Նիկոլայ Բորդիւժայ. «Մինսկի խմբի ջանքերը եւ ՌԴ նախագահի միջնորդական աշխատանքը ռէալ նպաստում են ԼՂ խնդրի լուծմանը»


Նիկոլայ Բորդիւժայ. «Մինսկի խմբի ջանքերը եւ ՌԴ նախագահի միջնորդական աշխատանքը ռէալ նպաստում են ԼՂ խնդրի լուծմանը»

  • 19-05-2011 19:09:22   | Հայաստան  |  Քաղաքական
Ադրբեջանի ուժգնացած ռազմաշունչ հռետորաբանութեան պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան շուրջ իրավիճակը յղի է սրացմամբ։ Այս մասին մայիսի 19-20-ին Երեւանում անցկացուող «Հապկ-ը եւ Հարաւային Կովկասը. տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան հեռանկարներ» թեմայով միջազգային համաժողովի բացմանը յայտարարեց ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորդիւժան։ Նա նշեց, որ Հապկ-ն հանդէս է գալիս բացառապէս խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու օգտին։ «Ռացիոնալ չէ մշտական լարուածութեան պահպանումը, որի հետեւանքով տարուայ կտրուածքով կեանքից զրկւում է մօտ 50 մարդ, ահռելի միջոցներ են ծախսւում ռազմական կարիքների համար՝ երկրի զարգացմանն ու բնակչութեան բարեկեցութեան բարձրացմանը դրանք ուղղելու փոխարէն»,- ասաց Հապկ-ի գլխաւոր քարտուղարը, ընդգծելով, որ ամէն րոպէ նման լարուածութեան օջախի պահպանումը կարող է յանգեցնել ռազմական հակամարտութեան։ Հապկ-ն կողմնակից է, որպէսզի ցանկացած հակամարտութիւն լուծուի միջազգային իրաւունքի նորմերի հիման վրա։ Ըստ Ն.Բորդիւժայի, հակամարտութեան երկու կողմերն ընդունել են Հելսինկեան եզրափակիչ ակտի 3 սկզբունքների փաթեթային բանաձեւը, որը «բանական փոխզիջում է»։ Նա ծայրաստիճան կարեւոր է համարում, որ բանաձեւը առաջին հերթին շեշտը դնում է ուժի չկիրառման սկզբունքի վրա։ Հապկ-ն կողմնակից է նաեւ, որպէսզի խնդրի լուծման ուղիները որոնուեն արդէն գոյութիւն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով, քանի որ դրանից դուրս գործողութիւնները վտանգում են բանակցային գործընթացը։ «Մենք վստահ ենք. որ Մինսկի խմբի հետեւողական եւ պլանաչափ ջանքերը եւ Ռուսաստանի նախագահի ակտիւ միջնորդական աշխատանքը ռէալ նպաստում են միջազգային կեանքի այդ բարդագոյն խնդրի լուծմանը»,- նշեց Ն.Բորդիւժան։ Նա ընդգծեց, որ Հապկ-ն իր գործունէութեամբ նպաստում է տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, իսկ անդամ պետութեան դէմ արտաքին ագրեսիայի դէպքում Հապկ-ի անդամ պետութիւնները երաշխաւորուած օգնութիւն ցոյց կտան։ Ն.Բորդիւժան նշեց նաեւ Ռուսաստանի՝ որպէս եւրասիական տարածաշրջանում կայունութեան եւ անվտանգութեան ապահովման գործօնի դերը։ Հապկ-ը մտահոգ է Հայաստանի անմիջական հարեւան Իրանի միջուկային ծրագրի շուրջ պահպանուող անորոշութեան կապակցութեամբ, որը Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգութեան ու կայունութեան հնարաւոր սպառնալիք է։ Ն.Բորդիւժան մտահոգութիւն յայտնեց նաեւ Թբիլիսիի ներկայիս քաղաքականութեան, մասնաւորապէս, «արտատարածաշրջանային գործօնների ներգրաւմամբ» ռազմական նախապատրաստութիւնների կապակցութեամբ։ Նա յիշեցրեց, որ 2008թ.-ին Հապկ-ի շրջանակներում Ռուսաստանի դաշնակիցները սատարեցին Կովկասում խաղաղութիւն եւ համագործակցութիւն զարգացնելու հարցում Ռուսաստանի ակտիւ դերակատարմանը։ «Այն ժամանակ էր, որ մենք բոլորս պարզեցինք, թէ որքան ճիշտ էր Ռուսաստանի նախագահը, ով այդ զինուած հակամարտութիւնից ոչ շատ առաջ առաջարկեց իրաւաբանօրէն պարտաւորեցնող պայմանագիր կնքել եւրոպական անվտանգութեան մասին, որովհետեւ ներկայիս անվտանգութեան համակարգը ակնյայտօրէն չի ապահովում կայուն խաղաղութիւն, հաւասարապէս չի երաշխաւորում իւրաքանչիւր՝ փոքր ու մեծ երկրի անվտանգութիւնը»,- ընդգծեց Ն.Բորդիւժան։ Նա յաւելեց, որ Եւրոպական անվտանգութեան մասին պայմանագրի ստորագրման նպատակայարմարութեան օգտին հանդէս են եկել Հապկ-ի անդամ բոլոր երկրները, ինչպէս նաեւ Եւրոպայի եւ Ասիայի մի շարք երկրների ղեկավարներ։ «Վստահ եմ, որ նման պայմանագրի առկայութիւնը կը քանդի տարածաշրջանային հակամարտութիւնների հանգոյցները»,- նշեց Հապկ-ի գլխաւոր քարտուղարը։
  -   Քաղաքական