Մեկնարկեցին ՀՀ եւ ԵՄ միջեւ մուտքի վիզաների դիւրացման եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցութիւնները
27-02-2012 16:50:44 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Փետրուարի 27-ին Երեւանում մեկնարկեցին Հայաստանի Հանրապետութեան եւ Եւրոպական Միութեան միջեւ մուտքի վիզաների դիւրացման եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցութիւնները: Հայկական պատուիրակութիւն գլխաւորում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականեանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԳՆ, արդարադատութեան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնների, ազգային անվտանգութեան ծառայութեան, ոստիկանութեան, ՏԿՆ միգրացիոն պետական ծառայութեան պաշտօնեաներ: ԵՄ պատուիրակութեան կազմում էին Եւրոպական յանձնաժողովի ներքին գործերի գլխաւոր տնօրինութեան, Եւրոպական արտաքին գործերի ծառայութեան եւ Հայաստանում ԵՄ պատուիրակութեան ներկայացուցիչները:
Մուտքի վիզաների դիւրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կը նախատեսուեն Շէնգենեան գօտու մուտքի վիզաներ ստանալու դիւրացուած ընթացակարգեր: Այս շրջանակներում ԵՄ երկրներ պարզեցուած մուտք է նախատեսւում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, ինչպիսիք են պաշտօնական պատուիրակութեան անդամները, գործարարները եւ բիզնես կազմակերպութիւնների ներկայացուցիչները, լրագրողները, գիտնականները դպրոցականները, ուսանողները, եւ այլք: Նախատեսւում է նուազեցնել Շէնգենի մուտքի վիզաների գինը եւ կրճատել պահանջուող փաստաթղթերի ցանկը:
Հետընդունման համաձայանգրով կարգաւորուելու է ԵՄ եւ Հայաստանի տարածքում առանց թոյլտուութեան բնակուող անձանց վերադարձի եւ հետընդունման ընթացակարգերը:Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, բանակցութիւնները կը շարունակուեն նաեւ փետրուարի 28-ին: