«Եւրոնիւզ»-ը՝ Հայոց Ցեղասպանութեան մասին


«Եւրոնիւզ»-ը՝ Հայոց Ցեղասպանութեան մասին

  • 19-12-2011 10:23:40   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Այսօր՝ դեկտ. 18-ին, եւրոպական աչքառու լրատւամիջոցներից «Եւրոնիւզ»-ը իր լրատւական բաժնում անդրադարձել է Ֆրանսիայի Օրէնսդիր պալատի կողմից Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրէնքի օրակարգ մտնելուն եւ Թուրքիայի ցուցաբերած հակազդեցութեանը: «Եւրոնիւզ»-ը հաղորդել է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Լիբիայի ժամանակաւոր Ազգային խորհրդի խօսնակ Մոստաֆա Աբոլջալիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում յայտարարել է. «Եթէ Ֆրանսիան ցանկանում է Թուրքիայի պատմութեան էջերում ցեղասպանութեան հետքեր որոնել, աւելի լաւ կը լինի, եթէ յետ նայի եւ սեփական արիւնալի պատմութեան էջերը տեսնի կամ եթէ նրանք շատ են տարւած պատմութեամբ, լաւ կը լինի, եթէ անդրադառնան՝ Ռուանդայում, Ալժերիայում եւ Աֆրիկայում տեղի ունեցածին»: «Եւրոնիւզ»-ը այս մէջբերման աւարտից անմիջապէս յետոյ՝ անդրադարձ է կատարել սրանից շուրջ 10 տարի առաջ Ֆրանսիայի սենատի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւին եւ նշել. «1914-1916 թթ. Օսմանեան Թուրքիայի պետութեան կողմից իրականացւել են հայերի ջարդերը, որոնց ընթացքում 200 հազարից մէկուկէս միլիոն հայեր են սպանդի ենթարկւել»: «ԱԼԻՔ»- Մեր կողմից նշենք, որ Ֆրանսիային դասեր տւող թուրք պաշտօնատարը մոռացել է, որ երբ Ռուանդայի ցեղասպանութեան հարցն էր քննարկման օրակարգ մտել, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստերում Թուրքիան հանդէս եկաւ ժխտողական դիրքերից: Նոյնը կատարւեց նաեւ, երբ ցեղասպանութիւններին վերաբերեալ միջազգային սեմինարում Ռուանդայի հարցը օրակարգ մտաւ, դարձեալ Թուրքիան խոչընդոտեց եւ ժխտողի դիրքերից հանդէս եկաւ: Անկախ, թէ ինչով կարդիւնաւորւի Ֆրանսիայի սենատում Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագծի քննարկումը, ակնյայտ է շփոթւածութիւնը՝ Թուրքիայի քաղաքական այրերի մօտ: «ԱԼԻՔ» օրաթերթ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը