Շահան Գանտահարեան. Սահմանադրական խորհրդի քաղաքական գրաքննությունը


Շահան Գանտահարեան. Սահմանադրական խորհրդի քաղաքական գրաքննությունը

  • 01-03-2012 13:32:45   |   |  Յօդուածներ

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի՝ ժխտողականության քրեականացման օրինականացման արգելակումը, հայության մոտ չպետք է հիասթափության եւ հուզական նոր ալիք բարձրացնի: Այնպես, ինչպeս Ազգային ժողովի եւ ծերակույտի քվեարկությունները երախտագիտական զեղումնային հակազդեցություններ չպետք է ստեղծեին հայ զանգվածների մոտ: Քաղաքական սառնասիրտ տրամաբանությունը պարտադիր է դեպքերի ընթացքը գնահատելու, յուրաքանչյուր հանգրվանում քաղաքական շարժառիթները ընկալելու եւ նման մոտեցումների վրա հիմնված մեկնաբանություն կատարելու կամ համապատասխան կանխատեսումներ անելու: Այս առումով, ո՛չ Ազգային ժողովի եւ ծերակույտի քննարկումներն ու քվեարկությունները հայամետ որակումներով պետք է բնութագրել եւ ո՛չ էլ Սահմանադրական խորհրդի արգելակումը հակահայ տրամադրություններով պետք է մեկնաբանել: Խնդիրը զուտ ֆրանսիական քաղաքականության պարունակի մեջ տեղադրելով թե՛ ներքին նախընտրական եւ թե՛ Փարիզ-Անկարա պարանաձգության, թե՛ Թուրքիայի` Եվրոպական Միության անդամակցության համար կատարած նկրտումների եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության վերաբերող գործընթացների հետ է կապված բացառապես: Այստեղ պատմական ճշմարտացիությունը կամ մարդու իրավունքները կարգախոսային ընկալումներ ունեն եւ պարզապես ծառայեցվում են քաղաքականություն իրականացնելու աշխատանքին: Մի պահ տեսնենք սակայն, որ Սահմանադրական խորհրդի արգելակման նախօրյակին ի՛նչ էր կատարվում Թուրքիայում: Ծերակույտի որոշման նախօրյակին թուրք հասարակությունը հակազդում էր Հրանդ Դինքի սպանության ձգձգված դատավճռին, որն ի դեպ, ոչ միայն հասարակության, այլ նաեւ պաշտոնական Անկարայի ներկայացուցիչներին եւ մի զավեշտալի ցուցադրությամբ նաեւ դատական իշխանություններին անբավարարվածության եւ դժգոհության ալիքի բարձրացման տեղիք էր տալիս: Զանգվածային այս երեւույթը ամբողջությամբ շահարկվում էր Եվրոպային եւ հատկապես Փարիզին պատգամ փոխանցելու համար: Հիմա, Սահմանադրական խորհրդի որոշման նախօրյակին զանգվածային այլ ցուցահանդես էր կազմակերպվել Թաքսիմ հրապարակում: Ուժի ցուցադրության առիթ էր պետք հայկական թեմաներով թուրք ազգայնականությունը փողոց իջեցնելու համար: Օգտագործված թեման այս պարագայում Խոջալուն էր, որի դատապարտման համար թուրքական աննախադեպ տարողությամբ ցույց պետք էր եւ որի ընթացքում հայատյացության աստիճանաչափը նոր սանդղակներ պետք է արձանագրեր: Խոջալուի դատապարտման նպատակով Անկարա-Բաքու միացյալ քարոզչամեքենան միաժամանակ թե՛ Բաքվում եւ թե՛ Պոլսում կազմակերպել էր աննախընթաց տարողությամբ ցույցեր, հայտնապես թիրախ ունենալով ոչ միայն Խոջալուի դատապարտումը: Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատունը ստացել էր անհրաժեշտ պատգամը` «սեւ ծաղկեպսակ»-ը: Մեր պաշտոնակից «Մարմարա»-ն նկատառելի դիտարկում է կատարել՝ Պոլսի ցույցերում նկատելով ընկերվարական ադրբեջանցիների շարժումը, որը պահանջել է չշահարկել Խոջալուն Հայոց ցեղասպանությունը ժխտելու պահանջներում: Խնդիրը այստեղ, առավել վերաբերում է Խոջալուի առաջնահերթությունը չստվերելու համաադրբեջանական մոտեցումին, որն իր հերթին բացայայտում է Խոջալուի պատրվակով ժխտողական քաղաքականության ներկա արարը լիարժեք օգտագործելու պաշտոնական Անկարայի քաղաքականությունը: Արժե մեկ անգամ եւս ընդգծել ներֆրանսիական հակասությունները, պարզապես լույսի տակ բերելու Սահմանադրական խորհրդի կատարած զուտ քաղաքական գրաքննությունը: Միայն այն հարցը, թէ ինչպե՞ս սահմանադրական կարելի է նկատել հրեական ողջակիզումի ժխտումը քրէականացնող Կեսոյի օրենքը եւ հակասահմանադրական հայտարարել Ֆրանսիայի կողմից պաշտոնապես ճանաչված Ցեղասպանությունների ժխտումը պատժելի դարձնող օրինագիծը, բավարար է համոզվելու, որ կատարվածը ոչ թե սահմանադրական արգելակում է, այլ քաղաքական գրաքննություն: Հայկական կողմի համար ցավ է անշուշտ նկատելը, որ Ցեղասպանությունը հերթական անգամ խաղաթուղթ է մարտավարական ժամանակավոր խաղեր իրականացնելու համար: Այդ խաղի հերթական արարը նոր օրինագծի խոստումն է, մշակումը եւ նույն ընթացակարգի վերսկսումը: Հայկական կողմը, հեռու` երախտագիտական հուզականությունից կամ հիասթափության նոր ալիքներից, Ֆրանսիայի ներքին եւ արտաքին քաղաքականության ընդհանուր պարունակի մեջ դիտելով խնդիրը, պարզապես քաղաքական նպաստավոր պահերին քարոզչաքաղաքական ազդեցիկ գործողություններ իրականացնելու համար դիրքերը պահելու անհրաժեշտության առաջ է կանգնած: Մանավանդ որ Ֆրանսիան մեկ անգամ եւս հասկացրեց, որ սահմանադրական եւ իրավական խնդիրները քաղաքական պահի ազդեցության տակ որոշվելիք հարցեր են: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ "Ազդակ"-ի գլխավոր խմբագիր
  -   Յօդուածներ