Օլիւյէ Դեկամպը ներկայացրել է Հայաստանում ՎԶԵԲ ռազմավարութիւնը եւ գերակայ ուղղութիւնները
07-03-2012 22:09:43 | Հայաստան | Տնտեսութիւն
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանն մարտի 7-ին ընդունել է Վերակառուցման եւ Զարգացման Եւրոպական Բանկի (ՎԶԵԲ) Հարաւ-արեւելեան Եւրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի եւ Կովկասեան երկրների գլխաւոր տնօրէն Օլիւյէ Դեկամպի գլխաւորած պատուիրակութեանը:
ԿԲ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ գործունէութիւնը, նշելով, որ Հայաստանում իր գործունէութեան առաջին օրից այն մեծ դեր է ունեցել մեր երկրի տնտեսութեան կայուն զարգացման խթանման գործում` ներդրումներ իրականացնելով տնտեսութեան իրական հատուածում` գիւղատնտեսութիւն, էներգետիկայ, տրանսպորտ, մունիցիպալ եւ բնապահպանական ենթակառուցուածքներ, հեռահաղորդակցութիւն, եւ ֆինանսական ոլորտում:
Ինչպէս “ՆՏ”-ին յայտնեցին ԿԲ հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից, Օ. Դեկամպը շնորհակալութիւն է յայտնել ընդունելութեան, ինչպէս նաեւ Հայաստանի եւ ՎԶԵԲ միջեւ վերջին տարիներում ծաւալուած համագործակցութեան համար: Նա բարձր է գնահատել ֆինանսական հատուածում վերջին տարիներին արձանագրուած առաջընթացը եւ ողջունել ԿԲ ջանքերը` ուղղուած ֆինանսական հատուածի զարգացմանն ու ֆինանսական կայունութեան ապահովմանը: Նա նշել է, որ Հայաստանի գործարար միջավայրը եւ ֆինանսական համակարգի զարգացուածութեան աստիճանը գրաւիչ հիմք էն ստեղծում ներկայիս համագործակցութեան յետագայ խորացման համար: Օլիւյէ Դեկամպը ներկայացրել է Հայաստանում ՎԶԵԲ ռազմավարութիւնը եւ գերակայ ուղղութիւնները:
ԿԲ նախագահը յոյս է յայտնել, որ ՎԶԵԲ-ը կը շարունակի Հայաստանն ընդգրկել իր տարածաշրջանային ռազմավարական ծրագրերում, եւ ասել, որ Հայաստանի կենտրոնական բանկը պատրաստակամ է շարունակել երկկողմ համագործակցութիւնը նոյն կառուցողական ոճով: