Կարէն Անդրէասեան. Իրաւական կանխատեսելիութեան բացակայութիւնը խաթարում է արդարադատութեան պատշաճ իրականացման գործընթացը


Կարէն Անդրէասեան. Իրաւական կանխատեսելիութեան բացակայութիւնը խաթարում է արդարադատութեան պատշաճ իրականացման գործընթացը

  • 18-05-2011 20:46:18   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
Այսօր Հայաստանի հասարակութիւնն ունի երկու խնդիր՝ հացի եւ արդարութեան։ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական աջակցութեամբ Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի եւ ՀՀ Փաստաբանների պալատի կողմից մայիսի 18-ին անցկացուած «Արդար դատաքննութեան իրաւունք» ֆորումում իր խօսքում ընդգծել է Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեանը։ «Բոլոր փաստաբանները գիտեն, որ անարդար դատաւորների դէմ պայքարի օրէնքով սահմանուած միայն մէկ միջոց կայ` դա կարգապահական պատասխանատուութեան ենթարկելն է, որի համար հաղորդում կարող է տալ իւրաքանչիւրը: Եւ, իհարկե, կան դատաւորներ, որոնք ենթարկւում են կարգապահական պատասխանատուութեան, բայց արդեօ՞ք հէնց այն դատաւորներն են ենթարկւում կարգապահական պատասխանատուութեան, ովքեր արժանի էին: Սա եւս մտահոգիչ խնդիր է»,- ասել է Կարէն Անդրէասեանը: Նա նշել է նաեւ, որ յաճախ հանդիպում ենք իրավիճակների, երբ դատաւորը անկախ է իրեն զգում օրէնքից, եւ նոյն դատական համակարգում կայ որոշակի անպատժելիութեան մթնոլորտ։ Մարդու իրաւունքների պաշտպանը 2011թ. յունուարի 1-ից դատաւորի նկատմամբ կարգապահական վարոյթ յարուցելու հաղորդում տալու լիազօրութիւն ունի: «Դատական ակտի ընդունումից յետոյ մէկ տարուայ ընթացքում, ինչպէս շատ այլ պետական մարմիններ, շատ այլ անձինք, Պաշտպանը եւս իրաւունք ունի հաղորդում տալ կարգապահական վարոյթ յարուցելու մասին: Սակայն Պաշտպանը միւսների համեմատ ունի մէկ իրաւական առաւելութիւն. եթէ հաղորդում ստացած մարմինը կարող է, առերեւոյթ հիմքերի բացակայութեան պատճառաբանութեամբ, առանց քննութեան վերադարձնել այն, ապա Պաշտպանի հաղորդումը նա պարտաւոր է քննարկել եւ ընդունուած որոշման մասին յայտնել եռօրեայ ժամկէտում»,- ընդգծել է Պաշտպանը: Ընդ որում, Պաշտպանն իրաւունք ունի պահանջել եւ ստանալ միայն աւարտուած գործերի վերաբերեալ նիւթերը, իսկ կարգապահական վարոյթ յարուցելու մասին հաղորդում կարող է տալ դատական ակտի կայացումից յետոյ` մէկ տարուայ ընթացքում: «Այդ ժամկէտում դուք կարող էք դիմել մեզ ' եթէ յայտնաբերուեն դատավարական ու նիւթական նորմերի կոպիտ խախտումներ, եւ մենք ունենանք հիմնաւոր փաստարկներ, ապա հաղորդում կը ներկայացնենք Արդարադատութեան խորհրդին կամ վարոյթ յարուցելու իրաւասութիւն ունեցող այլ անձանց: Այդպիսով, մեր համատեղ ջանքերով կը կարողանանք նմանատիպ դէպքերը դուրս բերել դատական փակ համակարգից եւ, անգամ անկախ վարոյթի արդիւնքից, կը կարողանանք դրանք դարձնել հասարակական հսկողութեան առարկայ»,- դիմել փաստաբաններին, նշել է Պաշտպանը: Կ.Անդրէասեանը նկատել է, որ այսօր իրաւական կանխատեսելիութիւն եւ իրաւական որոշակիութիւն չկա, մի գործով մէկ ատեանը ընդունում է ինչ-որ որոշում, նմանատիպ այլ գործով մէկ այլ ատեանը ընդունում է բոլորովին այլ որոշում: «Դատական համակարգը հաշուի չի առնում նախադէպերը, ինչը պատճառաբանւում է դատարանի ունեցած հայեցողութեան լայն շրջանակով կամ կոնկրէտ գործի հանգամանքներով: Իսկ իրաւական կանխատեսելիութեան բացակայութիւնը խաթարում է արդարադատութեան պատշաճ իրականացման գործընթացը»,- նշել է Կ.Անդրէասեանը, յաւելելով, որ իրաւական կանխատեսելիութեան ապահովման պարագայում փաստաբանները կը լինեն այն լծակը, այն ուժը, որը հասարակութեանը կ'ուղղորդի դէպի արդարութիւն` ինչպէս բոլոր զարգացած երկրներում:
  -   Մարդու իրաւունքներ