«Նուբարաշեն» Քկհ-ում կալանաւորները պահւում են անմարդկային պայմաններում, յայտարարում են հայաստանեան մի շարք հկ-ներ


«Նուբարաշեն» Քկհ-ում կալանաւորները պահւում են անմարդկային պայմաններում, յայտարարում են հայաստանեան մի շարք հկ-ներ

  • 20-05-2011 13:28:43   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
 ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամ Զարուհի Փոստանջեանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջեանը, ով արդէն 88 օր գտնւում է նախնական կալանքի տակ, յայտարարել է հացադուլ` ՀՀ ԱՆ ,նուբարաշենէ Քկհ-ում կալանաւորների նկատմամբ անմարդկային եւ նուաստացուցիչ վերաբերմունքի դէմ: Այդ կապակցութեամբ հայաստանեան մի շարք հասարակական կազմակերպութիւններ մայիսի 20-ին հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ, որում ասուած է. «Տիգրան Փոստանջեանին ՀՀ ԱՆ ,նուբարաշենէ ՔԿՀ վարչական ղեկավարութիւնը պահել է 39 խցում, որը շուրջ 25 քառակուսի մետր է: Ըստ Տ. Փոստանջեանի նրա հետ գտնուել են եւս 18 կալանաւոր: Քնելու համար իրար վրայ ամրակցուած երկուական մահճակալները տեղադրուած են խցի պատերի ողջ եզրերով, որոնք ամրակցուած են միմեանց: Կալանաւորների թիւն աւելի է, քան խցում առկայ 11 քնելատեղը, եւ կալանաւորները ստիպուած են քնել հերթափոխով` ընդհանուր օգտագործելով քնելու տեղերը եւ անկողինները: Խցում միաժամանակ գտնւում են ծխող եւ չծխող կալանաւորներ: Խցի հեռուստացոյցը եւ լոյսը միացուած են օրը 24 ժամ: Կալանաւորները սնւում են կէս մետր հեռաւորութեան վրայ գտնուող զուգարանի կողքին: Խցում չկայ օդափոխութիւն, ջերմաստիճանը հասնում է մինչեւ 38 աստիճանի: Տարբեր խայթող միջատների առատութեան պատճառով Տիգրան Փոստանջեանը ստիպուած է քնել հագուստով: 11 կալանաւորի համար նախատեսուած խցում 19 կալանաւորի պահելու հետեւանքով առկայ է մշտական աղմուկ եւ հասկանալի խառնաշփոթ: ՀՀ մի շարք հասարակական կազմակերպութիւններ, ինչպէս նաեւ ՀՀ ԱՆ ՔԿՀ Հասարակական դիտորդների խումբը նախկինում բազմիցս նշել եւ յայտարարութիւն են արել քրէակատարողական հիմնարկների գերբնակեցուածութեան խնդրի կապակցութեամբ : Այդպիսի պայմաններում Տիգրան Փոստանջեանին եւ այլ կալանաւորներին պահելը ոչ միայն խախտում է ՀՀ օրէնսդրութիւնը, այլ նաեւ Մարդու իրաւունքների եւրոպական կոնուենցիայի 3-րդ յօդուածը` Խոշտանգումների արգելում. ոչ ոք չպէտք է ենթարկուի խոշտանգումների կամ անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի կողմից ընդունուած «Կալաշնիկովն ընդդէմ Ռուսաստանի Դաշնութեան» գործով որոշմամբ, որում նկարագրւում է Տիգրան Փոստանջեանին եւ նրա խցակիցներին պահելու գրեթէ համանման իրավիճակ, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Մարդու իրաւունքների եւրոպական կոնուենցիայի 3-րդ յօդուածի խախտում: ՀՀ իշխանութիւններից պահանջում եւ կոչ ենք անում` անյապաղ միջոցներ ձեռնարկել վերացնելու անմարդկային եւ նուաստացնող վերաբերմունքը Տիգրան Փոստանջեանի եւ ՀՀ ԱՆ ,նուբարաշենէ Քկհ-ում պահուող կալանաւորների նկատմամբ»: Յայտարարութիւնը ստորագրել են Քաղաքացիական հասարակութեան ինստիտուտ հկ-ն, Փաստաբաններ մարդու իրաւունքների համար հկ-ն, Թրանսփարէնսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկեան Քաղաքացիական Ասամբլէայի հայկական կոմիտէն, Հայաստանի Հելսինկեան կոմիտէն, Երիտասարդութիւն յանուն ժողովրդավարութեան հկ-ն, Քաղաքացիական ազգային նախաձեռնութիւն հկ-ն, Էկոդար, Իրաւաբանները ընդդէմ խոշտանգումների եւ Յոյս հկ-ները։
  -   Մարդու իրաւունքներ