Մեղադրողը միջնորդել է Յովհաննէս Թամամեանին դատապարտել 4 տարուայ ազատազրկման
20-03-2012 15:32:14 | Հայաստան | Հասարակութիւն
Երեւանի Կենտրոն եւ Նորք-մարաշ վարչական շրջանների առաջին ատեանի դատարանի մարտի 20-ի նիստում մեղադրող Յարութիւն Յարութիւնեանը միջնորդել է ՀՀ ոստիկանութեան քրէական հետախուզութեան գլխաւոր վարչութեան նախկին պետ Յովհաննէս Թամամեանին դատապարտել 4 տարուայ ազատազրկման: Նա մեղադրւում է քրէական օրէնսգրքի 308 յօդուածի 1-ին եւ 2-րդ մասերով (Պաշտօնէական լիազօրութիւնները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):
Մեղադրողը միջնորդել է գործով միւս երկու ամբաստանեալներին` Արմէն Պօղոսեանին եւ Վահան Խանզադեանին, դատապարտել երկուսուկէսական տարուայ պայմանական ազատազրկման:
Յիշեցնենք, որ նախորդ դատական նիստում Յովհաննէս Թամամեանը յայտարարել էր, որ ընդունում է մեղադրանքը եւ խնդրել էր անցկացնել արագացուած դատաքննութիւն, որը բաւարարուել էր:
Գործով յաջորդ նիստը տեղի կունենա մարտի 23-ին: