Հայ մանուկների տարւայ Սպահանի հայոց թեմի միջոցառումների Կազմակերպիչ յանձնախմբի եզրափակիչ ձեռնարկը «Նոր Ջուղայում»


Հայ մանուկների տարւայ Սպահանի հայոց թեմի միջոցառումների Կազմակերպիչ յանձնախմբի եզրափակիչ ձեռնարկը «Նոր Ջուղայում»

  • 19-12-2011 10:19:37   |   |  Մշակոյթ
Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի, Հայ մանուկների տարւայ Սպահանի հայոց թեմի միջոցառումների Կազմակերպիչ յանձնախմբի եզրափակիչ ձեռնարկը մեծ հանդիսութեամբ տեղի ունեցաւ հինգշաբթի, դեկտեմբերի 15-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։ Սկզբում Կազմակերպիչ յանձնախմբի անդամուհի Սելին Ղարիբեանն ընթերցեց սոյն յանձնախմբի գործունէութեան զեկոյցը, որին զուգահեռ՝ պաստառի վրայ ցուցադրւեց համապատասխան տեսանիւթ՝ իրագործւած լայնածաւալ եւ բազմաբնոյթ աշխատանքներից։ Ծրագրի գեղարւեստական բաժինը ողողւած էր մանկական երգերի, երաժշտութիւնների եւ ասմունքի կատարումներով ու պարային ներկայացումներով, որոնք սքանչելիօրէն իրականացւեցին Կիրակնօրեայ դպրոցի եւ «Արփա» երաժշտանոցի փոքրիկ սաների, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան մանկական երգչախմբի, Փերիոյ Կրթ. միութեան մանկական պարախմբի, «Կոմիտաս» արւեստի դպրոցի սաների, Նոր Ջուղայի «Արարատ» միութեան մանկական պարախմբի եւ «Կռունկ» ասմունքի խմբի անդամների միջոցով։ Գեղարւեստական ծրագրի աւարտին թեմակալ առաջնորդի ձեռամբ եւ Պատգ. ժողովի դիւանի, Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետերի եւ Կազմակերպիչ յանձնախմբի նախագահի միջոցով գնահատագրեր եւ յուշանւէրներ շնորհւեցին՝ ի դիմաց ցուցաբերւած համագործակցութեան՝ թեմիս Կրթական խորհրդին, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգային դպրոցներին, միութիւններին, կազմակերպական աշխատանքներում յանձնախմբին օժանդակող անձանց, երեկոյի գեղարւեստական ծրագրի ղեկավարներին եւ Հայ մանուկների տարւայ միջոցառումների Կազմակերպիչ յանձնախմբի անդամուհիներին։ Երեկոն իր տրամաբանական աւարտին հասաւ թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի հայրական խօսքով։ Մանրամասնութիւնները՝ հետագայում։ Թղթակից (Նոր Ջուղա) «ԱԼԻՔ» օրաթերթ
  -   Մշակոյթ