Ռադիօյաճախականութիւնների աուդիտ. գաղտնիք` եօթ փականքի տա՞կ


Ռադիօյաճախականութիւնների աուդիտ. գաղտնիք` եօթ փականքի տա՞կ

  • 09-12-2010 20:59:40   | Հայաստան  |  Յօդուածներ
Ինչպէս երեւում է, տեսանելի ապագայում երկրի հասարակութիւնն այդպէս էլ չի իմանայ, թէ Հայաստանում որ ռադիօյաճախականութիւններն էն զբաղուած եւ որոնք` ազատ, դրանցից որոնք կարելի է օգտագործել հեռուստահեռարձակման համար, իսկ որոնք` ոչ: Խօսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէի համապատասխան հարցմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարութիւնից պատասխանել էն, որ «Աերոսիստեմս ինտերնեյշնլ» կանադական ընկերութեան իրականացրած աուդիտի վերջնական հաշուետուութիւնը չի ընդունուել եւ ուղարկուել է լրամշակման: Յիշեցնենք, որ այս ոլորտում իրավիճակի ուսումնասիրութեան խնդիրը հրատապ դարձաւ երկրում անալոգային հեռարձակումից թուայինի անցնելու կապակցութեամբ: Իսկ աւելի վաղ նման հասարակական պահանջի համար առիթ էին հանդիսացել ազատ յաճախականութիւնների բացակայութեան մասին իշխանութիւնների յայտարարութիւնները, որոնցով էլ պատճառաբանւում էր, թէ հնարաւոր չէ անցկացնել հեռւստահեռարձակման լիցենզաւորման նոր մրցոյթներ, որոնց կը կարողանայ մասնակցել նաեւ եթերազրկուած «Ա1+» հեռուստաընկերութիւնը: Սակայն 2009 թուականի հոկտեմբերին «Հեռուստառադիոհեռարձակման թուայնացման գործընթացը եւ դրա ներդրման հեռանկարները Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ զեկուցմամբ հանդէս եկած Եւրոպայի խորհրդի փորձագէտ Ալէք Թոմասը յայտարարեց, թէ Երեւանում կան չօգտագործուած յաճախականութիւններ եւ առաջարկեց անցկացնել աուդիտ: Սրանից հետեւում էր, որ պաշտօնեաների պնդումները, թէ հեռարձակման լիցենզաւորման մրցոյթներ չէին անցկացւում ազատ յաճախականութիւնների բացակայութեան պատճառով, հեռու էին իրականութիւնից: Եւրոպայի խորհրդի փորձագէտի յայտարարութիւնը հիմնաւորեց երկրի մի շարք լրագրողական միաւորումների այն տեսակէտը, թէ յաճախականութիւնների բաշխման մրցոյթները դադարեցուել էն ամէնից առաջ այն պատճառով, որ պահպանուի հեռարձակման ոլորտում տոտալ վերահսկողութեան իրավիճակը եւ չթոյլատրուի նոր «խաղացողների» մուտքն այնտեղ: Այսուհանդերձ, անալոգային հեռարձակումից թուայինին անցնելու գործընթացը մի քիչ փոխեց իրավիճակը, եւ Հայաստանն ի վերջոյ «Աերոսիստեմս ինտերնեյշնլ» կանադական ընկերութեանը պատուիրեց յաճախականութիւնների աուդիտ անցկացնել: Աւելին, սոյն թուականի մայիս-յունիսին, երբ քննարկւում էին «Հեռուստատեսութեան եւ ռադիօյի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին» օրինագիծը եւ կառավարութեան հաստատած թուայնացման հայեցակարգը, պատասխանատու անձինք յայտարարում էին, թէ թուային հեռարձակմանն անցնելու տեխնիկական խնդիրների վերաբերեալ որոշումներն ընդունուել էն հաշուի առնելով աուդիտի արդիւնքները: Սակայն յետագայ իրադարձութիւնները ցոյց տուեցին, որ իշխանութեան ներկայացուցիչների այդ պնդումները եւս չէին համապատասխանում իրականութեանը: Այսպէս, 2010 թուականի սեպտեմբերի 15-ին մենք պաշտօնական հարցումով դիմեցինք ՀՀ տարածքում ռադիօհաղորդումների եւ հեռուստահաղորդումների հեռարձակման թուային համակարգի ներդրման միջգերատեսչական յանձնաժողովի նախագահ, էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցեանին` խնդրելով տրամադրել յաճախականութիւնների աուդիտի արդիւնքները: Սեպտեմբերի 28-ին ստացուեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահէ Դանիէլեանի ստորագրութեամբ պատասխան, որում ասւում էր, թէ աուդիտի վերջնական հաշուետուութեան նախագիծը քննարկման փուլում է եւ ամփոփումից յետոյ արդիւնքները կներկայացուէն բոլոր շահագրգիռ կազմակերպութիւներին: Աւելի ուշ` դեկտեմբերի 1-ին, Խօսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէն երկրորդ հարցումն ուղարկեց ՀՀ էկոնոմիկայի նախարարութիւն` պարզելու համար, թէ աւարտուե՞լ էն, արդեօք, փաստաթղթի քննարկումները եւ կարելի՞ արդէն ստանալ աուդիտի արդիւնքները: Այս անգամ պատասխանն աւելի մանրամասն ու յստակ էր. կանադական ընկերութիւնը հաշուետուութիւնը ներկայացրել է օգոստոսի 26-ին, իսկ հոկտեմբերի 27-ին հայկական կողմը անընդունելի է համարել այն եւ ուղարկել է լրամշակման: Եթէ ուշադրութիւն դարձնենք նշուած ամսաթուերին եւ հաշուի առնենք, որ թուայնացմանը վերաբերող քննարկումները տեղի էն ունեցել մայիս-յունիսին, իսկ վերոյիշեալ օրինագիծն ընդունուել է յունիսի 10-ին, ապա ակնյայտ կը դառնայ, որ այդ ժամանակ բարձրաստիճան պաշտօնեաները, այդ թւում նախարար Ներսէս Երիցեանը, որեւէ հիմք չունէին յղում անելու յաճախականութիւնների աուդիտի արդիւնքներին: Այսինքն, նախարարն ու միւս պաշտօնեաները կեղծում էին, որպէսզի քննարկումները տանէն իրենց ուզած հունով: Սակայն այսօր հետաքրքիր է մի այլ բան. ինչու՞ չի ընդունուել աուդիտի հաշուետուութիւնը եւ ինչը՞ յատկապէս դուր չի եկել պետական կառոյցներին: Իսկ քանի որ նման հարցերի պատասխանները թաքնուած էն, ինչպէս ասում էն` եօթ փականքի տակ, ապա մենք կարող ենք ենթադրել, որ այդ աուդիտի արդիւնքներն էլ իշխանութիւնները փորձում էն համապատասխանեցնել հեռարձակման բնագաւառի իրենց պլաններին: Ընդսմին, ԽԱՊԿ-ի հարցմանը, թէ Հեռահաղորդակցութեան միջազգային միութեան (ՀՄՄ) կողմից թուային հեռուստահեռարձակում իրականացնելու համար Հայաստանի Հանրապետութեանը քանի՞ յաճախականութիւն է տրամադրուած, «Հեռահաղորդակցութեան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ տնօրէն Աշոտ Վերդեանը պատասխանել է` 241: Արդեօ՞ք դրանք թուայնացման պայմաններում ռացիոնալ կօգտագործուէն` ընդլայնելու համար հանրութեան տեղեկատուական ընտրութեան հնարաւորութիւնները. ահա այս է խնդիրը: Աշոտ Մելիքեան Խօսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէի նախագահ
  -   Յօդուածներ