Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Աւտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրէնսդրական փաթեթը


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Աւտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրէնսդրական փաթեթը

  • 22-06-2011 14:37:47   | Հայաստան  |  Հասարակութիւն
Յունիսի 22-ի արտահերթ նիստում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Աւտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրէնքի նախագծի եւ դրանից բխող Վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքում լրացումների օրէնսդրական փաթեթը: Ըստ այդմ, աւտոկայանատեղի գործունէութիւնը կազմակերպւում է համայնքի ղեկավարի կամ նրա կողմից լիազօրուած համայնքային մարմնի կողմից: Համայնքի աւագանու որոշմամբ աւտոկայանատեղի կազմակերպելու իրաւասութիւնը կարող է վերապահուել նաեւ ֆիզիկական եւ իրաւաբանական անձանց: Աւտոտրանսպորտային միջոցը աւտոկայանատեղում կայանելու համար, ըստ նախագծի, իւրաքանչիւր մէկ ժամուայ համար սահմանւում է տուրք մինչեւ 500 դրամ, մէկ օրուայ համար` մինչեւ 3 000 դրամ, մէկ շաբաթուայ համար` մինչեւ 6 000 դրամ, մէկ ամսուայ համար` մինչեւ 30 000 դրամ, մէկ տարուայ համար` մինչեւ 120 000 դրամ: Իւրաքանչիւր համայնքում աւտոկայանատեղի տուրքերի դրոյքաչափերը սահմանելու է տուեալ համայնքի աւագանին` oրենքով նախատեuված դրոյքաչափերի uահմաններում: Աւտոտրանսպորտային միջոցն առանց համապատասխան տուրքի վճարման աւտոկայանատեղում քսանչորս ժամից աւելի կայանելու դէպքում աւտոկայանատեղի կազմակերպիչն իրաւունք ունի տուեալ տրանսպորտային միջոցն իր ուժերով տեղափոխել դրա համար նախատեսուած յատուկ տարածք, եթէ տրանսպորտային միջոցի սեփականատէրը կամ նրա լիազօր անձը կամ այն անձը, որին ամրացուած է աւտոտրանսպորտային միջոցը չի ստանձնում պարտաւորութիւն վճարել տեղական տուրքն ու տուրքը չվճարելու համար օրէնքով նախատեսուած տուգանքը: Յատուկ տարածքում աւտոտրանսպորտային միջոցի իւրաքանչիւր ժամի, իւրաքանչիւր օրուայ պահպանման համար գանձւում է տուրք` մինչեւ տուեալ աւտոկայանատեղի համար սահմանուած համապատասխան դրոյքաչափի եռապատիկը: Օրէնքի պահանջները խախտողներին պատասխանատուութեան ենթարկելու նպատակով Վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքում կատարւում էն լրացումներ, մասնաւորապէս` պատասխանատուութիւն է սահմանւում աւտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի աւտոկայանատեղում կայանելու համար օրէնքով սահմանուած տեղական տուրքը չվճարելու համար: Օրէնսդրական փաթեթին ձեռնպահ քուէարկեց ՀՅԴ խմբակցութիւնը: Մինչեւ քուէարկութիւնը խմբակցութեան քարտուղար Արտիւշ Շահբազեանը յայտարարեց, որ «Աւտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրէնքի նախագծի վերաբերեալ իրենք «բազմաթիւ մտահոգութիւններ էն արտայայտուել», ուստի կքուէարկէն ձեռնպահ, կներկայացնէն առաջարկներ, իսկ նախագծի վերաբերեալ յետագայ դիրքորոշումը պայմանաւորուած կը լինի իրենց առաջարկութիւնների նկատմամբ կառավարութեան արձագանքից:
  -   Հասարակութիւն