Կովկասի հրամայականը


Կովկասի հրամայականը

  • 25-11-2010 23:15:16   | Հայաստան  |  Յօդուածներ
Վարդան Օսկանեան Գագաթնաժողովներն այս օրերին յաջորդում էն իրար: Մեծ 20-ի սէուլեան գագաթնաժողովից եւ Պորտուգալիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից յետոյ, Ղազախստանի նորակառոյց մայրաքաղաք Աստանայում 10 տարուայ ընթացքում առաջին անգամ գագաթնաժողով կը գումարի Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութիւնը: Սա ԵԱՀԿ-ի յետսառըպատերազմեան ընդամէնը չորրորդ գագաթնաժողովն է: Առաջինը տեղի ունեցաւ 1996 թ. Բուդապեշտում, երբ խորհրդաժողովը նոր քաղաքական իրավիճակում վերափոխուեց կազմակերպութեան: Եւս երկու գագաթնաժողովներ կայացան 1996 թ. Լիսաբոնում եւ 1999-ին` Ստամբուլում: Բնաւ պատահական չէ, որ գագաթնաժողովների միջեւ տասնամեայ ընդմիջումը համընկաւ աշխարհում Ռուսաստանի դիրքերի վերանուաճման հետ, որոնք թուլացել էին Խորհրդային Միութեան փլուզմանը յաջորդած տարիներին: Ռուսաստանի «վերածնունդի» արդիւնքում հետխորհրդային պետութիւնները եւ հին Եւրոպան ներառող միակ համա-եւրոպական եւ տրանսատլանտեան կազմակերպութեան` ԵԱՀԿ-ի ներսում ծագեցին մի շարք տարաձայնութիւններ: Ընտրական գործընթացների մոնիտորինգից մինչեւ Եւրոպայում սովորական սպառազինութիւնների պայմանագիրը` ամենատարբեր խնդիրների շուրջ ԵԱՀԿ անդամ 56 պետութիւնների միջեւ չկայ ընդհանուր համաձայնութեան դաշտ: Աւելին, Ռուսաստանի եւ միւսների միջեւ լուրջ հակադրութիւններ կան շատ խնդիրների, այդ թւում` նոր, այլընտրանքային անվտանգութեան համակարգի շուրջ, որը Ռուսաստանի նախագահ Մեդուեդեւի պատկերացմամբ կարող է գործել ԵԱՀԿ հովանու ներքոյ: Ունենալով մի շարք անհամաձայնութիւններ եւ փոխարէնը ոչ մի նշանակալի համաձայնագիր, որ պատրաստ լինի ստորագրութեան Աստանայում, սա նման է գագաթնաժողովի` յանուն գագաթնաժողովի: Չունենալով նախապէս ծրագրուած ձեռքբերումներ` պատուիրակութիւնները եւ նրանց ղեկավարները սկսելու էն փնտրել որեւէ ձեռքբերման հնարաւորութիւն, աշխարհին ներկայացնելու համար ԵԱՀԿ-ի ամենատարբեր` մարդկային, տնտեսական կամ անվտանգութեան չափումներում: Այդ փնտրտուքը կարող է ուշադրութիւնն ուղղել ԵԱՀԿ տարածքում միակ հակամարտութեանը` Ղարաբաղին, որտեղ ԵԱՀԿ-ն ուղղակի դերակատարում ունի: Ի տարբերութիւն ռուս-վրացական պատերազմի, վստահաբար կարելի է ասել, որ բախման դէպքում կողմերի հնարաւորութիւններն այնքան անհաւասար չէն, որ նոյնքան մեծ միջազգային ուշադրութեան արժանանան: Բայց, հաշուի առնելով Հայաստանի դաշնակցային յարաբերութիւնները Ռուսաստանի, եւ Ադրբեջանի սերտ կապերը Թուրքիայի հետ` Ղարաբաղի շուրջ զինուած գործողութիւնների վերսկսումը կարող է վերածուել տարածաշրջանային հակամարտութեան: Հաւանաբար այդ պատճառով է խօսւում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների, ԱՄՆ պէտքարտուղարի եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ Աստանայում կայանալիք հանդիպման մասին: Նման հեռանկարը պարունակում է թէ՛ մեծ հնարաւորութիւն, թէ՛ մեծ ռիսկեր: 20 տարուայ ընթացքում նման հանդիպում չի կայացել, եւ դրա համար լուրջ պատճառներ կային: Նախագահների հանդիպումն, ի վերջոյ, բարձրագոյն բանակցային մակարդակն է, եւ այն պէտք է յանգեցնի իրական, շօշափելի առաջընթացի: Այլապէս տպաւորութիւն կը ստեղծուի, որ ոչ մի բանակցութիւն չի կարող լուծել Կովկասի խնդիրը, եւ այդպիսով մեծապէս կը նուազի ռազմական լուծման փնտրտուքից զերծ պահող գործօնների դերը: Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման համար երկու զուգահեռ քայլ է անհրաժեշտ. ռազմական հակամարտութեան վերսկսման բացառման երաշխիք եւ յստակ, երկու կողմերի համար պարտադիր ծրագիր` վերջնական կարգաւորման համար: Նման արդիւնքի հաւաստիքի բացակայութեան պայմաններում նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելն անիմաստ է: Սա յատկապէս կարեւոր է ստեղծուած իրավիճակում, երբ զինուած բախման վերսկսման միւս զսպող գործօնը` երկու կողմերի միջեւ ռազմական հաւասարակշռութիւնը, նոյնպէս թուլանում է: Այս տարի Ադրբեջանի ռազմական բիւջէն գերազանցում է Հայաստանի եւ Ղարաբաղի ընդհանուր բիւջէի ծախսային մասը: Այս հանգամանքը, ինչպէս նաեւ օրական աւելի քան 30 միջադէպերը շփման գծում, խաղաղութեան յոյսեր չէն ներշնչում` յատկապէս հաշուի առնելով որեւէ փաստաթղթի շուրջ որեւէ համաձայնութեան ակնարկի իսկ բացակայութիւնը: Աստանայում կողմերի համար ընդունելի ծրագիր կարող է ծնուել այն դէպքում, եթէ այդ ծրագիրը կառուցուի այն գաղափարի վրայ, որը նախկինում փակուղի մտած բանակցութիւնները տեղից շարժէլու հնարաւորութիւն ստեղծեց: Խօսքը հանրաքուէի գաղափարի մասին է, որի միջոցով Ղարաբաղի ժողովուրդը կ'որոշի սեփական երկրի վերջնական կարգավիճակը: Այս հանգամանքներում հանրաքուէի առաւելութիւնն այն է, որ ընդունում է, որ հակամարտութեան հիմքում կայ երկու հիմնարար սկզբունք` ժողովուրդների ինքնորոշումը եւ տարածքային ամբողջականութիւնը: Սակայն, մինչ այժմ չկայ համաձայնութիւն հանրաքուէի ժամկէտի վերաբերեալ: Այդ խնդիրը շարունակում է մնալ հակամարտող կողմերի միջեւ մնացած խնդիրների լուծման հիմնական խոչընդոտը: Ընդամէնը երկու ամսից Հարաւային Սուդանում կը կայանայ անկախութեան հանրաքուէ, որի անցկացման շուրջ համաձայնութիւն ձեռք բերուեց 2005-ին: Մօտ երկու տարի առաջ Կոսովոն քուէարկեց անկախութեան օգտին: Եթէ Աստանայում բարձր մակարդակի հանդիպման արդիւնքում ամրապնդուի հանրաքուէի գաղափարը եւ առաջարկուի երկու կողմերի համար ընդունելի ժամկէտ, սա կարելի է համարել զգալի ձեռքբերում: Այդ դէպքում գագաթնաժողովը կարելի է համարել յաջողուած, Եահկ-ն նոյնպէս յաջողութիւն կ'արձանագրի, եւ Ղարաբաղը հակամարտութեան հոմանիշից կը վերածուի խաղաղութեան հոմանիշի: Յօդուածի անգլերէն տարբերակը հրապարակել է «Project Syndicate»-ը
  -   Յօդուածներ