Մաքրման աշխատանքները կ'աւարտուեն մինչեւ ապրիլի վերջը
19-03-2012 14:40:37 | Հայաստան | Տնտեսութիւն
«Երեւան Ջուր» ՓԲԸ աշխատակիցները մարտի առաջին օրերից ձեռնամուխ են եղել մայրաքաղաքի անձրեւատար համակարգի մաքրմանը:
Նշենք, որ ամէն տարի երկու անգամ պարտադիր` գարնանը եւ աշնանը, իսկ առաւել «խոցելի» վայրերում` աւելի յաճախակի, ընկերութեան «արեւելք»եւ «արեւմուտք» շահագործման տնօրինութիւնների բոլոր տարածքային տեղամասերի աշխատակիցները մաքրում են (նաեւ բարձր ճնշման օդ փչող յատուկ մեքենաների օգնութեամբ) կուտակուած աղբից ինչպէս փողոցների անձրեւընդունիչների դիտահորերը, այնպէս էլ` խողովակաշարերը: Դրա շնորհիւ հնարաւոր է դառնում ապահովել ձեան հալոցքից ու անձրեւներից առաջացող ջրերի անխափան հեռացումը եւ այդ միջոցով խուսափել ջրերի կուտակումներից փողոցներում:
Միաժամանակ, նորոգւում են վնասուած անձրեւընդունիչների թուջէ ցանցերը ինչպէս նաեւ տեղադրւում նորերը: Ցաւօք, վերջին հանգամանքը բացատրւում է ոչ միայն ծանրաբեռնուած տրանսպորտային միջոցների երթեւեկի պատճառով նշուած ցանցերի կոտրուելու փաստով, այլ նաեւ դրանց շարունակուող գողութեամբ: Այս կապակցութեամբ ընկերութիւնը յարկ է համարում յիշեցնել, որ նման արարքները քրէօրէն պատժելի են: Մասնաւորապէս, 2011թ. ոստիկանութեան կողմից բացայայտուել են անձրեւընդունիչների ցանցերի եւ դիտահորերի կափարիչների առեւանգման մի քանի դէպքեր, իսկ մեղաւոր անձինք պատժուել են: Օրինակ` 159 ցանցերի եւ կափարիչների գողութեան փաստով Արաբկիր եւ Քանաքեռ-զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանի կողմից Արմէն Մարտիրոսեանը, Վահան Աւագեանը եւ Անոյշաւան Գալստեանը դատապարտուել են 3,2-3,4 տարուայ ազատազրկման, 5մլն. 151 հազար դրամի բռնագանձմամբ` պատճառուած վնասի դիմաց:Անձրեւատար համակարգի մաքրման աշխատանքները նախատեսւում է աւարտել մինչեւ ապրիլի վերջը: