջորջոյ Օրսոնին յատկանշական է համարել, որ նախորդ օրը քաղաքային խորհուրդը երկու քաղաքների քոյրացման համաձայնագրի կնքման շուրջ քննարկումների ժամանակ զարմանք է յայտնել, թէ ինչու՞ այս տասնամեակների ընթացքում Վենետիկը հայ ժողովրդի մայրաքաղաքի հետ քոյրացման համաձայնագիր չի կնքել: Համաձայնագրի ստորագրումից յետոյ, Նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորել է Երեւանի եւ Վենետիկի քաղաքապետներին, նաեւ շնորհակալութիւն յայտնել Վենետիկի քաղաքային խորհրդին` փաստաթղթի անհրաժեշտութիւնը եւ կարեւորութիւնը նման ձեւով ընդգծելու համար: Հանրապետութեան ղեկավարի խօսքով, դա եւս մէկ անգամ փաստում է, որ երկու ժողովուրդները միմեանց համար օտար չէն, եւ պէտք է շարունակել դարերի պատմութիւն ունեցող մեր նախնիներից ժառանգած բարեկամական յարաբերութիւնները` դրանք հասցնելով աւելի բարձր մակարդակի: Աւարտելով աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետութիւն եւ Վատիկան` Նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորած պատուիրակութիւնը դեկտեմբերի 15-ին վերադարձել է Երեւան:
  -   Քաղաքական