"Պետութիւնը կը լինի ձեր կողքին"` զինծառայողներին վստահեցրել է ՀՀ վարչապետը


"Պետութիւնը կը լինի ձեր կողքին"` զինծառայողներին վստահեցրել է ՀՀ վարչապետը

  • 05-03-2012 18:36:13   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանի ուղեկցութեամբ այցելել է Երեւանի զօրամասերից մէկը եւ զինծառայողներին ներկայացրել զինուած ուժերում իրականացուող կրթական ծրագիրը: Այս մասին "Նոյեան Տապան"-ին տեղեկացրեցին ՀՀ կառավարութիւնից: Ծրագրի նպատակը զօրացրուող զինծառայողների մասնագիտական հմտութիւնների եւ առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու նրանց նախապատրաստումն է` ՀՀ բուհեր, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատութիւններ ընդունուելու համար: «Մենք պէտք է օգնենք ձեզ զինծառայութեան ընթացքում կողմնորոշուել կրթութեան եւ մասնագիտացման հարցում: Մինչ զօրացրուելը պէտք է կարողանանք ձեզ հետ միասին յստակեցնել, թէ ինչով էք ցանկանում զբաղուել բանակից յետոյ: Պետութիւնը կանգնելու է այն զինծառայողների կողքին, ովքեր ցանկանում են գիտելիքներ ստանալ` ուսումը բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում շարունակելու համար»,- ասել է վարչապետը: ԲՈՒՀ ընդունուելու կրթական նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով զինծառայողներին են կցուելու Հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ 6 այլ բուհերի 172 ասպիրանտներ, մագիստրոսներ եւ երիտասարդ դասախօսներ: «Մեր նպատակն է, որպէսզի իր զաւակին բանակ ուղարկող ցանկացած ընտանիք վստահ լինի, որ պետութիւնը ոչ միայն զինծառայութեան նորմալ պայմանների ստեղծման, այլեւ նրանց երեխաների կրթական կարիքների բաւարարման պարտաւորութիւն է ստանձնում: Եթէ դուք ցանկանում էք յստակ աշխատանք, եւ դրա համար անհրաժեշտ է լինելու կարճաժամկէտ վերապատրաստման դասընթացնէր, ապա պետութիւնը կրկին կը լինի ձեր կողքին եւ կ'օգնի նաեւ այդ հարցում»,- նշել է Տիգրան Սարգսեանը: Կրթական ծրագիրն առայժմ կրում է պիլոտային բնոյթ եւ դեռեւս կ'իրականացուի հանրապետութեան երկու զօրամասերում:
  -   Հասարակութիւն