Կառուցւում է ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գիւղի<br /> մանկապարտէզը<br />


Կառուցւում է ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գիւղի
մանկապարտէզը

  • 14-02-2011 17:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարութեան հովանաւորութեամբ ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գիւղում կառուցւում է մանկապարտէզ: Ծրագիրն իրականացւում է «Լուդենդո Գրուփ» ընկերութեան նախագահ Ժան-Միշել Գրինբերգի եւ «Բերենիկ եւ Եվրելիա» ընկերութեան նախագահ Միշել Փազումյանի նուիրատւութիւններով` ի յիշատակ Հիմնադրամի բարերար Էմանուել դե Լաբարրի, որը կեանքի վերջին տարիների ընթացքում ակտիւօրէն ներգրաւուած է եղել Հիմնադրամի արցախեան ծրագրերում: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին հիմնադրամի մամլոյ ծառայութիւնից, ծրագիրը մեկնարկել է 2010-ի ամռանը: Կանգնեցուել են մանկապարտէզի շէնքի արտաքին ու ներքին պատերը, կառուցւում է տանիքը, կաթսայատունը, իրականացւում են ներքին յարդարման աշխատանքներ: Շէնքի առաջին եւ երկրորդ հարկերում նախատեսւում են հանդերձարաններ, խաղասենյակներ, ննջարաններ: Մանկապարտէզը կունենայ յարմարաւետ խոհանոց, լվացքատուն, բուժկէտ, սանհանգույցներ: Կգործեն ջեռուցման, օդափոխության ու հակահրդեհային համակարգերը: Ծրագրի աւարտին մանկապարտէզը կունենայ ցանկապատված եւ բարեկարգ բակ, բացօթեայ խաղահրապարակներ: Աշնանն արդէն այն իր հարկի տակ կարող է ընդունել մինչեւ 80 երեխայի: Ղուզե Ճարտարը ԼՂՀ Մարտունու շրջանի 40 գիւղերից մէկն է եւ գտնւում է ադրբեջանական սահմանից մօտ 20 կմ հեռաւորութեան վրայ: Այն այսօր ունի շուրջ 1800 բնակիչ: Գիւղը մեծապէս տուժել է արցախեան պատերազմի ընթացքում, եւ ենթակառուցուածքների բարեկարգումն այստեղ առաջնահերթ խնդիրների շարքում է: Գիւղը մանկապարտէզի շէնքի կարիք ուներ դեռեւս 1988 թուականից, երբ այն առանձնացաւ հարեւան Ճարտար գիւղից եւ սկսեց գործել որպէս առանձին վարչական միաւոր: Այսօր ընդամէնը 40 երեխայ է յաճախում մանկապարտէզ, որը գործում է դեռեւս 1930-ականներին կառուցոուած դպրոցի նախկին շէնքում եւ զբաղեցնում երկու դասասենեակ: «Շէնքի վատթար պայմանների, ներսում սանհանգոյցի բացակայութեան պատճառով գիւղի շատ ընտանիքներ այսօր նախընտրում են իրենց երեխաներին մանկապարտէզ չուղարկել»,- ասաց մանկապարտէզի տնօրէն Յասմիկ Յարութիւնեյանը:
  -   Հասարակութիւն