Սամուէլ Նիկոյեան. Պատգամաւորի հետկանչի մեխանիզմ ներդնելը կարող է քաղաքական հայեացքների համար հետապնդելու գործիք դառնալ


Սամուէլ Նիկոյեան. Պատգամաւորի հետկանչի մեխանիզմ ներդնելը կարող է քաղաքական հայեացքների համար հետապնդելու գործիք դառնալ

  • 14-03-2012 18:47:14   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամուէլ Նիկոյեանը անթոյլատրելի է համարել հակաքարոզչութեան եւ ինքնաոչնչացման դրսեւորումները, եւ օգտակար` առողջ քննադատութիւնը: Այս մասին Հայաստանի օրէնսդիր մարմնի ղեկավարը մարտի 14-ին զրուցել է Աժ-ում իրենց ուսումնական պրակտիկան անցկացնող Երեւանի պետական համալսարանի, Գիտութիւնների ազգային ակադեմիայի, Երեւանի «Գլաձոր» համալսարանի ուսանողների հետ: Ըստ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, որպէս նման դրսեւորումների թիրախ դարձած ոլորտներ խորհրդարանի ղեկավարը նշել է Հայոց բանակը եւ Հայ Առաքելական եկեղեցին. առաջին դէպքում փորձ է արւում խարխլել ազգային անվտանգութեան հիմնական սիւնը եւ երկրորդ դէպքում` ինքնապահպանման եւ արժեհամակարգի կարեւոր հիմքը: Աժ նախագահը մտահոգիչ եւ պետութեան համար վտանգաւոր է համարել, երբ քննադատում են ամէն ինչ` տեղ չթողնելով հաւատին: «Դուք երիտասարդ էք, նոր էք կեանք մտնում: Ապրէք հպարտութեամբ, որ հայ էք, հին գենի կրողներն ու քաղաքակրթութիւն ստեղծող ժողովրդի զաւակները»,- յորդորել է նա երիտասարդներին: Ներկայացնելով օրէնսդիր մարմնի գործունէութիւնը` ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանը լիովին իրականացնում է Սահմանադրութեամբ նախանշուած լիազօրութիւններն ու պարտականութիւնները, նաեւ` պահպանում իշխանութեան երեք թեւերի միջեւ հաւասարակշռումների եւ հակակշռումների մեխանիզմները: ԱԺ նախագահի հետ զրոյցում ուսանողներն անդրադարձել են քաղաքական, հասարակական, տնտեսական տարբեր հարցերի: Ի պատասխան ուսանողների հարցերի, Ս. Նիկոյեանը մեծամասնական-համամասնական ընտրակարգերի խնդրի մասին նշել է, որ գործող յարաբերակցութիւնն ամենաարդիւնաւէտն է: Երիտասարդական խորհրդարանի ստեղծման նպատակները ներկայացնելով` ԱԺ նախագահն այն բնորոշել է որպէս երիտասարդ գործիչներ պատրաստելու լաւ դպրոց, օգտակար համարել երիտասարդների խորհրդատուական ձայնը որոշումներ կայացնելիս: Խորհրդարանի ղեկավարին հարց է ուղղուել նաեւ պատգամաւորի հետկանչի մեխանիզմներ ներդնելու նպատակայարմարութեան մասին: Ըստ Ս.Նիկոյեանի, պէտք է ձեռնպահ մնալ նման մեխանիզմներից, քանի որ դրանք կարող են իշխանութիւնների ձեռքում քաղաքական հայեացքների համար հետապնդելու գործիք դառնալ: Նոյն այս տրամաբանութեամբ է Սահմանադրութեամբ երաշխաւորուել նաեւ պատգամաւորների անձեռնմխելիութիւնը: ԱԺ նախագահը հանդիպման վերջում երկուստէք ուսանելի է համարել այս ձեւաչափով հանդիպումները, նշելով, որ իւրաքանչիւր հարցադրման մէջ տեսնում է վաղը փոխարինելու եկող նոր սերնդի տեսակէտը:
  -   Հասարակութիւն