Ամփոփուել են Երեւանի վարչական շրջանների փետրուար ամսուայ հաշուետուութիւնների արդիւնքները


Ամփոփուել են Երեւանի վարչական շրջանների փետրուար ամսուայ հաշուետուութիւնների արդիւնքները

  • 15-03-2012 14:58:33   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի հրաւիրած հերթական աշխատանքային խորհրդակցութեան ընթացքում ամփոփուել են մայրաքաղաքի վարչական շրջանների փետրուար ամսին ըստ ոլորտների կատարած աշխատանքների գնահատման եւ վերլուծութեան արդիւնքները: գործառոյթների իրականացման բոլոր ոլորտների ցուցանիշների հանրագումարով վարկանիշային առաջին 3 տեղերը, ըստ հերթականութեան, զբաղեցրել են Աւան, Դաւթաշեն եւ Էրեբունի վարչական շրջանները: Գնահատման վարկանիշային աղիւսակում ցածր ցուցանիշներ են արձանագրել Աջափնեակ, Կենտրոն եւ Նուբարաշեն վարչական շրջանները: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակաւոր պաշտօնակատար Սերգեյ Մակարեանը տեղեկացրել է, որ վարչական շրջաններում սեփական եկամուտների հաւաքագրման, ինչպէս նաեւ սպորտի եւ մշակութային միջոցառումների անցկացման մասով գնահատման նոր մօտեցումներ են կիրառուել, որոնք աւելի արդիւնաւէտ կը դարձնեն գործընթացը: Ըստ այդմ, յատկապէս սպորտային եւ մշակութային միջոցառումների անցկացման հետ կապուած վեց վարչական շրջաններում արձանագրուել են թերացումներ: Քաղաքապետ Տարօն Մարգարեանը համապատասխան վարչական շրջանների ղեկավարներին յանձնարարել է տեղերում ուսումնասիրել թերացումների պատճառներն ու քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղութեամբ: Զեկուցուել է նաեւ, որ առաւելագոյն ցուցանիշներ վարչական շրջանները փետրուար ամսին ապահովել են դիմում-բողոքների արձանագրման ու փաստաթղթաշրջանառութեան իրականացման ոլորտներում: Սեփական եկամուտների հաւաքագրման հետ կապուած որոշակի թերացումներ արձանագրած չորս վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը յանձնարարել է սեղմ ժամկէտում ճշգրտել բազաներն ու ամենօրեայ հսկողութեան տակ պահել կատարուող աշխատանքների ընթացքը: Միաժամանակ, Տարօն Մարգարեանն ընդգծել է, որ պատկերը առաւել յստակ դարձնելու համար, այսուհետ աղբահանութեան հաւաքագրման ցուցանիշը կ'առանձնացուի սեփական եկամուտների հաւաքագրման ցուցանիշից: Քաղաքապետը յանձնարարել է նաեւ աւելի հետեւողական լինել ապօրինի շինարարութեան եւ հողօգտագործման դէպքերը կանխելու, բարեկարգման եւ կանաչապատման, աղբահանութեան եւ սան.մաքրման աշխատանքները աւելի բարեխիղճ կազմակերպելու հարցերում: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից տեղեկացնում են, որ անդրադառնալով վարչական շրջանների կատարած աշխատանքների ամենամսեայ գնահատման եւ վերլուծութեան սկզբունքին, քաղաքապետը մէկ անգամ եւս շեշտել է, որ այս մօտեցման հիմնական նպատակը տեղերում աշխատանքների արդիւնաւէտութեան հետեւողական բարձրացումն ու թերացումների շտկումն է: Ըստ այդմ, Տարօն Մարգարեանը յանձնարարել է տեղերում վերլուծել գրանցուած արդիւնքներն ու յստակ քայլեր ձեռնարկել թերացումները շտկելու ուղղութեամբ:
  -   Տնտեսութիւն