Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մի խումբ աւստրիացի ուսանողների


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մի խումբ աւստրիացի ուսանողների

  • 13-02-2012 14:25:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրուարի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մի խումբ աւստրիացի կաթոլիկ ուսանողների` ուղեկցութեամբ հայագէտ Եասմին Դունթղագութի: Եասմին Դունթղագութը շնորհակալութիւն յայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելութեան համար եւ ներկայացրեց այցելութեան նպատակը: Նա մասնաւորապէս նշեց, որ Աւստրիայի տարբեր քաղաքներից ու համալսարաններից հաւաքուած եւ տարբեր մասնագիտութիւններ ունեցող ուսանողների այս խումբն ամէն տարի այցելում է որեւէ մի քրիստոնեայ երկիր: Այս տարի խումբը այցելել է Հայաստան` ծանօթանալու հայկական հարուստ մշակոյթին, պատմութեանը, եկեղեցուն եւ առհասարակ հայերի առօրեայ կեանքին: Վեհափառ Հայրապետը ուրախութիւն յայտնեց ուսանողներին ընդունելու կապակցութեամբ` նշելով, որ նրանց այցելութիւնը յիշեցնում է իր ուսանողութեան տարիներն Աւստրիայում: Նորին Սրբութիւնն իր օրհնութիւնը բերեց երիտասարդներին` մաղթելով, որ Հայաստանի հարուստ հոգեւոր մշակոյթը նորանոր ներշնչումների աղբիւր դառնա նրանց համար:
  -   Մամլո հաղորդագրություն