Ազատ առեւտրի գօտու պայմաններում Արմէնալ-ը մրցունակ կը դառնայ համաշխարհային շուկայում. Տիգրան Սարգսեան


Ազատ առեւտրի գօտու պայմաններում Արմէնալ-ը մրցունակ կը դառնայ համաշխարհային շուկայում. Տիգրան Սարգսեան

  • 02-03-2012 16:47:55   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը մարտի 2-ին այցելել է ԱՐՄԷՆԱԼ գործարան, որը ռուսալ գործարանի կազմում է գտնւում: Վարչապետը ծանօթացել է փայլաթիթեղի արտադրութեան կովկասում եւ Կենտրոնական Ասիայում միակ գործարանի աշխատանքներին: Հայաստանի կառավարութեան ղեկավարը բարձր է գնահատել ժամանակակից սարքաւորումների արդիւնաւէտութիւնը եւ Արմէնալ-ի տեխնիկա-տնտեսական ցուցանիշները: Վարչապետը յատուկ գոհունակութիւն է յայտնել արտադրութեան, արտահանման, աշխատավարձի, ինչպէս նաեւ պետբիւջէ փոխանցուող վճարումների կայուն աճի կապակցութեամբ: 2011 թուականին Արմէնալ-ը արտադրել է 25,3 հազար տոննա ալիւմինէ նրբաթիթեղ` 2,7% աւելի շատ, քան 2010 թուականին: Արտահանուել է 87 մլն դոլարի արտադրանք` ցուցանիշի աճը կազմում է10,8%, բիւջէ է փոխանցուել 1,43 մլրդ դրամ` ինչը նախորդ տարուայ համեմատ 13,6%-ով աւելի է, իսկ միջին աշխատավարձը այստեղ կազմում է 268,6 հազար դրամ: Արմէնալ-ում գտնուելու ընթացքում Տիգրան Սարգսեանը խորհրդակցութիւն է անցկացրել էկոնոմիկայի նախարար Տիգրան Դաւթեանի, ՌՈՒՍԱԼ ընկերութեան փաթեթաւորման բիզնեսի տնօրէն Սերգեյ Գորեաչեւի, Հայաստանի արտադրողների եւ գործարարների (գործատուների) միութեան նախագահ Արսէն Ղազարեանի եւ Հայաստանի մետաղագործական ձեռնարկութիւնների ղեկավարների հետ: Խորհրդակցութեան ժամանակ քննարկուել են հարցեր` կապուած մետաղագործական բնագաւառի խնդիրների եւ հեռանկարների, ազատ առեւտրի գօտու հարցի շուրջ Հայաստանի եւ Եւրամիութեան միջեւ սկսուած բանակցութիւնների, որոնց արդիւնքում հայրենական արտադրանքը ԵՄ շուկայ դուրս գալու դէպքում ազատուած կը լինի մաքսային տուրքից: “Մենք ունենք բոլոր հիմքերը յուսալու, որ Հայաստանի համար այդ կարեւոր համաձայնագրի ստորագրումով Արմէնալ-ի արտադրանքը մրցունակ կը դառնայ այդ խոշոր շուկայում”,- յայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը:
  -   Տնտեսութիւն