Հեղինէ Բիշարեան. «Հնարաւորինս զերծ ենք մնալու գործարար մարդկանցից»


Հեղինէ Բիշարեան. «Հնարաւորինս զերծ ենք մնալու գործարար մարդկանցից»

  • 02-03-2012 16:34:28   | Հայաստան  |  Քաղաքական

«Օրինաց Երկիր» կուսակցութեան համամասնական ցուցակում կը լինեն լաւ վարքագիծ ունեցող, աշխատող, ինտելեկտուալ մարդիկ, որոնք լծուելու են օրէնսդրական գործունէութեան: Այս մասին մարտի 2-ի ճեպազրոյցում յայտարարեց Ազգային ժողովի «Օրինաց Երկիր»խմբակցութեան ղեկավար, կուսակցութեան փոխնախագահ Հեղինէ Բիշարեանը: «Հնարաւորինս զերծ ենք մնալու գործարար մարդկանցից»,-ընդգծեց նա: Նայ յայտնեց նաեւ, որ, ինչպէս եւ բոլոր միւս կուսակցութիւններում, ՕԵԿ-ում եւս կայ նախնական ձեւաւորուած համամասնական ցուցակ, բայց դրա մասին խօսելու համար, կարծում է, «ժամանակը չէ»: Հարցին, թէ հնարաւոր է, որ ցուցակը հաստատուի կուսակցութեան մարտի 3-ին կայանալիք համագումարում, Հ.Բիշարեանն ասաց. «Չեմ կարծում, որ համագումարին պէտք է ցուցակ կ'արդանք»: Ըստ նրա, համամասնական ցուցակը կը հրապարակուի Ընտրական օրէնսգրքով սահմանուած ժամկէտներում: «Ես կարծում եմ, բոլորդ էլ գոհ կը մնաք, քննադատելու քիչ բան կը լինի, համարեա թէ` չի լինի»,-վստահեցրեց Հ.Բիշարեանը: Յիշեցնենք, որ Աժ-ի մայիսի 6-ին կայանալիք ընտրութիւնների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացոյցի համաձայն, համամասնական ընտրակարգով պատգամաւորի թեկնածուների գրանցման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական յանձնաժողով են ներկայացուելու մարտի 12-ից մինչեւ մարտի 22-ը:
  -   Քաղաքական