Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրուել


Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրուել

  • 08-02-2011 15:45:16   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ Տապան։ Փետրուարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնների հետ նախօրօք ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն, ԵԱՀԿ առաքելութիւնը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղութեամբ: Այս մասին յայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւնից: Ըստ նոյն աղբիւրի, ԼՂՀ պաշտպանութեան բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենեակի համակարգող, փոխգնդապետ Իմրէ Պալատինուսը/Հունգարիայ/ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի/ԳՆԱՆ/ դաշտային օգնական Ժասլան Նուրտազինը/Ղազախստան/: Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Քրիստոյ Քրիստովը /Բուլղարիայ/ եւ Վիլեամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրուել: Սակայն ադրբեջանական կողմը, ի տարբերութիւն ղարաբաղեան կողմի, հերթական անգամ ԵԱՀԿ առաքելութեանը դուրս չի բերել իր առաջնային գծի` նախօրօք փոխհամաձայնեցուած կէտ, ինչի արդիւնքում դիտարկման խմբերը ստիպուած են եղել դիտարկումն իրականացնել աւելի հեռաւոր տարածութիւնից: Դիտարկման առաքելութեանը ղարաբաղեան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարութեան եւ ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչները:
  -   Քաղաքական