«Ժառանգութիւնը» ընդունում է իշխանութիւնների մարտահրաւէրը


«Ժառանգութիւնը» ընդունում է իշխանութիւնների մարտահրաւէրը

  • 24-05-2011 18:44:50   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի մայիսի 24-ի նիստում «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստեփան Սաֆարեանը յայտարարեց, որ Հայաստանում պարբերաբար քաղբանտարկեալներ յարուցելով` իշխանութիւնները փաստացի մինչ օրս բոլորին ուղերձ են յղել, որ կեղծուած ընտրութիւնների դէմ պայքարելն ու դրանց արդիւնքների հետ չհաշտուելը յանցանք է: Իսկ նախկինում յայտարարուած ու մայիսի 25-ի համաներման ուղերձն էլ այն է, որ իշխանութիւնն այնքան բարեգութ է, որ ժամանակ առ ժամանակ ներում է այդ «յանցագործներին»: «Չգիտեմ, թէ ու՞մ համար է ընդունելի այս խաղի կանոնը, ու՞մ է վստահութիւն ներշնչում իշխանութեան գործելակերպը, ո՞վ է այս ամէնը իր յաղթանակը հռչակում, բայց ինձ համար այն ընդունելի եւ ողջունելի չէ եւ ամենեւին յաղթանակ չէ: Ես կ'ողջունեմ մարդկանց ազատ արձակումը, բայց ոչ նման ուղերձով համաներումը, որովհետեւ հանդուրժող, երկխօսող, մարդասէր ու ժողովրդասէր պէտք է լինել ամէն օր, այլ ոչ թէ յատուկ, թէկուզեւ` յոբելեանական օրերին»,- նշել է Ս.Սաֆարեանը: Նոյն խմբակցութեան անդամ Անահիտ Բախշեանն իր յայտարարութեան մէջ նշեց. «Ու՞ր մնաց Սահմանադրութիւնը, որով պէտք է պաշտպանուի քաղաքացու սեփականութեան իրաւունքը, ու՞ր մնաց արդարութիւնը, որի բացակայութեան պատճառով մարդիկ փախչում են հայրենիքից, որի մասին խօսում են նաեւ գործող նախագահը, Ազգային ժողովի նախագահը: Քանի՞ լումայ արժեն այդ խօսքերը, երբ պետական կարիքների զոհերից մէկն իր եւ իր 5 երեխաների համար քաղաքացիութիւն ստանալու խնդրանքով արդէն դիմել է այն Թուրքիային, որն ունեզրկել, կոտորել, ապա` հայրենազրկել է մեր նախնիներին: Ի դէպ, այդ քաղաքացին ասաց, որ դիմումն ընթացք է ստացել: Քանի՞ լումայ արժեն այդ խօսքերը, երբ ունեզրկման կնքահայրը կրկին յաւակնում է քաղաքապետարանի գլխաւոր ճարտարապետի աթոռին»: Արմէն Մարտիրոսեանն իր յայտարարութեան մէջ նշեց, որ «Ժառանգութեան» կողմից որեւէ սկզբունքային առաջարկ, որն առաւել թափանցիկ եւ արդար կը դարձնէր ընտրութիւնները, տեղ չգտան Ընտրական օրէնսգրքում` այն դարձնելով բարեփոխման իմիտացիայ: Նախորդ ընտրութիւններում առկայ հիմնական խախտումները պահպանել են իրենց կրկնուելու հնարաւորութիւնները: Քաղաքական գործընթացներում ընտրական օրէնսգրքի պատճառով ծագած բոլոր անցանկալի հետեւանքների պատասխանատուն բացառապէս իշխանութիւններն են, եւ ոչ ոք յետագայում թող չփնտրի այլ մեղաւորներ: «Բայց «Ժառանգութիւնը» չի «լուանում» իր ձեռքերը, այլ ասում է ձեզ, որ մեզ թողնում էք միայն պայքարի ուղին, եւ մենք ընդունում ենք այդ մարտահրաւէրը»,- յայտարարեց Ա.Մարտիրոսեանը:
  -   Քաղաքական