Երեխաների իրաւունքներին եւ մասնակցութեանը նուիրուած ազգային պատանեկան համաժողովը ազգային օրէնսդիր եւ գործադիր մարմիններին կը ներկայացնի փոփոխութիւնների առաջարկներ
Երեխաների իրաւունքներին եւ մասնակցութեանը նուիրուած ազգային պատանեկան համաժողովը ազգային օրէնսդիր եւ գործադիր մարմիններին կը ներկայացնի փոփոխութիւնների առաջարկներ
28-02-2012 17:02:20 | Հայաստան | Հասարակութիւն
Այսօր տեղի ունեցաւ Երեխաների իրաւունքներին եւ մասնակցութեանը նուիրուած ազգային պատանեկան համաժողովը, որը նպատակ ունէր մշակել եւ խմբաւորել երեխաների առաջարկութիւններն իրենց մասնակցութեան եւ իրաւունքների պաշտպանութեան վերաբերեալ` դրանք յետագայում ազգային օրէնսդիր եւ գործադիր մարմիններին ներկայացնելու նպատակով:
Համաժողովին մասնակից երեխաները ներգրաւուած են «տարածաշրջանային նախաձեռնութիւն յանուն երեխաների մասնակցութեան» (ՏՆՀԵՄ) ծրագրի շրջանակներում կազմակերպուած «երեխան երեխայի համար» (ԷԵՀ) խմբերում:
Միացեալ Ազգերի Կազմակերպութեան Երեխայի իրաւունքների յանձնաժողովի 2008թ. զեկոյցում (A/63/41) նշուած է, որ յաճախ երեխաների կարծիքներն անտեսւում են եւ հաշուի չեն առնւում: Հասարակական այն մտածելակերպը, որ երեխաների տեսակէտները կարեւոր չեն, մինչ օրս էլ լայնօրէն տարածուած է Հարաւային Կովկասում: Դա երեխաների շրջանում առաջացնում է անտարբերութիւն ու յուսահատութիւն, ինչի արդիւնքում ունենում ենք պասիւ եւ մեկուսացուած երիտասարդներ, այլ ոչ թէ իրենց երկրների ժողովրդավարացմանն իրենց մասնակցութեամբ նպաստող ակտիւ քաղաքացիներ: Տեսակէտներ ձեւաւորելու եւ արտայայտելու գործնական հնարաւորութիւնների պակասը յանգեցնում են երեխաների` որպէս իրաւունքի կրողների սահմանափակ ինքնընկալմանն ու նրանց մասնակցային կարողութիւնների թերզարգացմանը:
ՏՆՀԵՄ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի երեխաների կարողութիւնների զարգացմանը, որպէսզի նրանք առաջատար դեր խաղան տեղական, ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում իրենց իրաւունքների պաշտպանութեան գործում:
Ծրագրի շրջանակներում երեխաներն ունեցել են լուրջ նուաճումներ: Խթանուել են երեխաների` համայնքային, մարզային եւ պետական իշխանութիւնների հետ աշխատելու միջոցով հիմնախնդիրներ վերլուծելու եւ դրանց լուծումներ տալու հմտութիւնները: Մեծահասակների օգնութեամբ երեխաները նախաձեռնել եւ կեանքի են կոչել 80 բազմաբնոյթ ծրագրեր` երեխաների իրաւունքներին վերաբերող տարբեր ոլորտներում: Այս ծրագրերի իրականացման ընթացքում երեխաները ուսումնասիրել եւ առաջ են քաշել տուեալ դաշտը կարգաւորող օրէնսդրական հարցերի շուրջ մի շարք առաջարկներ: Ծրագրի այս փուլում` համաժողովի ընթացքում, երեխաները քննարկեցին իրենց խնդիրներն ու ծրագրերը, փորձագէտների օգնութեամբ յստակեցրեցին եւ վերջնական տեսքի բերեցին իրենց առաջարկները, որոնք շուտով կը ներկայացուեն ՀՀ կառավարութիւն եւ Ազգային ժողով: Երեխաների առանձնացրած հիմնախնդիրները վերաբերում են երեխայի մասնակցութեանը, պաշտպանութեանը, կրթութեանը, ազատ ժամանցին, առողջութեանն ու շրջակայ միջավայրի պաշտպանութեանը:
Միջոցառման ընթացքում ողջոյնի խօսքով հանդէս եկան ՀՀ Ազգային ժողովի առողջապահութեան, մայրութեան եւ մանկութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյեանը, Հայաստանում Եւրամիութեան պատուիրակութեան գործառնական բաժնի ղեկավար Ժան-Քրիստոֆ Գերանդը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպութեան հայաստանեան գրասենեակի տնօրէն Իրինա Սաղոյեանը եւ այլոք:
«Մենք այս տարածաշրջանային ծրագիրը սկսեցինք նախորդ տարուայ մարտից: Անցել է մօտ մէկ տարի, եւ ես կարող եմ անկեղծօրէն ասել, որ տեսնում եմ, թէ ինչպէս երեխաները կարող են փոփոխութիւններ մտցնել հայ հասարակութեան մէջ»,- ասաց Ժան-Քրիստթոֆ Գերանդը: Նա տեղեկացրեց, որ նման ձեւաչափի նախագծերը նպաստում են երեխաների` հասարակութեանը ամբողջովին ինտէգրուելուն` դառնալով վերջինսիս ակտիւ մասնակիցը:
«Մենք պէտք է գնանք այն ճանապարհով, որ բաց չթողնենք այն ժամանակահատուածը, երբ կայանում է ապագայի քաղաքացին»,- նշեց Արա Բաբլոյեանը: