Հայ ազգային կոնգրէսի մարտի 1-ին հրաւիրած հանրահաւաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանն առաջարկեց ելոյթի փոխարէն հանրահաւաքի անունից ընդունել հետեւեալ յայտարարութիւնը.
«Արձանագրելով, որ Հայաստանի ներկայ աւազակապետական վարչախումբը իշխանութիւնը բռնազաւթել է կեղծուած խորհրդարանական ու նախագահական ընտրութիւնների եւ 2008թ. մարտի 1-ի արիւնոտ ոճրագործութեան միջոցով.
Որ անցած երեք տարիների ընթացքում երկիրը կառավարել է բացայայտ բռնապետական մեթոդներով՝ սիստեմատիկաբար սահմանափակելով խօսքի, մամուլի, հաւաքների ազատութիւնն ու կոպտօրէն ոտնահարելով մարդու եւ քաղաքացու իրաւունքները.
Որ անդառնալի հարուած է հասցրել հայ ժողովրդի արժանապատուութեանը՝ համաձայնելով Հայոց ցեղասպանութիւնը կասկածի տակ դնող հայ եւ թուրք պատմաբանների յանձնաժողովի ստեղծմանն ու ընդունելով Հայաստանում օտարալեզու դպրոցների հիմնադրման մասին հակասահմանադրական օրէնքը.
Որ ապաշնորհ ու անսկզբունքային քաղաքականութեան հետեւանքով գրեթէ վիժեցրել է բանակցութիւնների միջոցով Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման հնարաւորութիւնը եւ հակամարտութիւնը հասցրել նախապատերազմական վիճակի.
Որ ցինիկաբար ու հետեւողականօրէն խափանել է 2008թ. մարտի 1-ին բանակի ու ոստիկանութեան կողմից կատարուած սպանութիւնների բացայայտումը՝ բացէիբաց ձգտելով դատական պատասխանատուութիւնից ազատել թէ՛ բուն կատարողներին, թէ՛ նրանց ետեւում կանգնած պետական պաշտօնեաներին.
Որ սոցիալ-տնտեսական վիճակի բարելաւմանն ուղղուած իրական քայլերի փոխարէն՝ զբաղուած է մանր ու միջին գործարարութեան դէմ ձեռնարկուած շարունակական սահմանափակումներով եւ սոցիալապէս անապահով խաւերի համար նորանոր բարդութիւններ ստեղծելով.
Որ երկրում ստեղծել է ամենաթողութեան, անպատժելիութեան, համատարած կողոպուտի, մոնոպոլիաների սանձարձակ գերիշխանութեան, պետական պաշտօնեաների ու օլիգարխների յղփացածութեան եւ ամբարտաւանութեան մթնոլորտ, ինչի հետեւանքով արտագաղթը հասել է պետականութեանն սպառնացող աղէտալի չափերի.
Որ ժողովրդի մեծամասնութեանը մատնելով ծայրայեղ թշուառութեան՝ նրան զրկել է ոչ միայն արժանապատիւ ու քիչ թէ շատ բարեկեցիկ կեանքով ապրելու հնարաւորութիւնից, այլեւ դրան հասնելու որեւէ յոյսից ու հեռանկարից.
Եւ վերջապէս, նկատի ունենալով, որ վարչախումբը ոչ միայն տրամադիր, այլեւ ի վիճակի էլ չէ կատարելու որեւէ դրական քայլ թէ՛ սոցիալ-տնտեսական վիճակի բարելաւման, թէ՛ ժողովրդավարութեան ու օրինականութեան հաստատման, եւ թէ՛ արտաքին քաղաքականութեան խնդիրների լուծման բնագաւառներում, ինչը նրա լիակատար սնանկութեան ապացոյցն է,
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԷՍԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԱԾ ՆԵՐԿԱՅ ՀԱՆՐԱՀԱՒԱՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է.
1. Մինչեւ ս.թ. մարտի 15-ը, այսինքն՝ մինչեւ Հայաստանի հարցով Եւրոխորհրդի համազեկուցողների երեւանեան այցը, ազատ արձակել իրենց քաղաքական հայեացքների ու գործունէութեան համար դատապարտուած անխտիր բոլոր բանտարկեալներին՝ Սասուն Միքայէլեանին, Նիկոլ Փաշինեանին, Յարութիւն Ուռուտեանին, Արամ Բարեղամեանին, Սարգիս Հացպանեանին, Մուրադ Բոջոլեանին, Արա Յովհաննիսեանին, Շմաւոն Գալստեանին եւ Ռոման Մնացականեանին.
2. Ստեղծել մարտի 1-ի իրադարձութիւնների ուսումնասիրման անկախ միջազգային յանձնաժողով կամ վերականգնել Փաստահաւաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագէտներով եւ խնդիր դնելով կարճ ժամանակի ընթացքում լիովին բացայայտել ու դատական կարգով պատժի ենթարկել իշխանութիւնների կողմից կատարուած այդ հրէշաւոր ոճրագործութեան բոլոր մեղաւորներին.
3. Լիարժէքօրէն փոխհատուցել մարտի 1-ի ոճրագործութիւնից տուժած բոլոր քաղաքացիների նիւթական վնասները՝ մասնաւորապէս սպանուածներից իւրաքանչիւրի ընտանիքին յատկացնելով 1 միլիոն դոլար, իսկ վիրաւորներին՝ առնուազն 100 000 դոլար.
4. Դադարեցնել քաղաքացիներին հանրահաւաքներից ու ընդհանրապէս քաղաքական ակտիւութիւնից հեռու պահելու նպատակով կիրառուող ոստիկանական զգուշացումներն ու ահաբեկումները, իրազեկող խմբերի դէմ գործուող մշտական սադրանքներն ու բռնութիւնները, հանրահաւաքների օրերին երկրի գլխաւոր ճանապարհների շրջափակումները, եւ վերացնել Ազատութեան հրապարակում հանրահաւաքների անցկացման վրայ դրուած անօրինական արգելքը.
5. Ի կատարումն Եւրոդատարանի կողմից կայացուած անբեկանելի վճռի՝ վերջապէս վերականգնել «Ա1+» հեռուստաընկերութեան գործունէութիւնը, խիստ պատասխանատուութեան ենթարկել այդ վճիռը ոտնահարող բոլոր պաշտօնատար անձանց, եւ ընդհանրապէս վերացնել պետութեան լիակատար վերահսկողութիւնը տեղեկատուութեան էլեկտրօնային միջոցների վրա.
6. Դադարեցնել իշխանութիւնների որդեգրած ռազմաշունչ ու յոխորտալից հռետորաբանութիւնը, եւ Ղարաբաղեան կարգաւորման գործընթացը բնականոն հուն տեղափոխելու նպատակով անյապաղ վերականգնել բանակցութիւնների նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ Բուդապեշտեան գագաթնաժողովի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը հանդէս էր գալիս որպէս հակամարտութեան լիիրաւ կողմ.
7. Չեղեալ յայտարարել բացօթեայ փողոցային առեւտրի արգելման, երեկոյեան ժամը 8-ից յետոյ փոքր խանութների աշխատանքի դադարեցման եւ աւտոմեքենաների պարտադիր ապահովագրման վերաբերեալ ընդունուած չարաբաստիկ որոշումները, ինչպէս նաեւ վերականգնել ներմուծուող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների նախկին չափը.
8. Վերացնել անձնական օգտագործման (այլ ոչ թէ վաճառքի) նպատակով ներմուծուող աւտոմեքենաների համար Աւելացուած արժէքի հարկի անօրինական գանձումը, ինչը, գումարուելով մաքսավճարին ու բնապահպանական հարկին, սպառողի համար դառնում է անտանելի բեռ եւ հազարաւոր մարդկանց ստիպում մեքենաները մաքսազերծել հարեւան Վրաստանում.
9. Հայաստանի Հանրապետութեան նուազագոյն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկութեան նպաստը՝ դրա 50 տոկոսը (100 դոլար), իսկ միջին կենսաթոշակը՝ միջին աշխատավարձի 40 տոկոսը (112 դոլար). խոշոր ձեռնարկատէրերի սիստեմատիկաբար չվճարուող յարկերը եւ բարձրագոյն պետական պաշտօնեաների գրպաններում իւրաքանչիւր ամիս յայտնուող հսկայական գումարները լիուլի բաւարար էն այդ խնդիրները լուծելու համար.
10. Ազգային Ժողովի օրակարգից հանել ՀՀ Աշխատանքային օրէնսգրքի 142-րդ յօդուածի վերաձեւակերպման առաջարկով քննարկման դրուած օրինագիծը, որի համաձայն 6-օրեայ աշխատանքային շաբաթ սահմանելու հարցը վերապահւում է գործատուի հայեցողութեանը, ինչպէս նաեւ համապատասխան փոփոխութիւն կատարել այդ օրէնսգրքում, գործատուին պարտաւորեցնելով մարդկանց աշխատանքից ազատելու պարագայում վճարել փոխհատուցում 3-ամսեայ աշխատավարձի չափով.
11. Սահմանել կարեւորագոյն գիւղմթերքների արտադրութեան պետական սուբսիդիաներ՝ նկատի ունենալով տուեալ տարում ձեւաւորուած մթերման շուկայական գինը, մշակման պայմանների գօտիականութիւնը եւ սահմանամերձ շրջանների հողերի ռազմավարական նշանակութիւնը. Կենտրոնական բանկի կողմից հաստատել փոխօգնութեան կարգով գիւղացիներին տրուող վարկերի մեղմացուած տնտեսական նորմատիւներ՝ դրանց հիման վրայ երկարաձգելով, վերակնքելով կամ դուրս գրելով առեւտրային բանկերի հանդէպ գոյացած ժամկէտանց վարկային պարտաւորութիւնները, իսկ նոր վարկեր տրամադրել ցածրացրած տոկոսադրոյքով.
12. Յայտարարագրել եւ մամուլում հրապարակել Հայաստանի անկախութեան շրջանի բոլոր նախկին թէ ներկայ բարձրագոյն պետական պաշտօնեաների ու նրանց ընտանիքների անդամների ունեցուածքն ու եկամուտները՝ սկսած նախագահներից, վարչապետներից, նախարարներից, փոխնախարարներից, մարզպետներից, քաղաքապետերից, աւարտած՝ դատաւորներով, դատախազներով, գեներալներով եւ Ազգային Ժողովի (նախկինում՝ Գերագոյն Խորհրդի) պատգամաւորներով.
13. Տնտեսութեան կառավարման եւ օրինականութեան ապահովման բնագաւառներում ցուցաբերած խայտառակ թերացումների, կամայականութիւնների կամ պարզապէս մասնագիտական ապաշնորհութեան համար անմիջապէս զբաղեցրած պաշտօններից հեռացնել՝ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Տիգրան Սարգսեանին, փոխվարչապետ Արմէն Գէորգեանին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանին, Պետեկամուտների կոմիտէի նախագահ Գագիկ Խաչատրեանին, Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանին, ՀՀ գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանին, Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն Գորիկ Յակոբեանին, ՀՀ Ոստիկանութեան պետ Ալիկ Սարգսեանին, ՀՀ Յատուկ քննչական ծառայութեան պետ Անդրանիկ Միրզոյեանին, Արդարադատութեան նախարարութեան քրէակատարողական վարչութեան պետ Հայկ Յարութիւնեանին.
14. Հանրահաւաքը նաեւ անհրաժեշտ է համարում կոչ անել միջազգային կազմակերպութիւններին, Ամերիկայի Միացեալ Նահանգների եւ Եւրոմիութեան երկրների կառավարութիւններին՝ դադարեցնելու աշխարհաքաղաքական նկատառումներով Հայաստանի բռնապետական վարչախմբին ցուցաբերուող անվերապահ աջակցութիւնը, որը ոչ միայն ոչնչով չի նպաստում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, այլեւ աւելի եւս ամրապնդելով ռեժիմի դիրքերը, վերջին հաշուով ուղղւում է ժողովրդի դէմ, ինչը միանգամայն ակնյայտ է դառնում արաբական երկրներում ներկայումս ընթացող իրադարձութիւնների լոյսի ներքոյ, եւ ինչը խոստովանում էն անգամ արեւմտեան քաղաքական գործիչներն ու անկախ վերլուծաբանները.
15. Նշուած պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում հանրահաւաքը լիազօրում է Հայ Ազգային Կոնգրէսին՝ գործնական երկխօսութիւն սկսել իշխանութիւնների հետ, օրակարգում ունենալով առաջիկայ ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու միակ հարցը»։
Յայտարարութիւնից յետոյ Լ.Տէր-Պետրոսեանն ասած.
«Այժմ խնդրում եմ քուէարկել. համաձա՞յն էք ընդունել այս յայտարարութիւնը. դէ՞մ. ձեռնպա՞հ։ Ընդունւում է ձայների բացարձակ մեծամասնութեամբ։
Թէ ինչ ընթացք կը ստանայ այս յայտարարութիւնը եւ ինչպիսի արձագանքի կ'արժանանայ իշխանութիւնների կողմից, մենք ձեզ հետ միասին կը քննարկենք ու համապատասխան եզրակացութիւններ կանենք յաջորդ հանրահաւաքում, որը տեղի կ'ունենայ ս.թ. մարտի 17-ին։
Կարծում եմ, բացատրելու կարիք չկայ, որ սա պարզ քաղաքական յայտարարութիւն չէ, այլ համաժողովրդական պայքարի ներկայ հանգրուանի ուղենիշ-ծրագիր, որին պարտաւոր էն ենթարկուել ոչ միայն Կոնգրէսի անդամները, այլեւ վերջինիս նախաձեռնած զանգուածային միջոցառումների բոլոր մասնակիցները՝ գիտակցելով, որ գործի յաջողութիւնը մեծապէս կախուած է մեր շարքերի ու համակիրների կարգապահութիւնից եւ ինքնագործունէութեան ու չհամաձայնեցուած գործողութիւնների դրսեւորումներ թոյլ չտալու ունակութիւնից։ Ըստ այդմ, այսօրուանից Հայ Ազգային Կոնգրէսի հանրահաւաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածւում էն հասարակութեան ինքնակառավարման իւրատեսակ ֆորումի՝ օժտուած որոշումներ կայացնելու եւ դրանք գործադրելու լիակատար իրաւասութեամբ»։