ՓԲԸ գլխաւոր տնօրէնի աշխատանքային այցը Լոռու մարզ


ՓԲԸ գլխաւոր տնօրէնի աշխատանքային այցը Լոռու մարզ

  • 01-03-2012 13:14:55   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Փետրուարի 29-ին Լոռու մարզ կատարած այցի ընթացքում «Հարաւկովկասեան երկաթուղի» ընկերութեան գլխաւոր տնօրէն Վիկտոր Ռեբեցը հանդիպում ունեցաւ մարզպետ Արթուր Նալբանդեանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցութեան հեռանկարները եւ մարզում երկաթուղային նախագծերի իրականացման հնարաւորութիւնները: «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարը եւ մարզպետը համատեղ զննեցին Վանաձոր-շահալի երկաթուղային գիծը, ծանօթացան Զամանլուի երկաթուղային կամրջի վերականգնման աշխատանքների ընթացքին, որը նախատեսւում է աւարտել արդէն այս տարի: Նշենք, որ վերականգնողական աշխատանքները տարւում են միաժամանակ մի քանի ուղղութիւններով` յենարանների, թռիչքերի կառուցուածքի, կամրջին տանող ճանապարհների վրայ, իսկ աջ եւ ձախ ափերին կառուցւում են երկաթբետոնէ յենապատէր եւ կատարւում են հողային աշխատանքներ: Կողմերը քննարկեցին պետութիւն-մասնաւոր հատուած համագործակցութեան հիմքի վրայ Լոռու մարզի տարածքում մի շարք նախագծերի իրականացման հեռանկարները: Վ.Ռեբեցը եւ Ա.Նալբանդեանը յատուկ նշեցին Վանաձորի երկաթուղային կայարանի արդիականացման ծրագրի, կայարանի տարածքում տրանսպորտային հանգոյցների ստեղծման եւ տեղի նկարիչների համար ցուցահանդէսային տարածքների ձեւաւորման կարեւորութիւնը: Յիշեցնենք, որ 2012 թուականին Վանաձորի երկաթուղային կայարանը կ'ապահովուի անլար Wi-Fi ինտերնետային կապով, կայարանում կը բացուեն երիտասարդական զարգացման կենտրոնը, տուրիստական եւ հիւրանոցային համալիրները, ինչը թոյլ կը տայ նոր աշխատատեղեր ստեղծել Լոռու մարզի բնակչութեան համար: Երկաթուղու ղեկավարն ու մարզպետը նաեւ քննարկեցին մարզպետարանի աջակցութեամբ Հկե-ի երկաթուղային տուրիստական մարշրուտների գործարկման հնարաւորութիւնը: Վ.Ռեբեցը եւ Ա.Նալբանդեանը արձանագրեցին, որ նշուած նախագծերը կարող են պետութեան եւ տնտեսվարող սուբյեկտի միջեւ ձեւաւորուած կոնստրուկտիւ երկխօսութեան եւ արդիւնաւէտ համագործակցութեան գերազանց օրինակ ծառայել` մարզի սոցիալ-տնտեսական զարգացման զգալի խթան դառնալով:
  -   Տնտեսութիւն