Դիրք ճշտելու ժամանակն է. ու՞մ կողմ քուէարկել եւ ու՞մ` դէմ


Դիրք ճշտելու ժամանակն է. ու՞մ կողմ քուէարկել եւ ու՞մ` դէմ

  • 27-10-2010 11:45:00   | Հայաստան  |  Յօդուածներ
Միացեալ Նահանգների նոյեմբերի 2-ի Կոնգրէսի ընտրութիւնները, հաւանաբար հսկայական ալեկոծումներ կ'առաջացնեն Ամերիկայի քաղաքական դաշտում: Քարոզչական գովազդներն ու քաղաքական մեկնաբանութիւնները ողողել են եթերը, եւ բոլորն անհամբերութեամբ հետեւում են հարցախոյզներին, տեսնելու արդեօք իրենց նախընտրած թեկնածուն կամ կուսակցութիւնը պիտի յաղթի, թէ դուրս շպրտուի:  Բարաք Օբամայի ժողովրդականութիւնը երկու կարճատեւ տարիների ընթացքում կտրուկ անկում է ապրել: Նախագահի վարչակազմի ձախողուած աշխատանքից հիասթափուած, ամերիկեան հասարակութիւնը շրջուել է դեմոկրատ պաշտօնատար անձանցից, որոնցից շատերն այժմ մտահոգուած են Կոնգրէսում իրենց տեղերը կորցնելուց: Թէեւ դժուար է կռահել բոլոր թեկնածուների ընտրութեան արդիւնքները, սակայն քաղաքական մասնագէտներն ակնկալում են, որ հանրապետականները կը վերցնեն Ներկայացուցիչների պալատը, եւ նուազ հնարաւոր է` նաեւ Սենատը: Եթէ այս կանխատեսումներն իրականանան, ապա հաւանաբար ընդհանուր անելանելի իրավիճակ ստեղծուի Վաշինգտօնում մինչեւ յաջորդ նախագահական եւ Կոնգրէսի 2012 թուականի ընտրութիւնները: Իսկ մինչ այդ, Օբամայի վարչակազմի կողմից ձեռնարկուած բոլոր նոր նախաձեռնութիւնները կը սառեցուեն Կոնգրէսում, գրեթէ անհնարին դարձնելով ազգային խնդիրների վերաբերեալ որեւէ կարեւոր օրէնքի ընդունում: Ինչպէ՞ս կը քուէարկեն ամերիկահայերը նման խճճուած իրավիճակում: Նրանց համար, ովքեր հաւատարիմ դեմոկրատներ կամ հանրապետականներ են, հեշտ է ընտրութիւն կատարելը: Նրանք կ'ընտրեն իրենց կուսակցութեան թեկնածուներին, անկախ` հիմնախնդիրների վերաբերեալ նրանց ունեցած դիրքորոշումից: Սակայն, հայկական հարցերով մտահոգուած մարդիկ աւելի բարդ խնդրի առաջ են կանգնած: Նրանք կարող են ասել. քանի որ դեմոկրատները Ցեղասպանութեան բանաձեւի առնչութեամբ իրենց խոստումը չյարգեցին, ուստի նրանց պէտք է պատժել` քուէարկելով հանրապետական թեկնածուների օգտին: Սակայն խնդիրն այն է, որ Կոնգրէսի հանրապետական անդամները, աւանդաբար աւելի քիչ են աջակցել Հայոց ցեղասպանութեան խնդրին, քան դեմոկրատները: Այսպիսով, քուէարկել բոլոր հանրապետականների օգտին` յագուրդ տալով զգացմունքներին, չի նպաստի Հայկական հարցին: Ընդհակառակը, հայերն ընտրած կը լինեն թեկնածուների, որոնք աւելի քիչ աջակից են, քան Կոնգրէսի ներկայիս անդամները, որոնցից շատերը դեմոկրատներ են: Գոյութիւն ունի եւս մէկ տարբերակ. ընդհանրապէս չմասնակցել ընտրութիւններին, քանզի ոչ դեմոկրատները, ոչ էլ հանրապետականները իշխանութեան գլուխ կանգնած ժամանակ հայկական հարցերի վերաբերեալ իրենց խոստումները չեն կատարել: Սակայն սա այնքան էլ լաւ տարբերակ չէ, քանի որ դրանով կը վատնուեն հայ համայնքի տասնամեակներ ի վեր կատարած քաղաքական ներդրումները Ամերիկայի քաղաքացիական կեանքում: Ամերիկահայ ընտրողների քննարկմանը ներկայացուող իմ տարբերակը չի ներառում վերոնշեալ տարբերակներից եւ ոչ մէկը. կուրօրէն մի' քուէարկէք ձեր կուսակցութեան թեկնածուների օգտին եւ մի' հրաժարուէք ընտրութիւններին մասնակցելուց: Լաւագոյն ընտրութիւնը հետեւեալն է. իւրաքանչիւր կուսակցութիւնից քուէարկել այն թեկնածուի օգտին, որն առաւել ակտիւ աջակցութիւն է ցուցաբերել հայկական հարցերի հանդէպ: Նրանք, ովքեր չեն ցանկանայ քուէարկել թեկնածուի հայկական հարցերի դիրքորոշման հիման վրայ, պէտք է յիշեն, որ ընտրողների մեծամասնութիւնն իր ընտրութիւնը կատարում է ելնելով անձնական շահերից: Հրէաները, սեւամորթները, իսպանախօս ամերիկացիները, թուրքերը եւ այլ էթնիկ խմբեր քուէարկում են այն թեկնածուների օգտին, որոնք սատարում են իրենց հարցերին: Բարձր եկամուտ ունեցողները, որպէս կանոն քուէարկում են յօգուտ այն թեկնածուների, որոնք նրանց խոստանում են հարկերի կրճատում, մինչդեռ աղքատ ժողովուրդը, սովորաբար աջակցում է սոցիալական ծառայութիւնների ֆինանսաւորմանը կողմ արտայայտուողներին: Ինչու՞ պէտք է հայերը բացառութիւն կազմեն եւ խուսափեն նեցուկ լինել այն թեկնածուներին, որոնք բարեհաճ են հայկական հարցերի նկատմամբ: Ընտրողներն իրենց ընտրութիւնը կատարում են ելնելով սեփական շահերից: Իսկ յետագայում, ընտրողների հակասական շահերը հաւասարակշռելն արդէն ընտրուած պաշտօնեաների խնդիրն է: Ամերիկահայերը կարող են իրենց աջակիցներին Կոնգրէսում պահել, վերընտրելով Ներկայացուցիչների պալատի 120 դեմոկրատ եւ 36 հանրապետական անդամների, եւ Սենատի 12 դեմոկրատ, երկու հանրապետական եւ մէկ անկախ անդամի, որոնք բարձր գնահատականի են արժանացել Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի կողմից: Միաժամանակ, ամերիկահայերը կարող են Կոնգրէսում կրճատել իրենց հակառակորդների թիւը` սատարելով այն թեկնածուներին, որոնք պայքարում են Ներկայացուցիչների պալատի 18 դեմոկրատ եւ 22 հանրապետական անդամների դէմ, որոնք Հայ Դատի յանձնախմբի կողմից արժանացել են բացասական գնահատականի: Կոնգրէսի անդամների անհատական տուեալները ճշտելու համար խնդրում ենք նայել Հայ Դատի յանձնախմբի հաշուառման քարտերը հետեւեալ կայքում www.anca.org: Ի վերջոյ, բոլորը պէտք է տեղեակ լինեն, որ նոյեմբերի 2-ի ընտրութիւնների յաջորդ օրն իսկ ոչ պաշտօնապէս մեկնարկում է 2012-ի նախագահական ընտրարշաւը: Այս առումով խիստ մտահոգիչ է, որ անցեալ ուրբաթ նախագահ Օբաման ժամանել էր Լոս Անջելես եւ Գլենդել, եւ ոչ մի հայ հայ բողոքի ձայն չբարձրացրեց նրա ներկայութեամբ: Ինչպէ՞ս կարելի է, որ հայերն անտեսեն այն փաստը, որ Նախագահն իր պաշտօնավարման երկու տարիների ընթացքում չկատարեց Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու իր խոստումը: Ճիշտ այն պահին, երբ Օբաման յուսահատ ճիգերով փորձում էր ընտրողներին համոզել աջակցել դեմոկրատ թեկնածուներին, Հարաւային Կալիֆորնիայի հսկայական հայկական համայնքը ձեռքից բաց թողեց ամերիկեան լրատուամիջոցների առաջ Նախագահին իր դժգոհութիւնն արտայայտելու եզակի հնարաւորութիւնը: Հայերն իրենց բացթողումներով չարագուշակ ուղերձ են յղում բոլոր թեկնածուներին. դուք կարող էք որեւէ բան խոստանալ հայերին, ստանալ նրանց փողերն ու ձայները, իսկ ընտրութիւնից յետոյ կարող էք խախտել ձեր խոստումը` մնալով անպատիժ: Հայերը պէտք է արթնանան իրենց թմբիրից: Եթէ նրանք ցանկանում են, որ ընտրուած պաշտօնեաները իրենց լրջօրէն ընդունեն, ապա պէտք է վարձահատոյց լինեն քաղաքական աջակիցներին եւ պատժեն իրենց հակառակորդներին:   Յարութ Սասունեան ,կալիֆորնիայ կ'ուրիերէ թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ