Քննարկուել է Երեւանի կանաչապատման ընթացիկ եւ նախատեսուած աշխատանքների հարցը


Քննարկուել է Երեւանի կանաչապատման ընթացիկ եւ նախատեսուած աշխատանքների հարցը

  • 20-03-2012 18:44:24   | Հայաստան  |  Հասարակութիւն

Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկութիւնների տնօրէնների հետ հրաւիրած աշխատանքային խորհրդակցութեան ժամանակ քննարկել է մայրաքաղաքի կանաչապատման ընթացիկ եւ նախատեսուած աշխատանքներն ու առանձնացրել այն հիմնական ուղղութիւնները: Այստեղ, ըստ Երեւանի իշխանութիւնների, անելիքները դեռ շատ են: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, քաղաքապետը նշել է, որ «Կանաչ Երեւան» կարգախօսին համապատասխան քաղաք ունենալու համար պէտք է եռապատկել կանաչապատ տարածքների խնամքը եւ հնարաւորին աւելացնել դրանք: «Մեր բոլորի նպատակն է Երեւանը տեսնել կանաչ ու գեղեցիկ: Նպատակային օգտագործելով ֆինանսական միջոցները եւ կիրառելով նոր մօտեցումներ` պէտք է ամենօրեայ հետեւողական աշխատանք տանենք եւ մեր հոգատարութեան շնորհիւ ապահովենք ցանկալի արդիւնք: Ինչ խօսք, մի քանի ամսում ամբողջովին կանաչ քաղաք ունենալը իրատեսական չէ, սակայն հէնց այսօրուանից պէտք է կենտրոնացնենք բոլոր ուժերը եւ սկսենք այդ նպատակին ուղղուած մեր աշխատանքները»,- նշել է Տարօն Մարգարեանն ու ընդգծել, որ աշխատանքի որակը կախուած է նաեւ իւրաքանչիւր աշխատակցի սրտացաւ վերաբերմունքից: Քաղաքապետը նաեւ նշել է, որ մայրաքաղաքի զբօսայգիների, պուրակների եւ կենտրոնական փողոցների կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքներին զուգահեռ պէտք է աշխատանքներ տարուեն նաեւ բակային տարածքներում ու այն հատուածներում, որտեղ հնարաւոր է ունենալ բարեկարգ եւ կանաչապատ գօտի: Հաշուի առնելով վերջին երկու տարիների ընթացքում մայրաքաղաքի ոռոգման ցանցի արդիականացման ուղղութեամբ կատարուած ու շարունակուող աշխատանքները, Տարօն Մարգարեանը հաւաստիացրել է, որ առաջիկայում ամբողջութեամբ կը լուծուի ոռոգման ջրի խնդիրը, յաւելելով, որ մասնաւորապէս այս տարի նախատեսուած է 16 կմ ջրագծի անցկացում: Կը կրկնապատկուի ծաղկային ձեւաւորումների եւ սիզամարգերի թիւը, կը համալրուի նաեւ մշտադալար ծառերի քանակը: Քաղաքապետը յանձնարարել է խիստ հետեւողական աշխատանք տանել ապօրինի ծառահատումների կանխման ուղղութեամբ, այդ թւում նաեւ ծառերի ապօրինի կտրման հնարաւոր դէպքերի բացայայտման ու բացառման նպատակով գիշերային ժամերին տարածքները վերահսկելով: «Պէտք է բացառել ցանկացած ծառահատում: Ասել եմ ու մէկ անգամ էլ կը կրկնեմ, որ կանաչ տարածքների հաշուին որեւէ կառուցապատում մայրաքաղաքում չի թոյլատրուելու»,- նշել է քաղաքապետը: Կանաչապատման ձեռնարկութիւնների տնօրէններն իրենց հերթին խոստացել են անել ամէն ինչ, որպէսզի առաջիկայում մայրաքաղաքում վերականգնուեն երբեմնի կանաչ տարածքները, աւելացուեն ծառերի ու ծաղիկների քանակը: Տարօն Մարգարեանը յանձնարարել է նաեւ, անհրաժեշտութեան դէպքում, աւելացնել աշխատուժը եւ խրախուսել աշխատակիցներին:
  -   Հասարակութիւն