16-12-2011 12:40:59 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
«Քաղաքացիական հասարակութեան ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ խորհրդի նախագահ, Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիայի գլխաւոր քարտուղար Արտակ Կիրակոսեանը եւ ՔՀԻ նախագահ Արման Դանիէլեանը ամփոփ ներկայացրեցին աշխարհում իրաւապաշտպանների պաշտպանութեան վերաբերեալ 2011թ. զեկոյցը:
Այն պատրաստուել է Իրաւապաշտպանների պաշտպանութեան օբսերվատորիայի կողմից, որը Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) եւ Խոշտանգումների դէմ համաշխարհային կազմակերպութեան (OMCT) համատեղ ծրագիրն է:
Զեկոյցում ներկայացւում է իրաւապաշտպաննների դէմ տեղի ունեցած իրադարձութիւնները աշխարհի 70 երկրներում 2010 թ. յունուարից մինչեւ 2011 թ. ապրիլը: Զեկոյցը պատրաստել էն Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիայի անդամ կազմակերպութիւնները: Հայաստանին վերաբերող տեղեկատուութիւնը տրամադրել է Ֆեդերացիայի հայաստանեան ներկայացուցիչ «Քաղաքացիական հասարակութեան ինստիտուտ» ՀԿ-ն:
Ընդհանուր պատկերը ցոյց է տալիս, որ իրաւապաշտպանները համեմատաբար աւելի պաշտպանուած էն Արեւմտեան Եւրոպայում եւ ԱՄՆ–ում: Արաբական երկրներում տեղի ունեցած յեղափոխութիւնները եւ ազատական շարժումները զեկոյցում դրական էն գնահատուած: «Միւս կողմից` դրանց պատճառով որոշ պետութիւններում իշխանութիւնները կանխարգելիչ նպատակներով ուժեղացրեցին բռնութիւններն ու ճնշումները իրաւապաշտպանների եւ ընդդիմադիրների նկատմամբ` վախենալով յեղափոխութիւնից, ինչպէս, օրինակ` Բելառուսում»,- ասում է Արտակ Կիրակոսեանը:
Հայաստանում 2010թ. առկայ խնդիրներից Իրաւապաշտպանների պաշտպանութեան օբսերվատորիան առանձնացրել է «հասարակական կազմակերպութիւնների մասինէ ՀՀ օրէնքի նախագիծը, որը, փորձագէտների գնահատմամբ, սպառնալիք էր ՀԿ սեկտորի համար եւ քաղաքացիական հասարակութեան ճնշման շնորհիւ հանուեց շրջանառութիւնից: Միւսը հեռուստատեսութեան թուայնացման գործընթացից բխող խնդիրներն էն` հեռուստաընկերութիւնների եթերազրկումը, «Ա1+»-ին եթեր չտրամադրելը: Զեկոյցն ամփոփում է նաեւ Հայաստանում քաղաքական իրավիճակը. դեռեւս չի իրականացուել 2008թ. մարտի դէպքերի արդիւնաւէտ քննութիւն:
Զեկոյցում ներկայացուած է 2010թ. մայիսին Ազատութեան հրապարակում հաւաքներ անցկացնելու իրաւունքի պաշտպանութեան համար պայքարող երիտասարդ ակտիւիստների (Անի եւ Սարգիս Գեւորգեաններ, Դաւիթ Քիրամիջեան) նկատմամբ ճնշումներն ու նրանց նկատմամբ յարուցուած քրէական գործը:
Մարդու իրաւունքների օբսերվատորիան չի անտեսել փաստաբան Մուշեղ Շուշանեանի նկատմամբ յարուցուած քրէական գործը, որը կարճուեց յօդուածի հակասահմանադրական լինելու հիմքով, հասարակական ակտիւիստ Մարիամ Սուխուդեանի նկատմամբ յարուցուած եւ կարճուած գործը, որի համար նա չկարողացաւ բարոյական վնասի փոխհատուցում ստանալ տեղական դատարաններում, ինչպէս նաեւ` Հելսինկեան ասոցիացիայի լրագրող եւ լուսանկարիչ Արշալոյս Յակոբեանի նկատմամբ քրէական հետապնդումը:
Արտակ Կիրակոսեանի գնահատմամբ` 2008թ. համեմատ Հայաստանում դրական տեղաշարժէր կան, ինչպէս լինում է ընտրութիւնից ընտրութիւն ընկած միջանկեալ հատուածում:
«Բայց առջեւում ընտրութիւններ էն եւ դրանք իսկական փորձութիւն էն լինելու մեզ համար»,- ասում է Արտակ Կիրակոսեանը` կանխատեսելով, որ իրավիճակն աւելի թէժ կը լինի նախագահական ընտրութիւնների ժամանակ:
Նա կարծում է, որ Հայաստանը այն երկրների շարքում է, որտեղ ռեֆորմների միջոցով հնարաւոր է հասնել դրական փոփոխութիւնների` ի տարբերութիւն, օրինակ` Բելառուսի, որտեղ ռեժիմի փոփոխութիւնն աւելի հաւանական է յեղափոխութեան ճանապարհով:
Զեկոյցում Արեւմտեան Եւրոպայի երկրներում իրաւապաշտպանների վիճակը ներկայացուած է ընդհանրական: Առանձին անդրադարձ կայ միայն Թուրքիային, որտեղ շատ էն բռնութիւնները եւ ճնշումները իրաւապաշտպանների` յատկապէս քրդական համայնքի իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող իրաւապաշտպանների նկատմամբ: Մինչեւ 36 տարի ազատազրկում է սպառնում գրող եւ սոցիոլոգ Փինար Սելեկին, ով Թուրքիայում արդէն 13 տարի է զբաղւում է կանանց եւ ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեամբ: Նրան առաջադրուած մեղադրանքը, ըստ զեկոյցի, անհիմն է եւ շինծու:
«Կենտրոնական Ասիայի երկրներում մարդու իրաւունքների պաշտպանները շարունակել էն իրենց աշխատանքներն իրականացնել բարդ եւ վտանգաւոր միջավայրում, երբեմն թշնամական վերաբերմունքի արժանանալով»,- գրուած է զեկոյցն ամփոփող թողարկման մէջ:
Կիրակոսեանի գնահատմամբ` եւրոպական երկրներից ամենավատ իրավիճակը Բելառուսում է, որտեղ շատ էն ճնշումներն իրաւապաշտպան գործունէութեամբ զբաղուողների նկատմամբ: Վերջերս 4,5 տարուայ ազատազրկման դատապարտուեց «Վեասնա» կենտրոնի նախագահ եւ FIDH-ի փոխնախագահ Ալէս Բելեացկին: Հայաստանում, ինչպէս այլ երկրներում, զեկոյցը ներկայացնելիս բանախօսների շարքում Ալէս Բելեացկու համար ազատ աթոռ էր նախատեսուած` որպէս նրան ազատ արձակելու կոչ:
Իրաւապաշտպանների պաշտպանութեան վերաբերեալ 2011թ. զեկոյցն ամբողջութեամբ անգլերէնով` այստեղ: Զեկոյցի Հայաստանին վերաբերող մասը հայերէնով` այստեղ:
Մերի Ալեքսանեան
Աղբիւրը` www.hra.am