Մոսկուայում նշուել է Կիմ Բակշիի ծննդեան 80-ամեայ յոբելեանը
11-03-2011 20:30:54 | Ռուսաստան | Մշակոյթ
Մարտի 10-ին Մոսկուայի ազգութիւնների տանը տեղի ունեցաւ անուանի գրող եւ կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ծննդեան 80-ամեայ յոբելեանին նուիրուած երեկոն: Միջոցառմանը մասնակցում էին Ռուսաստանի Դաշնութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Օլեգ Եսայեանը, ռուսաստանեան մշակոյթի, հասարակական եւ գիտական ոլորտի յայտնի ներկայացուցիչներ:
Հայ ժողովրդի բարեկամ, ականաւոր լրագրող եւ հասարակական գործիչ Կիմ Բակշին իր մասնագիտական գործունէութեան 40 եւ աւելի տարիները նուիրել է Հայաստանին եւ հայ ժողովրդի պատմագիտական անցեալի ուսումնասիրմանը: Նա իր նուիրուածութիւնը Հայաստանի հանդէպ արտայայտել է ,արծիւն ու սուրըէ, ,ճակատագիրն ու քարըէ ստեղծագործութիւններով եւ բազմաթիւ այլ գրքերով ու հրապարակումներով: Առանձնակի կարեւորութիւն ունի նրա` ,մատենադարանէ խորագրով ֆիլմաշարը:
80-ամեայ յոբելեանի առթիւ անուանի գրողին իր շնորհաւորական ուղերձն էր յղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը, որում մասնաւորապէս նշուած է մտաւորականի մեծագոյն շնորհն ու հայանպաստ գործունէութեան կարեւորութիւնը: Ռուսաստանի Դաշնութիւնում ՀՀ դեսպան Օլեգ Եսայեանը, ներկայացնելով ուղերձը, իր շնորհաւորական խօսքում նշեց, որ անուանի գրող Կիմ Բակշին իր ուրոյն տեղն ունի Հայաստանի այն վստահելի եւ սիրելի բարեկամների շարքում, ովքեր իրենց անգնահատելի ներդրումն ունէն հայ ժողովրդի պատմութեան եւ մշակութային ժառանգութեան քարոզման գործում:
ԼՂՀ Նախագահ Բակոյ Սահակեանի ուղերձը մեծանուն մտաւորականի ծննդեան տարեդարձի առթիւ երեկոյին ներկայացրեց Ռուսաստանի Դաշնութիւնում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրեանը, ով նաեւ ընդգծեց Կիմ Բակշիի գրական ջանքերի կարեւորութիւնը ռուսաստանեան հանրութեանը պատմական Արցախի ներկայացման գործում:
Բազմաթիւ շնորհաւորանքներից յետոյ Սեւծովեան-կասպեան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիոլոգիական ուսումնասիրութիւնների ինստիտուտի տնօրէն Վլադիմիր Զախարովը Կիմ Բակշիին շնորհեց Ռուսաստանի Կովկասեան ակադեմիայի` ,խաղաղութիւնը Կովկասումէ մեդալը: Կիմ Բակշին պարգեւատրուեց նաեւ Ռուսաստանի հայերի միութեան յոբելեանական շքանշանով: