Ստեփանակերտում կը բեմադրուի Ֆրանց Վերֆելի «Մուսայ լեռան քառասուն օրը» վէպի մոտիվներով գրական-երաժշտական ներկայացում
21-05-2011 14:57:13 | Հայաստան | Մշակոյթ
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնից եւ Ամն-ից ժամանած մի խումբ մշակոյթի գործիչների եւ դերասանների, ովքեր Ստեփանակերտում կը բեմադրեն Ֆրանց Վերֆելի «Մուսայ լեռան քառասուն օրը» վէպի մոտիվներով գրական-երաժշտական ներկայացումը:
Նախագահը կարեւորել է Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի ուժերի համադրումը համազգային նշանակութիւն ունեցող իրադարձութիւնների լայն լուսաբանման գործում, ինչը հանդիսանում է մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու, ինչպէս նաեւ միջազգային հանրութեանը հայ ժողովրդի պատմութեանը ծանօթացնելու հիմնական ուղղութիւններից մէկը:
Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան Նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, երկուստէք նշուել է, որ նման միջոցառումները պէտք է պարբերաբար կազմակերպուէն Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի տարբեր օջախներում:
Հանդիպմանը մասնակցում էին մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Նարինէ Աղաբալեանը, ԼՂՀ գրողների միութեան նախագահ Վարդան Յակոբեանը: