Ջավախքի հայկական համայնքի խնդիրները ներկայացուեցին Եւրախորհրդարանի անդամներին


Ջավախքի հայկական համայնքի խնդիրները ներկայացուեցին Եւրախորհրդարանի անդամներին

  • 07-03-2012 22:13:47   |   |  Քաղաքական

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի համակարգող, Ա-ինֆոյ լրատուական գործակալութեան տնօրէն Արտակ Գաբրիէլեանը գտնւում է Բրիւսէլում, ուր Ա-ինֆո-ի փոխանցմամբ, հանդիպումներ է ունենում Եւրախորհրդարանի անդամների եւ Եւրամիութեան այլ կառոյցների ներկայացուցիչների հետ: Սամցխե-ջավախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի համակարգողի Բրիւսէլ այցելութեանը աջակցում է Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի Բրիւսէլի գրասենեակը: Մարտի 6-ին, Եւրախորհրդարանում, Ա. Գաբրիէլեանը առանձին հանդիպումներ է ունեցել Եւրախորհրդարանի փոխնախագահ Էորղոս Փափասթամքոս (Եւրախորհրդարանի Հարաւային Կովկասի պատուիրակութեան անդամ), Թրայեան Ունկուրեանուի (Եւրոխորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնախմբիանդամ եւ Սեւծովեան հարցերի զեկուցաբեր, Եւրոնեստի փոխ նախագահ) եւ Անդրեյ Քովաչեւի հետ (Եւրախորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնախմբի փոխնախագահ): Մարտի 7-ին Ա. Գաբրիէլեանը առանձին հանդիպումներ է ունեցել Եւրախորհրդարանի անդամներ Չարլզ Թանոկի (անդամ` արտաքին յարաբերութիւնների եւ մարդու իրաւունքների յանձնախմբերի) եւ Յիրի Մաշթալքաի (Եւրախորհրդարանի բիւրոյի անդամ, Եւրոնեստի անդամ) հետ: Հանդիպումների ժամանակ Արտակ Գաբրիէլեանին ընկերակցել էն Հայ Դատի Բրիւսէլի գրասենեակի պատասխանատու Գասպար Կարապետեանն ու Պետոյ Դէմիրճեանը` գրասենեակի աշխատակազմից: Իր բոլոր հանդիպումների ժամանակ Արտակ Գաբրիէլեանը ներկայացրել է Սամցխե-ջավախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի յուշագիրը, որտեղ ներկայացուած էն երկրամասի հայութեան խնդիրներն ու դրանք լուծելու ճանապարհները, ինչպէս նաաեւ Ջավախքի հայութեան պահանջները. ա) Վերջ տալ երկրամասի ժողովրդագրական պատկերը փոխելու ճիգերին. բ) Տեղական եւ պետական կառավարման կառոյցներում բարելաւել հայերի ներկայացուածութիւնը. գ) Սոցիալական եւ տնտեսական զարգացման ծրագրեր երկրամասում, նրա մակարդակը այդ բնագաւառներում հաւասարեցնելու համար երկրի մնացեալ շրջանների վիճակին. դ) Ազգաբնակչութեան հայ մեծամասնութիւն ունեցող վարչական շրջաններիկառավարման մարմիններում հայոց լեզուի օգտագործման իրաւունք. է) Վրաստանի կազմում ինքնավար տարածքային միաւորի կարգավիճակի տրամադրում Սամցխե-ջավախքին եւ յարակից Ծալկա շրջանին: "Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի համակարգողն իր զրուցակիցներին է ներկայացրել այս հարցերը եւ շեշտել, թէ ինքը այժմ Բրիւսէլում է, քանի որ Վրաստանի կենտրոնական իշխանութիւնները չէն պատասխանում իրենց հարցերին, ընթացք չէն տալիս հանդիպումներ ունենալու իրենց դիմումներին, եւ որովհետեւ Խորհուրդը ցանկանում է, որ Եւրամիութիւնը, եւ ընդհանրապէս Եւրոպան աջակցեն իրենց բարեկամ Վրաստանին` ճիշտ ձեւով լուծելու Ջավախքի խնդիրները",- ասուած է Ա-ինֆո-ի տարածած հաղորդագրութեան մէջ:
  -   Քաղաքական