Դեսպան Սեյրանեանը հանդիպեց Չեխիայի Հանրապետութեան առողջապահութեան նախարար Լէոշ Լեգերի հետ


Դեսպան Սեյրանեանը հանդիպեց Չեխիայի Հանրապետութեան առողջապահութեան նախարար Լէոշ Լեգերի հետ

  • 13-03-2012 12:45:40   |   |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 12-ին Չեխիայի Հանրապետութիւնում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանեանը հանդիպում ունեցաւ Չեխիայի Հանրապետութեան առողջապահութեան նախարար պրոֆէսոր Լէոշ Լեգերի (Leoš Heger) հետ: Չեխ պաշտօնեան համոզմունք յայտնեց, որ ՉՀ-ում ՀՀ դեսպանութեան եւ Հայաստանում Չեխիայի դեսպանութեան մօտալուտ բացումը կարեւոր խթան կը հանդիսանայ երկկողմ բարեկամական յարաբերութիւնների զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկուեց առողջապահութեան ոլորտում հայ-չեխական համագործակցութեան զարգացմանն առնչուող հարցերի լայն շրջանակ, մասնաւորապէս` բժշկագիտութեան տարբեր բնագաւառների մասնագէտների համար փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպման, առողջապահութեան կազմակերպման եւ կառավարման, բժշկական ապահովագրութեան համակարգի ներդրման ոլորտներում: Հայաստանի դեսպանը կարեւորեց վարակիչ հիւանդութիւնների վերաբերեալ պարբերական, իսկ արտակարգ իրավիճակների ժամանակ` տեղեկատուութեան օպերատիւ փոխանակումը համագործակցաբար կանխարգելիչ եւ հակահամաճարակային անյապաղ միջոցառումներ կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով: Իր հերթին պրոֆէսոր Լեգերը ներկայացրեց Չեխիայի առողջապահութեան համակարգի հետ համայնավարական զարգացման դժուարին ուղին` նշելով, որ դրա մակարդակն այժմ մօտեցել է Եւրոպայում լաւագոյնը համարուող գերմանական, ֆրանսիական եւ շուեյցարական համակարգերին: Առաւել զարգացած ուղղութիւններից են սրտաբանութիւնը, վնասուածքաբանութիւնը եւ ուռուցքաբանութիւնը: Չեխիայում ստեղծուել է առողջապահական ապահովագրութեան առաջատար համակարգ: Զրուցակիցների համոզմամբ փորձի փոխանակումը փոխադարձ օգտակար եւ շահաւէտ կը լինի կողմերի համար: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակուեցին առողջապահութեան միջազգային կազմակերպութիւնում հայ-չեխական համագործակցութեան զարգացման անհրաժեշտութեան վերաբերեալ:
  -   Մամլո հաղորդագրություն