Զարուհի Փոստանջեան. Չար էք, նենգ էք, անարդարացի էք
20-03-2012 19:16:30 | Հայաստան | Քաղաքական
Հայաստանի քսանամեայ անկախութեան վերջին 5 տարիների ընթացքում այս խորհրդարանի կողմից ընդունուած փաստաթղթերը ոչ միայն արձանագրեցին հայ ժողովրդի եւ հայ մարդու հետ խորհրդարանական մեծամասնութեան անհաղորդ լինելը, այլ նաեւ փաստեցին չար, նենգ եւ անարդարացի լինելու մասին: Մարտի 20-ին Ազգային ժողովի պատգամաւորների յայտարարութիւնների ժամին յայտարարեց ՀՀ ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամ Զարուհի Փոստանջեանը:
Ըստ նրա, հինգ տարիների ընթացքում «Փորձ կատարուեց հայ մանուկից օտարել մայրենի լեզուով ուսուցում ստանալու իրաւունքը` արմատաւորելով օտարալեզու դպրոցները, փորձ կատարուեց ցեղասպան Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդ Թուրքիայի Հանրապետութեան ձեռամբ օրինականացնել յանցագործութեան պտուղները, որով պէտք է ճանաչուէր Թուրքիայի հետ ներկայիս գործող քեմալաբոլշեւիկեան սահմանը:
Թուրքական արձանագրութիւններ, որոնք, մինչ օրս գտնուելով ԱԺ մեծ օրակարգում, տրորում են հայ մարդու արժանապատուութիւնը:
Այս խորհրդարանը մերժեց մեր քսանամեայ երկրորդ հայկական պետութեան` Արցախի Հանրապետութեան ճանաչումը` հաւանութիւն տալով Մադրիդեան սկզբունքներին, որով նախատեսւում է սրբազան հայրենիքի հողերի օտարում:
Այս խորհրդարանը բաւարարեց պաշտօնական դիրքի չարաշահմամբ ներկայացուած անօրինական միջնորդագիրը, որով չորս պատգամաւորներ յանձնուեցին անարդար եւ բիրտ մամլիչ համակարգի ճիրաններին:
Այս խորհրդարանը հաւանութիւն տուեց Հայաստանի Հանրապետութեան նախագահական իշխանութիւնը ներկայացնող ապօրինի հրամանագրին, որով պաշտօնապէս օգտագործուեցին ՀՀ զինուած ուժերը, այս խորհրդարանում յայտարարուեց, որ 2008 թուականի մարտի 1-ի էջը փակուել է, թէեւ որեւէ մէկը դրա համար պատասխանատուութիւն չի կրել, երբ կեանքի իրաւունքի, անձի անձեռնմխելիութեան, խօսքի ազատութեան, հաւաքների ազատութեան նկատմամբ ոտնձգութիւնների իրականացման համար 10 մարդ զոհուեց, բազմաթիւ մարդիկ ստացան մարմնական վնասուածքներ եւ տեւական ժամանակ ապօրինաբար գտնուեցին բանտախցերում:
Չար էք, նենգ էք, անարդարացի էք` այնուամենայնիւ մարդ էք: Ես սիրում եմ մարդկանց: Ես չեմ սիրում նրանց արատները»: