Յարութ Սասունեան. Թուրքիայի վարչապետը դարձեալ հարուածեց ինքն իրէն


Յարութ Սասունեան. Թուրքիայի վարչապետը դարձեալ հարուածեց ինքն իրէն

  • 18-01-2011 11:04:31   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամէն անգամ բերանը բացելիս ամօթալի վիճակի մէջ է գցում իրէն եւ իր կառավարութեանը: Նրա ցասումնալի, յաճախ նաեւ ապշեցուցիչ եւ վիրաւորական յայտարարութիւնները Թուրքիայի համար վատ համբաւ էն ստեղծում միջազգային ասպարէզում եւ մի նոր զէնք էն դառնում իր ընդդիմադիրների ձեռքին: Մէկ տարի առաջ Էրդողանը սպառնաց 100 հազար հայերի արտաքսել Թուրքիայից, դրանով իսկ ամբողջ աշխարհին յիշեցնելով, որ Անկարայի ներկայիս ղեկավարները այնքան էլ չէն տարբերւում իրենց արիւնախում նախնիներից, որոնք 1.5 միլիոն հայերի էին արտաքսել եւ կոտորել 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանութեան ժամանակ: Խիստ քննադատութեան ենթարկուելով երկրի ներսում եւ արտերկրում, Էրդողանը արդարացաւ, թէ նա ցանկացել է արտաքսել Հայաստանից եկած այն աշխատողներին, որոնք փաստաթղթեր չէն ունեցել: Երբ նրան ասացին, որ 100 հազար հայերի թւում ընդգրկուած էն թէ տեղացի, եւ թէ օտարերկրեայ հայերը, Վարչապետը մեղադրեց իր օգնականներին` հայ ազգաբնակչութեան վերաբերեալ իրէն սխալ տուեալներ տրամադրելու համար:   Այս ամսուայ սկզբին Կարս կատարած այցելութեան ժամանակ Էրդողանը եւս մէկ անտակտութիւն թոյլ տուեց, երբ պահանջեց քանդել «Հայաստան-թուրքիայ բարեկամութիւնը» խորհրդանշող վիթխարի յուշարձանը: Աւելի քան 30 մետր բարձրութիւն եւ 1500 տ քաշ ունեցող անաւարտ յուշարձանը պատուիրել էր Կարսի նախկին քաղաքապետը` յուսալով, որ Հայաստանի հետ հաշտեցումն ու սահմանների բացումը կը նպաստեն նրա քաղաքի թոյլ տնտեսութեան զարգացմանը: Յուշարձանը պատկերում էր մի մարդու, որը բաժանուած էր երկու մասի եւ բարեկամութեան ձեռք էր մեկնում իր միւս կէսին: Յուշարձանն անուանելով «տարօրինակ» եւ «այլանդակ», Վարչապետը կոչ արեց նոր քաղաքապետին մինչեւ իր յաջորդ այցելութիւնը քանդել 1.5 մլն դոլար արժողութեամբ յուշարձանը:   Կարսի յուշարձանն անուանելով արուեստի «այլանդակ» ստեղծագործութիւն, Էրդողանը քննադատութեան հզօր ալիք բարձրացրեց եւ առաջ բերեց իրադարձութիւնների մի շղթայ, որոնք ծաղրի առարկայ դարձրին նրան ամբողջ աշխարհում. -Էրդողանի քաղաքական ընդդիմախօսները մեղադրեցին նրան քաղաքի ադրբեջանցի ընտրողներին քծնելու մէջ, որոնք կտրականապէս դէմ էն Հայաստանի հետ որեւէ հաշտեցման: Նրանց կարծիքով, յուշարձանը քանդելու Վարչապետի հրամանը պայմանաւորուած էր ընտրական կոպիտ դրդապատճառներով եւ ոչ թէ նրա գեղարուեստական ճաշակով: -Թուրքիայի մշակոյթի նախարարը փորձեց փրկութեան հասնել Էրդողանին, պնդելով, թէ Վարչապետն արձանի շրջակայքում գտնուող հիւղակներն է «այլանդակ» անուանել եւ ոչ թէ յուշարձանը: Անդրդուելի մնալով, Էրդողանն անյարմար վիճակի մէջ գցեց իր նախարարին` նախատելով նրան եւ կրկնելով իր կողմից աւելի վաղ արուած յայտարարութիւնը: Այնուհետեւ, քիթը խոթեց փոխվարչապետ Բիւլենթ Առինչը, մաղթելով, որ «Աստուած օգնական լինի իրէն, եթէ յանկարծ ինքն էլ յայտնուի այնպիսի անյարմար իրավիճակում, ինչպէս Մշակոյթի նախարարը»: -Նոյնիսկ Թուրքիայի այնքան համբաւաւոր Ահմէդ Դաւութօղլուն ներքաշուեց այս հարցի մէջ` ապարդիւն փորձելով պաշտպանել Վարչապետին: Դաւութօղլուն յայտարարեց, որ յուշարձանի հետ կապուած իրական խնդիրն այն է, որ «չի յաջողուել արձանը համահունչ դարձնել Կարս քաղաքի սելջուկեան, օսմանեան եւ ռուսական դիմագծին»: Բրիտանական «The Economist» հանդէսն իր սուր ծաղրական արձագանքով մեղադրեց Դաւութօղլուն քաղաքի «Հայկական ժառանգութեան» ոչնչացման մէջ` յաւելելով, որ «երկար ժամանակ լքուած 10-րդ դարի հայկական եկեղեցին վերջերս վերաբացուեց որպէս մզկիթ»: -Յուշարձանի յայտնի քանդակագործ Մեհմէդ Աքսոյը, Էրդողանի հրամանը համեմատեց թալիբների կողմից Աֆղանստանում Բուդդայի հնագոյն արձանների ոչնչացման հետ: Աքսոյը նախազգուշացրեց, որ յուշարձանը պայթեցնելու դէպքում Թուրքիայի վարկանիշն ահաւոր կը տուժի: Նա սպառնաց դատի տալ Վարչապետին արուեստի իր ստեղծագործութիւնը վարկաբեկելու համար: -Միջազգային լրատուամիջոցները խստօրէն դատապարտեցին Էրդողանին` ծաղրելով նրա գեղարուեստական ճաշակն ու բացայայտելով նրա կոպիտ քաղաքական դրդապատճառները: «The Wall Street Journal»-ը, «The Economist»-ը, «Associated Press»-ը, «Radio Free Europe»-ը, «Reuters, BBC»-ն, «Washington Post»-ը, «Liberation»-ը եւ հարիւրաւոր այլ լրատուական գործակալութիւններ քննադատեցին Էրդողանի կործանարար հրահանգը: -Որոշ թուրք լրագրողներ կասկածի տակ առան Վարչապետի իրաւունքն ու լիազօրութիւնը մի յուշարձան հանելու կամ քանդելու առումով: -Հայաստանի արտգործնախարարը վրդովուած արձագանքեց Էրդողանի յայտարարութեանը եւ խորհուրդ տուեց նրան երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման համար նոր հիմքեր կառուցել` դրանք քանդելու փոխարէն: Մեկնաբանների մեծ մասը Վարչապետի վիրաւորական խօսքերը ներկայացրին որպէս վերջին մեխ` խփուած հայ-թուրքական չվաւերացուած Արձանագրութիւնների դագաղին: Չպէտք է զարմանալ, որ Ադրբեջանի խորհրդարանի անդամ Մուբարիզ Գուրբանլին իր հիացմունքն արտայայտեց «Հայաստան-թուրքիայ բարեկամութեան» յուշարձանը քանդելու Էրդողանի հրամանի առնչութեամբ: Գուրբանլին ճիշտ էր` նշելով, որ «Կարիք չկայ յուշարձան կանգնեցնել Հայաստանի հետ գոյութիւն չունեցող բարեկամութեան առթիւ»: Ի հարկէ, յուշարձաններ ոչնչացնելը նորութիւն չէ ադրբեջանական եւ թուրքական իշխանութիւնների համար: Մի քանի տարի առաջ Ադրբեջանը հազարաւոր հայկական պատմական խաչքարեր ոչնչացրեց Նախիջեւանում գտնուող Ջուղայի գերեզմանոցում, ձգտելով մրցակցել թուրքական կառավարութեան հետ` հարիւրաւոր հայկական եկեղեցիների եւ յուշարձանների զանգուածային ոչնչացման գործում` սկսած Հայոց ցեղասպանութիւնից: Իրօք, Էրդողանը պարզապէս շարունակում է իր նախնիների դարաւոր վատ աւանդոյթը` հրամայելով քանդել Կարսի «բարեկամութեան» կոթողը: Եթէ Դաւութօղլուն եւ Էրդողանը իսկապէս անկեղծ էն հայ-թուրքական բարեկամութեան աջակցութեան գործում, ապա նրանք պէտք է անյապաղ քանդեն Իգդիրում 1997 թուականին կառուցուած «ցեղասպանութեան» հրէշաւոր յուշարձանը` բաղկացած դէպի երկինք ձգուող մօտ 40 մետրանոց հինգ սրերից` ձգտելով յաւէրժացնել այն մեծ սուտը, թէ իբր հայերը սպանել էն թուրքերին:   Յարութ Սասունեան «Կալիֆորնիա կ'ուրիէր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ