Միջոցառումների շարք Փարիզում` նուիրուած Սումգայիթի հայկական ջարդերի 24-րդ տարեդարձին


Միջոցառումների շարք Փարիզում` նուիրուած Սումգայիթի հայկական ջարդերի 24-րդ տարեդարձին

  • 28-02-2012 16:57:10   |   |  Մշակոյթ
Փետրուարի վերջին Ֆրանսահայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդը /ՖԿՀԽ/ ծրագրել եւ անցկացնում է միջոցառումների շարք` նուիրուած սումգայիթեան ջարդերին զոհ գնացած հայերի յիշատակի 24-րդ տարեդարձին: Փետրուարի 26-ի առաւօտեան Սումգայիթի զոհերի յիշատակին նուիրուած պատարագ մատուցուեց Փարիզի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ հայկական առաքելական եկեղեցում: Ներկայ էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ներկայացուցիչը, ֆրանսիայում գործող հայկական միութիւնների ղեկավար եւ շարքային անդամներ, ֆրանսիական հասարակայնութեան ներկայացուցիչներ, ֆրանսահայութեան ստուարաքանակ ներկայացուցիչներ: Պատարագից յետոյ թափօրը ուղեւորուեց դէպի Փարիզի Երեւանի պարտէզի հարեւանութեամբ գտնուող Կոմիտասի յուշարձան, ուր ոգեկոչման տուրք մատուցուեց զոհերի յիշատակին: Սումգայիթի, Բաքուի, Կ'իրովաբադի, Մարաղայի զոհերի յիշատակին ծաղկեպսակներ դրուեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչի, Ֆրանսահայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի, այլ կազմակերպութիւնների ու միութիւնների կողմից: Փետրուարի 27-ի երեկոյեան Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանում Ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհուրդը անցկացրեց Սումգայիթում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում ջարդերի ենթարկուած հայութեան յիշատակին նուիրուած բազմամարդ հանրահաւաք` ներկայութեամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Մշակոյթի նախարար Նարինէ Աղաբալեանի: Միջոցառմանը ելոյթներով հանդէս եկան Ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի ազգային խորհրդի նախագահ Ալեքսի Գովչեանը, ՖԿԽՀ համանախագահներ Արա Թորանեանն ու Մուրադ Փափազեանը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամաւոր, ԱԺ Ֆրանսիա-հայաստան բարեկամական խմբի նախագահ Ֆրանսուայ Ռոշբլուանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Յովհաննէս Գեւորգեանը: Եզրափակիչ ելոյթներով հանդէս եկան ԼՂՀ Մշակոյթի նախարար Նարինէ Աղաբալեանը եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգէն Չիտեչեանը: Վերջիններս կարեւորեցին միջազգային ասպարէզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան շահերի պաշտպանութեան նպատակով ողջ հայութեան ներուժի համախմբման գաղափարը: Միջոցառմանը ներկայ էին աւելի քան չորս հարիւր ֆրանսահայեր, ֆրանսիացի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, լրագրողներ: Միջոցառման շրջանակներում կազմակերպուեց կլոր սեղան-քննարկում` Ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի ղեկավարութեան, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամաւորների, ԼՂՀ մշակոյթի նախարարի, Ֆրանսիայում ԼՂՀ եւ ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչների մասնակցութեամբ: Քննարկման թեմաներն էին` Ադրբեջանում հայկական ջարդերը եւ պատերազմական ընթացքը, Լեռնային Ղարաբաղի արդիական խնդիրները, Ֆրանսիա-լղհ միջխորհրդարանական համագործակցութիւնը, հայկական սփիւռքի զօրակցութիւնը Լեռնային Ղարաբաղին` ընդդէմ սանձազերծուած թուրք-ադրբեջանական քարոզչութեան, հակասութիւնը ԼՂ հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի եւ ադրբեջանական պաշտօնական քարոզչութեան միջեւ:
  -   Մշակոյթ